Այսօր սարսափելի տեսարանի ականատես եղա ու հասկացա, որ անճաշակությունը սահման չունի: Ինձ թվում էր, որ թիվ 78 դպրոցում Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկները զարդարանքի վերածելուն հաջորդած աղմուկից հետո դպրոցների տնօրինությունները պետք է գոնե հասկանային, որ խորհրդանիշը զարդարանքի վերածելը ոչ միայն տգեղ է, այլև անընդունելի: Բայց անճաշակության շքերթը շարունակվում է, հիմա էլ թիվ 145 դպրոցն են «զարդարել» անմոռուկներով:
Չգիտեմ՝ ինչն է պակասում մարդկանց, գիտակցության աստիճա՞նը, թե՞ գեղագիտական ճաշակը, որ հասկանան մի պարզ բան՝ չի կարելի խորհրդանիշը զարմանքի վերածել: Ու չփորձեն այս անգամ էլ արդարանալ, թե «շնորհքով ուսուցիչ ունենք, նա է պատրաստել»: Ո՞ւր են նայում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունն ու մյուս պատկան մարմինները: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ նման անճաշակությունը շրջապատի մեր երեխաներին ու փչացնի տարելիցի խորհուրդը: Ձեր սեփական տները զարդարեք նման անճաշակություններով, իսկ դպրոցը պետական մարմին է, որտեղ գավառական մտածողության նմանօրինակ դրսևորումները չպետք է տեղ ունենան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել