Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որը կրկնությունն է Իլհամ Ալևի ռազմաքաղաքական կլանի այդօրինակ հայտարարությունների,   մեզ համար նորություն չէ: Նման հայտարարություններն առաջին հերթին՝ պետք է մտահոգեն Մինսկի խմբի համանախագահներին ու միջազգային վեհաժողովներին:

Tert.am –ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ եվրաինտերգման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով Եվրանեսթ ԽՎ-ի հարևանության ընդլայնման հարցերով հանձնակատարին Երևանում հարցրել է, թե նրան չի՞ մտահոգում, որ Իլհամ Ալիևը հավակնում է Եվրոպայի դիկտատորի «կոչմանը»:

«Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի ռազմական ու քաղաքական էլիտան հանդես է գալիս անհեթեթագույն հայտարարություններով: Հայտարարություններից վերջինին մենք, իհարկե, համապատասխան արձագանք ու պատասխան կտանք, բայց, կարծում եմ, նման հայտարարություններն առաջին հերթին՝ պիտի հուզեն  Մինսկի խմբի համախանախագահ երկրներին, միջազգային հանրությանը, միջազգային այն վեհաժողովներին, որտեղ Ադրբեջանը ներկայացված է որպես լիիրավ անդամ: Եվ  այս կառույցները  պետք է լրջագույն հետևություններ անեն Ալիևի ու նրա ռազմաքաղաքական կլանի այդօրինակ հայտարարություններից»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է հետևություն անեն, որ   դիպուկահարի  դասընթացների հաճախող 13 –ամյա աղջիկը հայտարարում է, թե  գնում է,  որպեսզի հայեր սպանի: Այսինքն` որ Ադրբեջանում մի ողջ երիտասարդ սերունդ է դաստիարակվում նման հայատյաց մթնոլորտում:

«Եթե սա չի մտահոգում բանակցությունների մանդատ ունեցող Մինսկի խմբին, ապա ինչի՞ մասին է խոսքը, մեզ համար այդօրինակ հայտարարությունները նորություն չեն»,-ասաց  ԱԺ «ԲՀԿ» խմբակցության ղեկավարը՝ ավելացնելով, որ այլապես Ադրբեջանի ղեկավարը շարունակելու է հայտարարել, որ թքած ունի եվրոպական կառույցների, Մինսկի խմբի համանխագահների ու Եվրամիության պաշտոնյաների կարծիքների ու տեսակետների վրա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ «ադրբեջանցի զինվորները պետք է գիշեր-ցերեկ օգտագործեն ցանկացած հնարավորություն` հայ սպանելու համար, և որ հայերը պետք է մշտապես ապրեն վախի մթնոլորտում», ապա իր զինվորների մոտ հոխորտացել էր ազատագրել Ադրբեջանի «պատմական» հողերը` «Էրիվանը», Զանգեզուրը, «Շուշան» և «Խանքենդին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել