Երևան-Սոչի անավարտ չվերթի մասին պատմող «Անավարտ թռիչք» ֆիլմը մարտի 24-ին ցուցադրվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու հանդիսությունների սրահում: Ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը BlogNews.am-ին հայտնեց, որ մոսկովյան պրեմիերային ներկա են եղել մոտ 600 հյուր, այդ թվում՝ դերասաններ Ալեքսանդր Բաբասյանը՝ կնոջ՝ Լիլիթի հետ, Հմայակ Հակոբյանը՝ կնոջ հետ, Սոֆիկ Սարգսյանը և այլք, զոհվածների ռուսաստանաբնակ հարազատները, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները:
Ֆիլմի ստեղծագործական կազմից պրեմիերային ներկա են եղել Ելենան և պրոդյուսերները՝ Կարեն Ղազարյանն ու Արմեն Գրիգորյանը: «Արդեն առաջարկ կա, որ ֆիլմը ցուցադրվի Մոսկվայի կինոթատրոններում և մտնի հիմնական սեանս, ոչ թե 1 կամ 2 ցուցադրություն լինի»,- ասաց Ելենան ու ավելացրեց, որ մայիսի 3-ին՝ ողբերգական թռիչքի 9-րդ տարելիցի օրը, ֆիլմը կցուցադրվի Սոչիում:
«Մոսկվայում «Անավարտ թռիչքը» շատ ջերմ ընդունվեց: Այն դեռ չէր ավարտվել, արդեն բրավոներ հնչեցին: Նույնիսկ տղամարդկանց աչքերում արցունքներ տեսա,- նշեց ռեժիսորն ու խոտովանեց, որ մի փոքր վախենում էր ռուսաստանաբնակների արձագանքից,- կարծում էի՝ նրանք, ապրելով ավելի սառը երկրում, սառը դարձած կլինեն, բայց այդպես չէր»:
Ելենայի խոսքով՝ մարդիկ, ովքեր երկար տարիներ Հայաստանում չէին եղել, չէին հավատում, որ, օրինակ, Սևանի կադրերն այստեղ են արվել: «Զարմացած հարցնում էին՝ Հայաստանն այնպես վերափոխվե՞լ է: Հուսով եմ, որ իրենց մոտ նաև կարոտի ու նոստալգիայի զգացում առաջացրեց»,- ասաց նա:
Ամալյա Հովհաննիսյան