Ինչո՞վ է տարբերվում Հիմնադիր խորհրդարանը (ՀԽ) հայաստանյան ընդդիմադիր այլ ուժերից: Անշուշտ, տարբերությունները բազմաթիվ են՝ սկսած սիմվոլիկայից, հռետորաբանությունից, ավարտված մարտավարությամբ: Մինչդեռ մի էական հանգամանք կա, որը թույլ չի տալիս միևնույն հարթության շրջանակներում դիտարկել ՀԽ-ին այլ քաղաքական ուժերի հետ միասին. ՀԽ-ն քաղաքական կառույց չէ, նրա հայտարարած պայքարի մեթոդները, մարտավարությունը ոչ միայն քաղաքական չեն, այլև անգամ հակապետական են: Սահմանափակ մարդկային և գաղափարական ռեսուրսներ ունեցող այս կառույցը խոսում է մի ամբողջ ժողովրդի անունից, իր ծայրահեղական պայքարի նպատակների առարկայացման համար յուրացնում մի ամբողջ ժողովրդի պատմության ամենաաղետալի էջի սիմվոլիկան, բացահայտ ապօրինությունների, իրավախախտումների դրդում հնարավոր հետևորդներին, որոգայթ լարում անհատների համար, ովքեր, հնարավոր է, չգիտակցելով ՀԽ-ի մարտավարության ողջ խութերը, կարող են դառնալ արկածախնդրության մասնակից, նաև զոհ՝ միայնակ մնալով օրենքի առջև: 
Յուրաքանչյուր իրավական պետության լիիրավության հանգամանքը, նրա մաս կազմող մարմինների գործողությունները պայմանավորված են պետության սահմանադրությամբ, օրենսդրությամբ իրենց լիազորված գործառույթներով և ապահովում են պետության անքակտելի հատկանիշ հանդիսացող բնակչության կյանքի բոլոր բնագավառների բնականոն ընթացքը: Այսպես, ոստիկանական, ազգային անվտանգության ծառայությունների գործառույթների շրջանակներում է նաև երկրի սահմաններում օրինականության և կարգ ու կանոնի պահպանությունը, դատական համակարգինը՝ իրավախախտներին, հանցագործներին պատասխանատվության ենթարկելու իրավասությունը և այլն:
ՀԽ-ն իր հռչակած մարտավարությամբ չի էլ թաքցնում, որ գնալու է ակնհայտ ապօրինության, իրավախախտումների, անգամ հանցագործությունների ճանապարհով: Այս կառույցի՝ «քաղաքացիական անհնազանդության» տարբեր եղանակների մասին կոչերը (ՃՈ տուգանքներ չվճարելու, վարկային պարտավորություններից խուսափելու մասին, իսկ հետագայում կարող են լինել, ասենք, վարորդներին, անգամ հետիոտներին լուսափողի ազդանշաններին չենթարկվելու, խանութներից առանց վճարելու ապրանքներ վերցնելու վերաբերյալ կոչեր և այլն) ոչ այլ ինչ են, քան ուղղակի իրավախախում իրականացնելու հորդորներ: Եվ հիմա, ի՞նչ է ստացվում՝ եթե իրավապահ մարմիններն, իրենց իրավասության շրջանակներում, պատասխանատվության ենթարկեն ոչ միայն իրավախախտին, այլ նաև, ինչը տրամաբանական է՝ նրան նման քայլի դրդողին, մի՞թե դա կարելի է «բռնություն» բնորոշել, բնավ ո՛չ:
Եթե ՀԽ-ն ինքն է ոստիկանությունից պահանջում ապահովել առաջիկայում դեպի Գյումրի իրականացվելիք երթի անվտանգությունն, ապա ի՞նչ է՝ բանկի, վարկային կազմակերպության սեփականատերը մի՞թե նման իրավունք չունի, իսկ դիմումի բավարարման դեպքում մի՞թե իրավապահ մարմնի օրինական գործողությունները կարելի է «բռնություն» բնորոշել, բնավ ո՛չ:
Ակնհայտ է, որ ՀԽ-ն իր զինանոցում դիտարկում է նաև ծայրահեղական գործիքակազմ, որի մասին, բնական է, չի բարձրաձայնում: Մինչդեռ նման միջոցներն, անկախ իրականացնողի նպատակներից, հղի են լրջագույն սպառնալիքներով՝ ուղղված պետության, անգամ ժողովրդի գոյության հիմքերին: 
Այս օրերին լրանում է «սիրիական գարնան» 4-րդ, ավելի վաղ՝ «ուկրաինական ճգնաժամի» առաջին տարին... Ժամանակին այս իրադարձությունները ևս սկսվեցին մի խումբ արկածախնդիրների՝ «անհնազանդության» մասին վերամբարձ կոչերով, որոնց շատ կարճ ժամանակահատվածում միջամտեցին «պղտոր ջրում ձուկ որսացողների» պատրաստված և ավելի մեծաքանակ խմբեր, իսկ հետևանքների մասին ամեն օր դիտում ենք, լսում և ընթերցում յուրաքնչյուրս...
Այն, ինչի մասին դեռևս միայն խոսում է Հիմնադիր խորհրդարանն, առնչվում է յուրաքանչյուրիս անվտանգությանն, անգամ ապագային, որի երաշխավորը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել