Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այնպիսի հայտարարություններ է անում, որ այդ առնչությամբ այլևս պետք է մեկնաբանություններ տան միջազգային կառույցները, մարդու իրավունքների դատարանները, մասնագիտացված այլ կառույցները` ներառյալ ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ «ադրբեջանցի զինվորները պետք է գիշեր-ցերեկ օգտագործեն ցանկացած հնարավորություն՝ հայ սպանելու համար և որ հայերը պետք է մշտապես ապրեն վախի մթնոլորտում»:

«Ու ոչ միայն, առողջապահական հիմնարկները ևս, որովհետև նման հայտարարություն կարող է անել միայն աննորմալը, կամ, իրոք, ֆաշիստական գաղափարներով տառապող մարդը: Բայց ֆաշիզմը նույնպես աննորմալություն է: Այնպես որ, և՛ բժշկական, և՛ քաղաքական, և՛ բարոյական խնդիր է, որով արդեն պետք է զբաղվի միջազգային հանրությունը: Այդպիսի մարդիկ պետք է ընդգրկվեն համապատասխան ցուցակներում և նրանց հանդեպ պետք է կիրառվեն որոնողական աշխատանքներ, նրանք պետք է դատվեն որպես հանցագործներ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե նման բան ասում է երկրի պաշտպանության նախարարը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ մթնոլորտ է տիրում Ադրբեջանում:

«Ուրեմն՝ նման կարծիք ունի Նախագահը, ուրեմն՝ նման կարծիք ունի իր տեղակալը, իրենց ողջ վերնախավը, ժողովուրդն էլ՝ մոլորեցված»,-ավելացրեց Ստեփանակերտի մամուլի խոսնակը:


Դավիթ Բաբայանը, ըստ երևույթին նկատի ունենալով միջազգային հանրությանը, նկատեց, որ եթե «ինչ-որ մեկը իլյուզիաներ ունի», որ լռելով կամ նրան ինչ-ինչ զիջումներ անելով՝ հրեշը կբավարարվի, չարաչար սխալվում է:

«Նրանց նպատակը ողջ հայությանը ոչնչացնելն է, հիմա մենք խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին, որ Թուրքիան չի ճանաչում և այլն: Այստեղ ունենք մի հարևան, որը ոչ միայն չի ճանաչում, այլ ասում է՝ կրկնելու եմ»,- նկատեց Ստեփանակերտի խոսնակը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր զինվորների մոտ սպառնացել էր նաև ազատագրել Ադրբեջանի «պատմական» հողերը՝ «Էրիվանը», Զանգեզուրը, «Շուշան» և «Խանքենդին»:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց այս ամենի պատմական-գիտական առումով անհեթեթությունը: «Ադրբեջանն ինքը ստեղծվել է արհեստականորեն՝ այլ պետությունների և ուժերի կողմից` 1918 թվականին: Անունը դրել են Ադրբեջան, որպեսզի Իրանի պատմական, իսկական Ադրբեջանի հավակնությունները չլինեին, գրավեին ողջ Իրանը, ստեղծեին պանթյուրքիստական պետություն, սա պարզ է: Բոլշևիկները սա պահպանել էին, որովհետև փորձում էին նույն Ադրբեջանի միջոցով տարածել բոլշևիզմը: Իսկ ադրբեջանական ազգը 1936 թվականին է ձևավորվել: Բոլորս էլ գիտենք, դա նույն ադրբեջանական աղբյուրներն են ասում: Ի դեպ, սա շատ լավ զուգահեռն է նրա հետ, որ Եվրոպայում նույն թվականներին իշխանության եկան նացիստները»,- ավելացրեց մամուլի խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել