Երեկ վերջապես ես էլ բախտ ունեցա երթուղային տաքսի նստել ու համոզվեցի, որ պետք է շուտ-շուտ նստեմ, քանզի ինչպես ցույց տվեց փորձը, երթուղային տաքսին էլ ֆեյսբուքի նման մի բան է, կապ չունի տարիքն ու անցած ճանապարհը, այնպիսի բաներ ես լսում ու սովորում, որ ուրիշ ոչ մի տեղ ոչ կկարդաս, ոչ կլսես:
Եվ այսպես՝ երթուղայինում եմ։ Հաջորդ կանգառից երթուղային են բարձրանում երկու 17-18 տարեկան սիրունիկ աղջիկներ ու տեղավորվում իմ հենց դեմ դիմացի առաջին նստարանին, շարունակում կիսատ թողած իրենց զրույցը։ Պարզվում է՝ աղջիկներից մեկը նոր-նոր գրանցվել էր ֆբ-ում, իսկ մյուսն արդեն հնաբնակներից էր, ֆբ տեսած, ման եկած, ջոկող-ճանաչողներից էր ու իր խորհուրդ-դասերն էր տալիս ընկերուհուն:
-Հիշիր, տղաներին դու երբեք դրուզյա չես առաջարկում, նրանց մեծ մասն իսկույն մտածում է, որ ուրեմն իրեն դուր ես եկել, իսկույն հարցնում է՝ մենք իրար գիտե՞նք կամ էդ ինչի՞ որոշեցիր, որ պիտի ինձ ընկերություն տաս:
- Հանկարծ նույն տղաներին լայքեր շատ չտաս, թե չէ իսկույն կմտածեն, որ բզբզում ես իրենց ուշադրությունը գրավելու համար, կտարածեն, թե ընկել ես հետևներից:
- Չաթով նամակ գրելուց զգուշացի, թե չէ դու միամիտ-միամիտ անկեղծ կխոսես, իրենք դա քոփի կանեն, կդնեն բաց էջում, կծիծաղեն վրադ;
Քանի որ իմ իջնելու ժամանակն էր, չհամբերեցի, դիմեցի դասատու աղջկան։
- Աղջիկ ջան, ես էլ գրանցված եմ ֆբ-ում, բայց չէի մտածել, որ անմեղ լայք տալը կարող է պատմություն դառնալ,-միամիտ-միամիտ ասացի:
-Վա՜յ, մորաքույր ջան, երևի դու էլ նոր ես մտել, չգիտես, թե ինչ է կատարվում ֆբ-ում, դու էլ զգույշ մնա, լայքեր շատ մի տա, թե չէ չեն նայի տարիքիդ, ինչ ասես, գլխիդ կսարքեն։
Բա, աչքերս ահագին բացեց, ապրի դասատու աղջիկը։ Հիմա ի՞նչ եք ասում, օրը մի լայքից ավել չտա՞մ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել