Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, թե  ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու հարցը ՀՀԿ օրակարգում դեռևս չկա և համապատասխան քննարկումներ էլ  չկան:«Ընդհանրապես կոալիցիայի մասին քննարկումներ չկան»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մամուլում տեղ գտած լուրերը, թե քննարկվում են որոշ պաշտոնանկությունների և ՀՅԴ-ին նախարարական մի քանի պորտֆել տալու հարցը ևս օրակարգային չէ:

Իսկ թե ինչպես է գնահատում ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ի վերջին շրջանում տարվող քաղաքականությանը ՀՅԴ-ն կողմ է, Գագիկ Մելիքյանը նշեց. «Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում, բայց քննարկումներ դեռևս չկան, քանի որ համապատասխան առաջարկներ էլ չկան քննարկումների համար»:

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էլ Tert.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՅԴ-ին որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա և իրենք որևէ մեկին չեն դիմել կոալիցիա կազմելու համար և այդ դեպքում հարց. ո՞վ պետք է առաջարկ անի, ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց. «Ցանկացած կողմ կարող է առաջարկել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել