Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե համալիր ծրագիր է պետք իրականացնել՝ փոխելու սահմանին հաճախակի դարձած լարված իրավիճակը և պաշտպանվածությունը: «Մենք մեկ-երկու դպրոց ավելի քիչ կառուցենք, բայց փոխարենը մեր պաշտպանությունը սահմանում ավելացնենք»,- նշեց նա: Ռուստամյանը համաձայն է ՀՀ Նախագահի «ակնարկի» հետ և գտնում է, որ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն պետք է հասկանա, որ այսօր Հայաստանը պատերազմի մեջ է, ՀԱՊԿ-ը պետք է այստեղ իր ջանքերը գործադրի: «Առևտրական հարաբերությունները պետք է ստորադասվեն քաղաքական հարաբերություններին, և չի կարող դա ավելի գերակա արժեք լինել, քան ռազմավարական կապերը կամ հարաբերությունները: Պետք չէ զինել և հետո կոչով հանդես գալ, որ դադարեցրեք իրար վրա կրակելը, դա երեսպաշտության պես բան է  դառնում»,- ասաց նա:

-Պարո՛ն Ռուստամյան, Նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը ԼՂ հակամարտության գոտում: Հաշվի առնելով այն, որ մինչ այդ մշտապես հայտարարվում էր, որ լայնածավալ պատերազմ սկսելու համար Ադրբեջանը չունի ո՛չ կարողություն և ո՛չ էլ հնարավորություն: Կարո՞ղ ենք արձանագրել, որ իրավիճակի փոփոխություն է եղել: Մանավանդ, որ վերջին օրերին  հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կրկին մեծացել է: 

-Սահմանային լարվածությունը վաղուց ի վեր գոյություն ունի, որը սկսվեց անցած տարվանից և գնալով չի թուլանում: Ես համարում եմ, որ պատերազմի վերսկսման մասին խոսում են մի քիչ ուշացած: Ըստ էության, մենք պատերազմի մեջ ենք, էլ պատերազմն ի՞նչ ձևով է լինում: Մենք եթե տեսնում ենք, թե ինչքան  կորուստ ենք ունեցել հրադադարից մինչև հիմա, դա բոլորովին չի զիջում այն թվերին, ինչ ունեցել ենք ակտիվ պատերազմական գործողությունների արդյունքում: Պատերազմն ուղղակի այս ձևով է ընթանում, և այս մարտավարությունն իրենք են ընտրել, որն իրենց հարմար եղանակ է: Բայց ես կարծում եմ, որ ժամանակն է հասել, որ խոսենք նաև ասիմետրիկ հարվածների մասին, պետք է փոխենք մեր պարտավորությունը, այս ձևով շարունակելը չեմ կարծում, որ օգուտ է որևէ մեկին:

-Այսինքն՝ պետք է նախահարձա՞կ լինել: 

-Չեմ ասում նախահարձակ լինել, կան այլ ձևեր, ուղղակի խնդիրն այն է, որ իսկապես վերանայվի հակառակորդին զսպելու մեր մարտավարությունը: Իհարկե, մենք վերջին ժամանակներում չենք կաշկանդվել ձևական բաներով, որ մենք մեզ քաղաքակիրթ պետք է պահենք, մենք պետք է պահենք ռեժիմը, և իրենք անընդհատ ռեժիմը խախտեն, այդպես չի լինում: Բայց նրանք, ովքեր պատասխանատու են ռեժիմը պահպանելու մասով, իրենց գործը չեն կատարում այնպես, ինչպես պարտավոր են կատարել, դրա համար են կոչված ԵԱՀԿ Մինսկի խումբը, մյուս կառույցները, որոնք ուղղակի  անգործության են մատնված: Անընդհատ դժգոհում ենք, թե բանակցությունները տեղ չեն հասնում, բայց բուն միջնորդներն իրենց գործը չեն կատարում: Միջնորդների հարցը պատերազմ թույլ չտալն է, բավական է  արդեն, որ խոսեն անորոշ ձևակերպումներով, անիմաստ է չհասցեավորված ձևակերպումներ ներկայացնել, այս ձևերը պետք է վերանայվեն: Այսինքն՝ մենք ունենք թե՛ դիվանագիտական խնդիրներ, թե՛ ռազմական բնույթի լուրջ վերանայումներ: Մենք պետք  իսկապես  անանցանելի դարձնենք բաժանարար գիծը: Ժամանակակից  տեխնոլոգիաները դա թույլ են տալիս, և երբ ես ասում եմ ինչ-որ նոր տեխնիկաների կիրառում, դրա մասին է խոսքը: Այո՛, ես պատրաստ եմ համաձայնել, որ մենք մեկ-երկու դպրոց ավելի քիչ կառուցենք, բայց փոխարենը մեր պաշտպանությունը սահմանում ավելացնենք: Անցած տարի սահմանների վիճակն անձամբ եմ տեսել, թե ինչպիսին է: Մենք իսկապես ունենք քաջ, հերոս ժողովուրդ, որ մինչև հիմա սահմանում են կանգնած և պահում են իրենց տունն ու հողը և պետք է հենց նրանք պետական աջակցություն ստանան: Սրա համար էլ սահմանապահ գյուղի արտոնություններ տալու խնդիրը կիսատ-պռատ լուծվեց: Համալիր ծրագիր է պետք իրականացնել՝ փոխելու այս վիճակը և  պաշտպանվածությունը: Պետք է փոխել մթնոլորտը, որպեսզի արտագաղթը  կասեցվի և  ընդհակառակը հնարավոր լինի, մեր հայրենակիցներին հետ բերել:

-Իսկ վերջին դիվերսիոն փորձը կապում եք արդյո՞ք Նախագահի այն հայտարարության հետ, թե խնդիր է, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում և այդ խնդիրը պետք է լուծել, քանի որ սահմանին կանգնած հայ զինվորը գիտակցում է, որ հակառակորդն իր վրա կրակում է ռուսական զենքով:

-Ո՛չ, ես կարծում եմ, որ այդ դիվերսիաներն իրենց մարտավարության մի մասն են, դրանք առիթից առիթ չեն, որ կապենք դրա հետ, դրանք տևական բնույթ են կրում, որն իրենց ոճն է դարձել այլևս: Այսպես պետք է գնահատել վիճակը, որպեսզի  ադեկվատ լինենք, նման գործելաոճին: Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա կարծում եմ տեղին էր, ռուսական զենքի վաճառքի հետ կապված: Պետք է ի վերջո հասկանալ, որ ինչ-որ զենքի առևտուր է տեղի ունենում ամբողջ աշխարհում, այդ ամեն ինչը մեզ համար հասկանալի է, որ դժվար է որոշ երկրների համար դիմանալ այդ գայթակղությանը, և եթե կա հնարավորություն իրենց զենքը ինչ-որ գնով վաճառել՝ վաճառում են, բայց  պետք է հասկանալ, որ այս ամեն ինչի հետևում կա քաղաքականություն և այնպես չէ, որ սա միայն առևտուր է: Առևտրական հարաբերությունները պետք է ստորադասվեն քաղաքական հարաբերություններին, և չի կարող դա ավելի գերակա արժեք լինել, քան ռազմավարական կապերը կամ  հարաբերությունները: Սա է, որ ակնարկում է Նախագահը, ու կարծում եմ դրա մասին պետք է բոլորը խոսեն և ռազմավարական գործընկեր Ռուսաստանն էլ իմանա, որ այսօր  Հայաստանը պատերազմի մեջ է, ՀԱՊԿ-ը պետք է այստեղ իր  ջանքերը գործադրի: Ռազմական գործողությունները միայն ղարաբաղյան սահմանին չի տեղի ունենում, Հայաստանի սահմաններում էլ է նույնը: Հարձակումները ե՞րբ են արձանագրվել  որպես ոտնձգություն անվտանգության նկատմամբ, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ում հատուկ ստորաբաժանում կա՝ արագ արձագանքման, որ հարձակում  մի երկրի վրա՝ նշանակում է հարձակում բոլոր երկրների վրա, իսկ ո՞ւր են այդ ստորաբաժանումները, ինչո՞ւ չեն գոնե մեկ անգամ գալիս մի տեղ կանգնեն, որ այս  ամեն ինչը դադարեցվի: Ամենալավ ձևն այս է:

-Բայց պետք է այդ կողմը դիմի չէ՞, որ ՀԱՊԿ-ը գործի:

-Դա արդեն տեխնիկական հարց է և կարելի է  իրար հետ համաձայնեցված անել: 

-Իսկ այն, որ ասացիք, թե պետք է քաղաքականությունը փոխել, Նախագահի՝ զենքի վաճառքի մասով հայտարարությունն այդ համատեքստում կարելի՞ է արդյոք դիտարկել:

-Հայտարարությունը ադեկվատ պատասխան էր ստեղծված իրավիճակին և  տարօրինակ վիճակ է առաջացել, որ մեր ռազմավարական  գործընկերոջ զենքով մեր վրա հարձակվում են: Զենքի վաճառքի համար երկու բան է հաշվի առնվում՝ մեկը, որ պաշտպանության համար է, ոչ թե վաճառում ես, որ հարձակվի, դա անգամ արգելված է միջազգային պրակտիկայում: Ադրբեջանը զինվում է ոչ թե պաշտպանվողական զենքով, այլ հարձակվելու: Ի դեպ, Ադրբեջանի զինվելը միայն ՌԴ-ին չի վերաբերում, նաև Բելառուսն է, Իսրայելը և այլն, այդ զենքերը հայտնաբերվել են արդեն, իսկ  այդ հարաբերությունները երրորդ երկրի դեմ է ուղղված՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ է ուղղված: Սրա մասին է խոսքը, մենք զինում ենք, որ հետո կոչով հանդես գանք, որ դադարեցրեք իրար վրա կրակե՞լը, դա երեսպաշտության պես բան է  դառնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել