Այսօր մի հարցազրույց կարդացի Ռիչարդ Մադլենյանի հետ, որտեղ որպես վերնագիր դրված էր նրա ասած այսպիսի մի արտահայտությունը. «Մի օրում ես ծախսում եմ այնքան գումար, որքան սերիալում նկարահանվողները վաստակում են մի ամսում»:
Իհարկե, ուրախ եմ Ռիչարդ Մադլենյանի համար, որ նա այսօր լավ գումարներ է աշխատում: Սակայն, հիշեք, որ նույն Ռիչարդը ժամանակին նկարահանվում էր սերիալներում և հենց սերիալներից հայտնի դարձավ հայ հեռուստադիտողին, որքան էլ դա հիմա, իր այդ խոսքերից հետո, վիրավորական լինի իր համար:
Որքանո՞վ է ճիշտ այսքանից հետո նման արհամարհական ձևով արտահայտվել սերիալային դերասանի գործի և առավել ևս նրա վաստակած գումարի մասին: Նույն սերիալային դերասանն այսօր որևէ մեղք չունի, որ այդքան քիչ է վարձատրվում և, այնուամենայնիվ, զբաղվում այդ գործով: Իսկ Ռիչարդ Մադլենյանն այսօր բարոյական իրավունք չունի նման արհամարհական ձևով խոսել մի բանի մասին, որով ինքն է ժամանակին զբաղվել և գուցե մի կերպ, «ծերը ծերին հասցնելով», մի ամբողջ ամիս տեղավորվել այն գումարի մեջ, որը վաստակում է այսօր սերիալային դերասանը և որի մասին այդպիսի տոնով խոսում է Ռիչարդը: 
Ռիչարդին մաղթում ենք նորանոր հաջողություններ և գումարներ ու մի փոքր էլ տարրական կոռեկտություն: Ի վերջո, ամեն ինչ չէ, որ այս կյանքում պետք է չափել միայն վաստակած գումարի չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել