Tert.am-ը գրում է.

ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի կապիտալի նվազագույնը չափը 5 մլրդ դրամից 30 մլրդ-ի դրամի բարձրացնելու, դրա նպատակների, ինչպես նաև արտարժութային վարկերը դրամայինով փոխարինելու հնարավորությունների ու բանկերի պահուստային նորմատիվները խստացնելու հարցերի շուրջ Tert.am-ը զրույցել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի հետ:

- Պարո՛ն Գրիգորյան, 2014թ-ի վերջին ԿԲ-ն որոշում ընդունեց բանկերի ընդհանուր նվազագույն կապիտալի չափը բարձրացնելու մասին՝ 5 մլրդ դրամից հասցնելով 30 մլրդ դրամի: Տնտեսագետների կողմից այս որոշումը բազմիցս քննադատվել է: Ի վերջո, ո՞րն է նվազագույն կապիտալի չափի բարձրացման նպատակը, փոքր բանկերը արդյունավետ չե՞ն աշխատում:

- Որոշման ընդունելուց հետո, տարբեր կարծիքներ հնչեցին: Միանգամից նշեմ, խոսքը փոքր բանկերի արդյունավետ գործունեության կամ էլ շուկայի մասնակիցների թվի արհեստական կրճատման մասին է: ՀՀ-ում գործող բանկերը կայուն են, չունեն խնդիրներ, պարզապես նրանց ժամանակ է տրված՝ մինչև 2017թ-ը կապիտալը ավելացնել: Այն հնարավորություն կտա մեր բանկերին հետագայում տնտեսական աճի արագացման տեմպերին զուգընթաց էլ ավելի կայուն կերպով սպասարկելու տնտեսական գործընթացները և պոտենցիալ տնտեսական աճը: Նշեմ, որ վերջին 5-6 տարիների ընթացքում տարեկան միջինը 30%-ի չափով ավելացել է բանկերի կողմից տնտեսությանը տրամադրվող վարկերի ծավալը:

30 մլրդ-ը մեծ թիվ է երևում, սակայն հաշվի չի առնվում, որ 5 մլրդ նվազագույն կապիտալը սահմանվել էր 10 տարի առաջ, իսկ այս տարիների ընթացքում բանկերի փաստացի կապիտալը ավելացել է: Ներկայումս առեւտրային բանկերի փաստացի կապիտալը միջինում կազմում է 15-20 մլրդ դրամ: Այսինքն՝ բանկերը ոչ թե պետք է 25 մլրդ դրամով համալրեն իրենց կապիտալը, այլ մեկը 10 մլրդ-ով, մյուսը՝ 15 մլրդ-ով, մեկ ուրիշը՝ 5 մլրդով: Կան նաև բանկեր, որոնք կապիտալը համալրելու կարիք չեն ունենա:

-Ուսումնասիրություն ունե՞ք, թե որոշման արդյունքում բանկերից քանիսը կմիաձուլվեն:

- Այժմ Հայաստանում գործում են 21 առևտրային բանկ, հնարավոր է 21-ն էլ կարողանան համալրել իրենց նվազագույն կապիտալը: Մենք հանդիպել ենք բանկերի բաժնետերերի հետ ու քննարկել հարցը, բոլորը պատրաստակամություն են ցուցաբերել համալրելու հավելյալ կապիտալ, այսինքն` որևէ բանկի բաժնետեր որևէ խնդիր չի տեսել այստեղ: Ավելին, բանկերի մեջ միաձուլումների քաղաքականություն իրականացնելու մասին խոսակցություններ շրջանառվում են արդեն մի քանի տարի: Բանկեր կան, որոնք ուզում են նոր բանկ գնել, ուզում են վաճառվել, այդ խոսակցությունը նոր չէ: Օրինակ՝ «Ամերիա» բանկը գնեց «Կասկադ» բանկը, արդյո՞ք հաճախորդները զգացին այս փոփոխությունը: Կային հաճախորդներ, որոնք   «Կասկադ» բանկի ավանդատուներն էին, բայց չիմացան, որ իրենց բանկն արդեն «Ամերիա» է կոչվում, գնացել էին վարկը մարելու կամ ավանդը վերցնելու ու տեսել, որ շենքի վերևում ուրիշ անուն է կամ դա էլ չեն նկատել: Այսինքն՝ անգամ եթե լինի բանկերի միացում, դա էլ է նորմալ: Ֆինանսական շուկայում կոնսոլիդացիա ասելով, նկատի ունենք ֆինանսական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում:

Այս որոշումը բնավ պարտադրական չէ: Հարցը բանկի բաժնետերերի, սեփականատերերի քննարկման ու որոշման խնդիրն է, օրինակ՝ եթե դուք ունեք խանութ, կարո՞ղ է արդյոք որևէ մեկը Ձեզ ասել, թե Ձեր խանութը բերեք, միացրեք մեկ ուրիշ խանութի: Իհարկե ոչ, դա Ձեր որոշելու հարցն է: 

Մենք պարզապես ասում ենք, որ ՀՀ-ում պետք է գործեն միայն արդյունավետ բանկեր: Քանի որ ՀՀ-ում պատմականորեն բանկերը եղել են զարգացած կառույցներ, պետք է շարունակեն լինել այդպիսին, և սպասարկեն տնտեսությանը երկար ժամանակահատվածում: Բանկերը չպետք է ձևավորեն որևէ չարդարացված ռիսկ տնտեսությունում, իսկ որպեսզի չձևավորեն չարդարացված ռիսկ, պետք է ունենան ավելի բարձր կապիտալ, որովհետև ժամանակի ընթացքում տնտեսությունն սկսելու է ավելի արագ զարգանալ, իսկ մեզ պետք է, որ բանկերը հասցնեն սպասարկել այդ տնտեսությունը:

-Բայց ինչո՞ւ հիմա նման որոշում կայացվեց, մի՞թե ֆինանսական համակարգի վիճակը ավելի վատ է, քան 2009թ-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ:

-Որոշումը նոր չէ կայացվել, այս հարցը բանկերի հետ քննարկվում է 2 տարուց ավելի: Մենք ամբողջությամբ թափանցիկ ենք եղել բանկերի հետ, ու երկար ժամանակ խնդիրը իրենց հետ քննարկել ենք: Որոշումը կայացվեց տարվա վերջին, քանի որ նախապես որոշված էր, որ փոփոխությունը ուժի մեջ պետք է մտնի 2017թ-ի հունվարից, իսկ օրենքն ասում է, որ երկու տարի առաջ պետք է բանկերին մեր որոշման մասին հայտնենք:

-Կարո՞ղ ենք ասել, որ որոշումը կանխում է բանկերի հետագայում հնարավոր փակվելու ռիսկը:

-Որոշումը նպաստում է, որպեսզի հետագայում տնտեսության զարգացմանը զուգընթաց մենք ունենանք տնտեսության շատ ավելի կայուն սպասարկում: Մենք այնպես պետք է անենք, որ բանկերը առողջ լինեն ու շարունակեն այդպիսին մնալ, իսկ արդյունավետությունը բարձրացվի միաձուլումների միջոցով: Սրանք պրոֆիլակտիկ քայլեր են:

-Անդրադառնանք նաև արտարժույթային վարկերին: Ինչպես գիտենք, վերջերս ՌԴ-ում օրենսդրական մակարդակով նախաձեռնություն եղավ՝ արտարժույթային վարկերը տեղական արժույթով փոխարինելու մասին, սակայն այն հետ կանչվեց Դումայից: Արդյո՞ք ՀՀ-ում սպասվում է նման բան, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել նման որոշումը:

- Դա անարդյունավետ որոշում է՝ շուկան պետք է թելադրի կառուցվածքը: Այսօր Հայաստանի բանկերում ներդրված ավանդների 70%-ը դոլարային են, հետևաբար, վարկերի մոտ 70%-ը ևս պետք է լինեն դոլարային: Ինչպես գիտեք, ավանդները շատ ավելի կարճաժամկետ են՝ առավելագույնը երկու տարի, իսկ վարկերը տրվում են 5 տարուց ավելի, հիպոթեքային վարկերն էլ՝ 15-20 տարով: Նշանակում է, որ բանկը ավելի հաճախ պետք է դոլար առնի, որպեսզի ավանդատուներին վերադարձնի դոլարային խնայողությունները: Դրա համար բանկերը աշխատում են դոլարային վարկեր տան, գոնե այնքան չափով, որքանով իրենց պարտավորություններն են: Չմոռանանք, որ բանկը առևտրային կառույց է: 

Դոլարային վարկերը դրամային դարձնելու համար եթե անգամ համապատասխան օրենք ընդունվի, ապա դա բանկին թույլ չի տա ինքնուրույն կառավարել իր ռիսկը: Բանկերը ստիպված կլինեն ունեցած դոլարային վարկերը փոխարկել դրամի, ինչը նշանակում է 1.4 տրլն դրամի համարժեք մոտ 3 մլրդ դոլարի կարճ դիրք ունենալ:  Այդ դեպքում բանկային համակարգում փոխարժեքի 1%-ի արժեզրկման դեպքում վնասը կլինի մոտ 30 մլն դոլար, ինչի հետևանքով բանկերն ուղղակի կփակվեն:

Բացի այդ, 1.4 տրլն դրամ Կենտրոնական բանկը տպել չի կարող, որովհետև կառաջանան մակրոտնտեսական ահռելի ու անկառավարելի ռիսկեր, իսկ կառավարությունը այդքան գումար չունի: Հետևաբար, սա անհեթեթություն է: Նման որոշման պարագայում բանկերի գործունեությունը Հայաստանում կդրվի ահռելի մեծ ռիսկի տակ: Մենք պարզապես կունենանք տնտեսական հետընթաց:

Դա է, միգուցե, պատճառը, որ Ռուսաստանում օրենսդրական նախաձեռնությունը Դումայից հետ կանչվեց: Հայտարարությունները, թե վարկերը միայն տեղական արժույթով պետք է տալ, պոպուլիստական են: Հենց ավանդները դրամային լինեն, վարկերը ևս կդառնան դրամային: Մենք չենք կարող շուկայում միջամտություն անել:

-Այդ դեպքում ի՞նչ է արվում դոլարիզացիայի դեմ պայքարելու համար:

-Մենք ամեն ինչ անում ենք, որ արտարժութային միջոցները դառնան ավելի քիչ հասանելի, ավելի ծախսատար, իսկ դրամը դառնա ավելի ձեռնտու: Շատ մարդիկ այսօր դեռևս դոլարային գնանշում են անում, ժամանակ է պետք, որ մարդկանց հոգեբանության մեջ դոլարային պատկերացումները փոխվեն դրամայինի:

- Ինչպես գիտենք, դեկտեմբերի վերջին ԿԲ-ի կողմից խստացվել է պահուստավորման նորմատիվները՝ 12%-ից նախ սահմանելով 24%, իսկ հետո 20%: Ներկայումս, երբ արտարժույթային շուկան համեմատաբար կայունացել է, հնարավո՞ր է, որ ԿԲ-ն կրկին նվազեցնի նորմատիվի տոկոսադրույքը:

-Նորմատիվը ժամանակին համարվում էր դրամավարկային քաղաքականության գործիք, բայց հիմա նաև բանկերի մակրոպրուդենցիալ կարգավորման գործիք է դարձել: Իրականում այն ամենաարագ փոփոխվող, ամենաարագ արձագանքման գործիքերից է, և, կախված իրավիճակից, կարող է բարձրանալ կամ իջնել: Դրա վրա մեկ կամ երկու գործոն չի ազդում, դրանք բազմաթիվ են, ուստի միշտ էլ կարող է փոխվել՝ կախված տնտեսության վիճակից, զարգացման միտումներից, մեր գնահատականներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել