Tert.am–ը գրում է.

Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունների ժամանակ Իսրայելը գաղտնալսում է օգտագործել, ինչպես նաև` ԱՄՆ-ում և Եվրոպայում գաղտնի աղբյուրներից տեղեկություններ է ստացել: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:

Ըստ աղբյուրի` Իսրայելի հատուկ ծառայությունները ուշի-ուշով հետևել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: Ընդ որում՝ Իսրայելի նպատակը եղել է խոչընդոտել Թեհրանի և Արևմուտքի միջև հնարավոր համաձայնությանը:

Իսրայելում ԶԼՄ-ների վերհանած լրտեսության փաստը հերքել են և պնդել, թե տեղեկություններն ստացել են իրանցի առաջնորդներին հետևելու միջոցով, որոնք իրենց հերթին տեղյակ են եղել բանակցությունների ընթացքին:

Այս օրերին ևս ընթացքի մեջ են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Գերմանիայի` մի կողմից և Իրանի` մյուս կողմից, բանակցությունները` Թեհրանի միջուկային ծրագրի հարցով: Չնայած բանակցությունների գաղտնիությանը՝ Իսրայելն այս ընթացքում բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, թե Իրանը, այնուամենայնիվ, միջուկային զենք կստեղծի՝ անկախ բանակցությունների ընթացքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել