Ահա Արսեն Սաֆարյանը ևս համալրեց այն երգիչ-երգչուհիների շարքը, որոնք մուտք են գործել կինո: Ապրիլի սկզբին մեծ էկրան կբարձրանա «Երազանք 19:27» կինոկատակերգությունը, որտեղ երգիչը ներկայանում է առանցքային կերպարով, թեև, ինչպես տեղեկացանք, նրա մասնակցությամբ տեսարաններն այնքան էլ շատ չեն: «Ես մարմնավորում եմ հրաշագործի, որը ինչ-ինչ կերպով իրականացնում է երկու գլխավոր հերոսի երազանքները: Պետք է ասեմ` շատ եմ հավանում խորհրդավոր և հագեցած կերպարս, որը հայտնվում է ճակատագրական և որոշիչ պահերին»,- ասում է երգիչը:

Միակ դժվարությունը, ըստ Արսենի, սարսափելի ցուրտն էր. 2 օր բացօթյա նկարահանումներն ընթացել են «-6» աստիճանի պայմաններում: Նշենք, որ նկարահանումներն իրականացվել են Երևանում և Բերդում:

Պարզվում է` երգչին բազմիցս են առաջարկել նկարահանվելու սերիալներում, սակայն մերժել է, քանի որ դրանք իրեն չեն հետաքրքրել: «Իսկ կինոն ինձ համար միշտ էլ երազանքի պես մի բան է եղել, թեև այս ֆիլմի առաջարկն էլ միանգամից չեմ ընդունել,- խոստովանում է երգիչը,- մտածում էի` կհաջողե՞մ արդյոք տեղը-տեղին խաղալ դերս, նաև մտահոգ էի` ինչպե՞ս կինոհայտնությունս կընկալվի հասարակության կողմից: Հիմա արդեն շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ ֆիլմի նկարահանումներին: Բացի այդ, թեման էլ ինձ անմիջապես գրավեց»: Նշենք, որ ռեժիսոր Դավիթ Սիմոնյանի այս ֆիլմը գյուղացու և քաղաքացու ոչ միանշանակ հարաբերությունների և նպատակների իրականացման մասին է: Վերջիններիս մարմնավորում են դերասաններ Լևոն և Անդրանիկ Հարությունյանները: 

Մեր հարցին` կշարունակի՞ արդյոք իր կինոուղին, երգիչը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, եթե առաջարկություն լինի, սիրով կընդունեմ, բայց մի պայմանով` կերպարը պետք է համապատասխանի ինձ. Չէ՞ որ ես պրոֆեսիոնալ դերասան չեմ»... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել