16-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի սկիզբը պարսկահպատակ Երևանի Խանության Գյոկչայի մահալի (Գեղարքունիք), Դարյա Շիրին (պարսկ.- գետ, լիճ անուշահամ), Սևանա լճի շուրջբոլոր հատվածներում տարածվում էին մի քանի փոքրիկ հայկական մելիքություններ, որոնցից շատերը հիմնականում կազմավորվել էին հատկապես 18-րդ դարում և ենթարկվում էին անմիջականորեն Երևանի Խանին:
Գյոկչայ-Գեղարքունիքում հաստատված ամենահզոր հայկական մելիքությունը համարվել է Մելիք-Շահնազարյանների մելիքությունը, որին հնազանդվել են նաև Գեղարքունիքի բոլոր հայկական մելիքությունները միասին: Պարսից Նադիր Շահը (1688-1736-1747 թթ.) իր գահակալության օրոք Գյոկչայի Մելիք-Շահնազարյաններին ևս շնորհել էր լայն արտոնություններ, անգամ հռչակել էր նրանց անկախություն Երևանի սարդարից (խան): Նադիր շահի իշխանության տարիներին Մելիք-Շահնազարյանները ոչ միայն վերահաստատվեցին ու պահպանեցին իրենց գոյությունն ու իրավունքները, այլև ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը Գեղարքունիքի ողջ տարածքում: Ուշագրավ է, որ 1735 թ. հունիսին Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև Եղվարդի մատույցներում տեղի ունեցած խոշոր ճակատամարտի ընթացքում պարսից զորահրամանատար, ապա Իրանի շահ Նադիրի բանակում թուրքերի դեմ մարտնչում էին հայ զինվորները և հայ աշխարհազորայիները: Նադիր Շահի գլխավորած բանակում էին նաև Արևելյան Հայաստանի երևելի այդ ժամանակների գործիչներ Դիզակի մելիք Եգանը, Երևանի մելիք Հակոբջանը և յոկչայ-Գեղարքունիքի մելիք Շահնազարը: Մելիք-Շահնազարյան տոհմից Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը Նադիր Շահի կողմից որպես վստահելի, մոտիկ մարդ նշանակվել էր Այրարատյան աշխարհի քալանթար: Վերջինիս մահից հետո նրա որդի Մելիք Մանուչարը նշանակվել է Երևանի և Նախիջևանի բեյլերբեյ՝ զորահրամանատարի կարգավիճակով: Հոր նման հատուկ հեղինակություն և վստահություն ունենալով Նադիր Շահի մոտ՝ Մելիք Մանուչարն իր ձեռքի տակ ունեցած զորաբանակով մասնակցել է Նադիր Շահի՝ Հնդկաստան կատարած արշավանքին (ենթադրվում է, որ այս արշավանքին մասնակցել է նաև հայոց մեծ բանաստեղծ, 18-րդ դարի հայ երգի ու բանաստեղծության թագն ու պարծանքը հանդիսացող, մեծ սիրահար Սայաթ-Նովան (1717, 1722-1795 թթ.): Համաձայն պատմական աղբյուրների՝ Մելիք-Շահնազարյան մելիքության աթոռանիստ կենտրոնը համարվել է Մազրա ավանը, որը գտնվում էր Սևանա լճից հարավ-արևելք (ներկայումս Մեծ Մազրա, Մեծ Մասրիկ գյուղ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի տարածաշրջան): Որոշ ժամանակահատվածում պարզվել է, որ մելիքանիստ է եղել նաև Սոդ-Սոթք կամ Զոդք ավանը: Մելիք-Շահնազարյանների մելիքությանն արևելքում սահմանակից է եղել Ծարի մելիքությունը՝ համանուն Ծար աթոռանիստ կենտրոնով: Հայկական այս երկու մելիքություններն իրենց կիսանկախ հայկական պետական կազմնավորումները պահպանել են մինչև 1804թ. ռուսական զորքերի հրամանատար Ցիցիանովի արշավանքների ժամանակահատվածը: Այս ընթացքում Մելիք-Շահնազարյանների հաջորդները Ծարի մելիքության հետագա շառավիղների հետ միասին, այլ հայկական իշխանական տների օրինակին հետևելով, զզվանք և հիասթափություն ապրելով պարսիկ նվաճողների տիրապետության իշխանությունների կողմից, հայատյաց կամայականություններից հարկադրաբար լքում են իրենց հայրենի կալվածները և գաղթում են արդեն Ռուսաստանին միացված Գանձակ-Գյանջայի կողմերը:
Սևանի (Շահդաղ) լեռների (լեռնաշղթա Փոքր Կովկասի համակարգում, որը ձգվում է Սևանա լճի հյուսիս-արևելյան ափի երկայնքով՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանով: Երկարությունը կազմում է շուրջ 70 կմ.: Բարձրությունը մինչև 3367 մ.) հանդիպակաց հատվածում գտնվում էր պատմական Ուտիք նահանգի Գարդմանի հայկական մելիքությունը: Այս մելիքությունը կազմվել է պարսից Շահ Աբասի (1571-1587-1629թթ.) օրոք՝ 1601թ.: Այստեղ հաստատված հայոց մելիքության աթոռանիստ կենտրոնը համարվում էր զուտ հայաբնակ Ոսկանապատ գյուղը: Ուստի Գարդմանի մելիքությունը նաև կոչվել է Ոսկանապատի մելիքություն: Գարդմանում իշխել են Գյոկչայ-Գեղամա աշխարհի Մելիք-Շահնազարյանների մի այլ ճյուղի ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ երբ հայոց Գարդման գավառը Ռուսաստանին միացվեց, տեղի հայոց մելիքները շարունակեցին պահպանել իրենց բոլոր նախկին կալվածատիրական իրավունքները Պատմական Գարդման գավառը հայտնի է եղել նաև Գարդմանաձոր գավառ անունով: Այս տարածքը գտնվում էր էր ներկայիս Ադրբեջանի պետության արևմուտքում գտնվող Շամքոր-չայ գետի վերին հոսանքի շրջանում: Այն նույնպես հիշատակված է 7-րդ դարի մեծագույն հայ մաթեմատիկոս, աշխարհագետ, տոմարագետ Անանիա Շիրակացու նշանավոր «Աշխարհացոյցում»: Լեռնային, խիտ անտառապատ այս գավառում եղել է Գարդման կոչվող համանուն հայաբնակ ավանը, որի ավերակները գտնվում են այսօրվա Շամքոր-չայի վտակներից մեկի հարևանությամբ (ներկայիս Ադրբեջանի Գետաբեկի, Գեդաբեյի վարչական շրջան): Այստեղ է գտնվում նաև հայկական Գետաբակքի, Գետաբակի, Գետաբերքի կամ Գետաբեկի անառիկ անտառապատ ամրոցի ավերակները՝ մասամբ վերականգնված վիճակում, որը այսօր ազերի թուրքերը կոչում են կիսաառասպելական հերոս և ժողովրդական վրիժառու հայազգի Քյոռօղլու (Ռուշան) բերդ: Գետաբակ-Գարդմանում հռչակավոր է եղել անհիշելի ժամանակներից Գետաբակքի պղնձահանքը, որի մասին հայ մատենագիրների կողմից հիշատակվում է միայն 10-13-րդ դարերի աշխատություններում: 1805-1806թթ. Ռուսաստանը, հաղթանակելով Պարսկաստանի դեմ, գրավում է պարսիկներից Արցախ-Ղարաբաղը, Շաքիի, Շիրվանի, Բաքվի խանությունները և հայոց Սյունիք-Զանգեզուրը, իսկ արդեն 1813 թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղի ռուս-պարսկական հայտնի պայմանագրով պարսիկները ռուսներին վերջնականապես հանձնեցին Արևելյան Վրաստանը, Գանձակը, Ղարաբաղը, Շաքիի, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենտի և Թալիշի խանությունները, որոնց հետ միասին Արցախի, Սյունիքի և մյուս մանր հայկական մելիքությունները ևս անցան Ռուսաստանի տիրապետության տակ: 1828 թ. փետրվարի 10-ի Թուրքմենչայի հայտնի վճռորոշ պայմանագրով, երբ Երևանի և Նախիջևանի խանություններն անցան Ռուսաստանին, նրանց հետ միասին ռուսներին անցան նաև Գեղարքունիքի մելիքությունները, որոնք կարճ ժամանակահատվածում տրոհվեցին և իսպառ ոչնչացան ու վերացան հայոց պատմության էջերից: Այս ամենին զուգահեռ կարևոր է նաև այն հագամանքը, որ դեռևս 17-19-րդ դարերում Արևելյան Հայաստանում հաստատված կարակոյունլու և աղկոյունլու (ակկոյունլու) քոչվորական խաշնարած ցեղերի շառավիղ հանդիսացող կովկասյան թաթարները, աստիճանաբար հաստատվելով ողջ Արևելյան Հայաստանի տարածքում, յուրացնելով հայկական բարեբեր տարածքները, տեղացի բնիկ հայերին իրենց հավատակից շիա պարսիկ իշխանավորների միջամտությամբ քշեցին կյանքի համար ոչ պիտանի բարձրալեռնային, ապառաժ վայրեր, ապա նաև նրանք՝ թաթար հրոսակախմբերը, օգտվելով ստեղծված հարմար իրավիճակից, կազմակերպեցին հայերի կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում ընդմիշտ պատմության ասպարեզից վերացան բնիկ Գետաբակի, Ճամբարակի, Գավառի, Գեղամաբակ-Բասարգեչարի, Կզնուտի (Մարտունու տարածաշրջանի), Սևանի տարածաշրջանի, ողջ Կոտայքի և ներկայիս Շիրակ-Շորագյալի ու Ջավախքի բնիկ արևելահայ բնակչության բուն հիմնական հատվածը: Հատկանշական է այն, որ թաթար ելուզակների զոհը դարձան արևելահայ այն բեկորները, որոնք հրաշքով փրկվել էին դեռևս 1603-1604 թթ. Շահ Աբասի ավերիչ ասպատակություններից և դեռ շարունակում էին մեծամասնություն կազմել Արևելյան Հայաստանի Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ գավառներում և ողջ Արարատյան դաշտի ու Գողթան-Նախիջևանի հայաբնակ բնակավայրերում:
Այսօր, երբ Ադրբեջանը նենգ, միտումնավոր ծրագրերով և զավթողական նկատառումներով Հայաստանին ու հայ ժողովրդին մեղադրում է այսպես կոչված «ադրբեջանցիների ցեղասպանության մեջ», ժամանակն է նրանց հիշեցնել հետևյալը. ո՞ւր է Արևելյան Հայաստանի ուշ միջնադարի բնիկ հայ բնակչությունը: Այն բնակչությունը, որն ապրում էր Գետաբեկի, Ճամբարակի, ողջ Սևանա լճի արևելյան ափերին: Արևելահայեր, որոնք ապրում էին ստեղծագործ-երկրագործական կյանքով Կոտայք, Շիրակ և ողջ Արարատյան դաշտի բնակավայրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել