Չնայած նախաեվրատեսիլային զբաղված առօրյային՝ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար, հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյանը ներկա էր «21TV»-ի մրցանակաբաշխությանը։ BlogNews.am-ը, օգտվելով առիթից, նրա հետ զրուցեց մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասին։
Նա հայտնեց, որ «Genealogy» խմբի անդամներն այժմ գտնվում են իրենց երկրներում, ապրիլի 20-ին նրանք կժամանեն Հայաստան, և կսկսվեն փորձերը, նախապատրաստական բուռն շրջանը։ «Այժմ նրանք ինքնուրույն են պարապում։ Երբ գան, կսկսենք ինտենսիվ աշխատել։ Մեզ մոտ ամեն ինչ ինտենսիվ է, փորձում ենք խտացնել, որովհետև 6 երգիչ ունեն իրենց անհատական կարիերան, և նրանցից յուրաքանչյուրն ունի արդեն պլանավորած համերգներ։ Փորձում ենք հարմարվել այդ ամենին, գտնում ենք որոշակի ժամանակահատված, որ կարողանանք ամբողջովին պարապել»,- ասաց նա։
Հարցին՝ բեմադրության տարբերակներն արդեն որոշվե՞լ են, արդյո՞ք անմոռուկն այստեղ ներկայացված է լինելու, Գոհարը պատասխանեց. «Ուզում եմ նորից խնդրել, որպեսզի քաղաքական որևէ կոնտեքստ չփորձենք փնտրել, սպասել մեր ելույթի մեջ, որովհետև «Եվրատեսիլն» ունի կանոններ, որոնց մենք համապատասխանում ենք։ Այժմ ստեղծագործական մտորումների մեջ ենք և տարբեր մասնագետների հետ բանակցում ենք բեմադրության հետ կապված։ Հենց որոշակի հստակ լուրեր լինեն, պաշտոնապես կհայտարարենք»։
Գոհարից տեղեկացանք, որ այս տարի շրջագայություններ, որպես այդպիսին, չեն նախատեսվում, որովհետև երգիչներն արդեն ունեն ծրագրված ելույթներ ու շատ բարդ է 6 հոգու հետ կոնկրետ օրեր և ինչ-որ բան կազմակերպել։ «Շրջագայությունները կփորձենք համատեղել այն ժամանակ, երբ լինենք Ավստրիայում։ Կլինենք Ավստրիայի հարակից երկրներում»,- նշեց պատվիրակության ղեկավարը։ Հարցին՝ դա չի՞ ազդի արդյունքների վրա, Գոհարը պատասխանեց, որ «պրոմո տուրերը» վերջնական արդյունքի հետ կապ չունեն։ «Դրանք կապ ունեն այնքանով, որքանով մարդիկ սպասում են կենդանի կատարմանը. եթե շրջագայության ժամանակ կենդանի կատարման հնարավորություն է լինում, նրանք հասկանում են՝ կարո՞ղ ես կենդանի երգել, թե ոչ, բայց այսօր դարն այնպես է փոխվել, որ դու կարող ես Հայաստանում նստած «պրոմոներ» անել այլ երկրներում, թվային աշխարհը մեզ թույլ է տալիս, որ մեր գործընկերների՝ ռադիոների, հեռուստաընկերությունների միջոցով մեր երգը հասցնենք բոլորին։ Այսօր մենք այդ հնարավորությունն ունենք և ֆիզիկապես ներկա լինելու կարիք չկա»,- նկատեց նա։
Եվրոպայից ստացած առաջին արձագաների մասին խոսելիս Գոհարն առանձնացրեց երկու միտք՝ «Ինչ հետաքրքիր երգ ունեք, կարծես մյուզիքլ լինի» և «Ինչ գեղեցիկ տեսահոլովակ ունեք»։ «Բոլորին գրավել է մեր կոնցեպտը։ Մենք, կարծես թե, ստեղծել ենք կամուրջ՝ աշխարհատեսիլ ենք կառուցում «Եվրատեսիլի» մեջ»,- նկատեց նա։
Հարցին, որ հասարակությունը կարծում է, որ լսարանը ևս կարող էր մասնակից լինել ընտրությանը, նա պատասխանեց, որ նախորդ տարի էլ են իրենք կատարել մասնակցի և երգի ներքին ընտրություն և բավականին լավ արդյունքներ են եղել։ «Դա և՛ ռեսուրսների, և՛ ժամանակի խնայում է։ Բացի այդ, պրոֆեսիոնալ մարդկանց միջոցով օբյեկտիվորեն կարողանում ես հասկանալ՝ ի՞նչ է պետք Եվրոպային։ Այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, ազգային ընտրությունները հաճախ ոչ օբյեկտիվ գնահատական են տալիս։ Չեմ ասում միշտ, բայց հաճախ այդպես է լինում»,- նշեց Գոհարը։
Ինչ վերաբերում է իր հասցեին հնչած քննադատություններին, թե մենաշնորհ է ձեռք բերել այս ոլորտում, Գոհարն ասաց, որ նորմալ է վերաբերում ցանկացած քննադատության։ «Մեր ստեղծագործական թիմն ընդունում և հարգում է ցանկացած մարդու քննադատություն, սա թիմային աշխատանք է, և միայն թիմային աշխատանքի արդյունքում է ստեղծվում ցանկացած բան, որը կապված է «Եվրատեսիլի» հետ»,- եզրափակեց հայաստանյան պատվիրակության ղեկավարը։
Ամալյա Հովհաննիսյան