Tert.am-ը գրում է.

Ապրիլի 23-ին Թուրքիայի հայկական եկեղեցիների զանգերը չղողանջելու որոշման համար երկու կարևոր պատճառ կա. առաջինը թուրքական պետական քաղաքականությունն է, և երկրորդ, որ Ստամբուլի հայ համայնքը և համայնքը ղեկավարող որոշ շրջանակներ ու մարդիկ թուրքական իշխանություններին դուր գալու, ծառայելու մարմաջով, երբեմն, անում են այնպիսի քայլեր, որոնք, երևի թե, թուրքական իշխանություններն էլ չեն ակնկալում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Թուրքիա պետությունը փորձում է կրոնական համայնքների, այդ թվում և հայ համայնքի  ներքին, երբեմն ծիսական խնդիրների մեջ ներքաշվել, և շատ հաճախ արգելանք է հանդիսանում տարբեր կրոնական արարողություններ անցկացնելու հարցում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարքարանը չի մասնակցի աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների կողմից ապրիլի 23-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին։ Ավելի վաղ Ստամբուլի հայկական «Ակոսը» տեղեկացրել էր, որ Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ ապրիլի 24-ին միջոցառում լինելու է, սակայն ապրիլի 23-ին, 19։15-ին Թուրքիայի հայկական եկեղեցիների զանգերը 100 անգամ չեն ղողանջի, ինչպես դա արվելու է աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում:

Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց, որ Վանի Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցում պատարագ անցկացնելու համար նույնպես դիմում են թուրքական իշխանություններին, որ թույլ տան:

«Այս պարագան ևս բացառություն չէ, այստեղ նաև կա թուրքական հասարակական ատելությունը ոչ մուսուլմանների նկատմամբ: Այսինքն՝ նաև կա հասարակական ճնշում, որի պայմաններում եկեղեցու զանգերի ղողանջը, այն էլ 100  անգամ, ըստ էության կարող է առիթ դառնալ լուրջ պրովոկացիաների և բախումների»,-նկատեց թուրքագետը:

«Եվ երկրորդ՝ Ստամբուլի հայ համայնքը և համայնքը ղեկավարող որոշ շրջանակներ, երբեմն, Հռոմի պապից ավելի կաթոլիկ են փորձում երևալ: Այս պարագայում չեմ կարող բացառել, որ զանգերի ղողանջն արգելելու հարցը ոչ թե գալիս է թուրքական կողմից, այլ ավելի շատ համայնքի և պատրիարքության ղեկավարության կողմից, դրանով  փորձելով դուր գալ թուրքական իշխանություններին»,- կարծիք հայտնեց Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա՝ Թուրքիայի հայ համայնքում այս հարցում որոշակի երկպառակություն կա. համայնքի որոշակի շրջանակներ ապրիլի 24-ը նշելու են տարբեր կերպ. իշխանամետ հատվածը մաս է կազմելու թուրքական իշխանությունների գծած սցենարի:

«Ցավոք, այս սցենարում գլխավոր դերակատարը նաև Պոլսո հայոց պատրիարքությունն է և պատրիարքական փոխանորդ Արամ սրբազանը: Մի հատվածն էլ՝ ավելի անկախ ու ավելի ընդդիմադիր, Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշելու է որոշակի միջոցառումներով»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա՝ հերթական անգամ տեսնելու ենք, որ  նույնիսկ Ցեղասպանության 100-ամյակին Ստամբուլի հայ համայնքը միասնական չի լինելու և դա թուրքական իշխանությունների քաղաքականության հերթական դրսևորումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել