ՀՀ ներքաղաքական դաշտում վերջերս տեղի ունեցած բուռն իրադարձությունների ամենաթեժ պահին «Հայ ազգային կոնգրեսի» ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծակի հիշեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ ընդունված Համահայկական հռչակագրի մասին: Նա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից առանձին հանդիպում խնդրեց, որպեսզի երկար ժամանակ քննարկված և արդեն իսկ ընդունված փաստաթղթում առաջարկի իր փոփոխությունները: Ավելին, Տեր-Պետրոսյանն առաջարկեց այդ հարցով ստեղծել մի հանձնաժողով և դրանում ընդգրկել Ցեղասպանության հարցով տարբեր «մասնագետների», որոնց թվում նշեց նույնիսկ Վանո Սիրադեղյանին:

Սակայն Տեր-Պետրոսյանի մատնանշած անձանց թվում հատկապես տարակուսանք առաջացրեց տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանի անունը, քանի որ, ինչպես հայտնի է, վերջինս իր հրապարակային հոդվածներում ու հարցազրույցներում այդքան էլ չի ընդունում, որ 1915-ին ցեղասպանություն է եղել: Ավելին` դրա մեղքն առաջին հերթին բարդում է հայերի վրա և նույնիսկ զուգահեռներ է անցկացնում Ցեղասպանության ու Խոջալուի դեպքերի միջև` կարծիք հայտնելով, որ եթե թուրքերը 1915-ին հայերի դեմ ցեղասպանություն են իրականացրել, ուրեմն հայերն էլ ադրբեջանցիների դեմ են ցեղասպանություն իրականացրել Խոջալուում:

Իր ուշացած ու անիմաստ առաջարկին քաղաքավարի մերժում ստանալուց հետո Տեր-Պետրոսյանը, սակայն, ինչպես երևում է, հանգիստ չի կարողանում մնալ: Հավանաբար նրա հորդորով կամ էլ նրա «մեսիջն» ըմբռնելով՝ Ժիրայր Լիպարիտյանը ծավալուն հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին և անդրադարձել Հայոց Ցեղասպանության հետ կապված մի շարք հարցերի: Բնականաբար, Լիպարիտյանն իր համաձայնությունն է հայտնել «շեֆի» առաջարկին` փոփոխել արդեն իսկ ընդունված Հռչակագիրը, քանի որ դրանով մարտահրավեր է նետվում Թուրքիային: Ասել է թե` Լիպարիտյանի սրտով չէ, որ Հայաստանը հակադրվում է Թուրքիային, թուրքական ժխտողականությանն ու հակահայկական քաղաքականությանը: Երևի թե, ըստ պարոն Լիպարիտյանի, Հայաստանը պետք է ենթարկվեր Թուրքիայի կամքին և հրաժարվեր Հայ դատի արդարացի պահանջատիրությունից: Փոխարենը տխրահռչակ պատմաբանն առաջարկում է մարտահրավեր նետել Ռուսաստանին, որն իբր սպառնում է մեր անկախությունը: Ինչ խոսք, երկաթյա տրամաբանություն է:

Եվ ահա, Լ.Տեր-Պետրոսյանը հենց այս մարդուն էր առաջարկում աշխատել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ ընդունված Համահայկական հռչակագրի բովանդակության վրա:

Սա այն դեպքերից է, երբ մեկնաբանություններն, իրոք, ավելորդ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել