Exclusive

«6-րդ զգայարան» հաղորդման եթեր հեռարձակվելուց հետո շատերը սկսել են հետաքրքրվել էքստրասենսներով։ Հայտնի մարդիկ, ովքեր եթերում զարմանում են ու ասում՝ «այո, նման բան է եղել», «ինչպես իմացան» և այլ նմանօրինակ  արտահայտություններ, ակամա քարոզում են դրա հավաստիությունը։ BlogNews.am-ը հաղորդման մասին զրուցել է Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:

«Աստվածաշունչը, հատկապես՝ Նոր Կտակարանը, շատ խիստ է մոտենում այդ հարցին և արգելում է գուշակոությունները։ Դա շատ վատ է, քանի որ պարզապես շառլատանություն է։ Իրենք հստակ ոչ մի բան չեն ասում, ամեն ինչ մոտավոր է։ Ես  չեմ հասկանում դրա իմաստը. ի՞նչ ենք ուզում ապացուցել, որ կան մարդիկ, ովքեր կարող են մարդու ապագան կանխատեսե՞լ, անցյալի մասին խոսե՞լ, և՞։ Դրանով ի՞նչ պետք է փոխվի մեր կայքում։ Եթե այդ մարդիկ այդքան ուժ ունեն, թող կարողանան ազդել ադրբեջանցիների վրա, որպեսզի նրանք  չհարձակվեն մեր տղաների վրա, թող այնպես անեն, որ մեր երկիրը մտնի ավելի ներդաշնակ վիճակի մեջ, թե չէ դատարկ-դատարկ բաներ են ասում»,- շեշտեց Հայր Կոմիտասը։

«Դրան  շատ վատ եմ վերաբերում այնպես, ինչպես հիմար-հիմար, էժանագին, անբարո ֆիլմերի, դատարկ, անբարոյական սերիալների ցուցադրությանը, անբարոյական «Կիսաբաց լուսամուտներում» հիմար-հիմար նյութերի արծարծմանը, թե քույրը եղբոր հետ է, հայրը՝ աղջկա։ Սա նշանակում է՝ ապաբարոյականություն սերմանել մեր ժողովրդի մեջ։ Ես չգիտեմ՝ ովքեր են կանգնած այս ամենի հետևում, համենայն դեպս, կարծում եմ՝ մաքուր հայն իրեն նման բան թույլ չէր տա»,- ասաց նա և հավելեց, որ եկեղեցին իշխանական, դատական ուժ չունի։ «Այն բարոյական մարմին է, կարող է բարոյական խորհուրդ տալ, բայց Ամենայն Հայոց կաթողիկոսն ի՞նչ պետք է անի, նման բաներով զբաղվողներին բա՞նտ նետի»,- ասաց հայր Կոմիտասը։

Նա շեշտեց, որ եկեղեցուն այսօր կանգնեցրել են այնպիսի  մարտահրավերների առաջ, որոնք ընդունելը սարսափելի դժվար է։ «Ամեն հայ պետք է այդ մարտահրավերն ընդունի իր վրա, որովհետև եկեղեցին քարային կառույց չէ։ Այս ամենի պատճառը մեր տգիտությունն է, որովհետև մենք մեզանից դուրս ենք փնտրում այդ ամենը, նյութականի մեջ ենք փնտրում երջանկությունը՝ առանց հասկանալու, որ նյութականի մեջ երջանկություն չկա»,- եզրափակեց Հայր Կոմիտասը։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել