Exclusive

Մարտի 8-ից «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Երեկոյան Երևան» հաղորդումը, որի հաղորդավարներից մեկի՝ Մարինա Գրեգի հետ BlogNews.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել։

Թեև ուղիղ եթերի ձևաչափը մի շարք բարդություններ է ենթադրում, Մարինան խոստովանում է, որ այն իր համար անփոխարինելի է։ «Կարիերայիս սկզբից աշխատել եմ ուղիղ եթերի ֆորմատով, ու ինձ համար այն մնում է անփոխարինելի. իր բարդություններով հանդերձ՝ ուղիղ եթերն իմ տարերքն է։ 6 տարվա գործունեությանս ընթացքում 4 տարին ես աշխատել եմ ուղիղ եթերում ու շատ ուրախ եմ, որ կրկին այդ ձևաչափում եմ աշխատում։ Դա այլ ադրենալին է»,- շեշտեց հաղորդավարուհին։

Նրա խոսքով՝ երբ չէր աշխատում ուղիղ եթերում, չէր զգում, որ աշխատում է հեռուսատատեսությունում։ «Ուղիղ եթերում դու ապրում ես ամեն պահը, թեկուզ կիքսերը, սխալները այլևս չես կարող ուղղել։ Ուղիղ եթերում ես ինձ զգում եմ, ինչպես ձուկը՝ ջրում։ Իհարկե, դա շատ պարտավորեցնող է, և լարվածությունը մեծ է, բայց այն էմոցիաները, որոնք տալիս է ուղիղ եթերը, տեսագրված հաղորդումներն ինձ, համենայն դեպս, չեն տալիս»,- ընդգծեց Մարինան։

«Երեկոյան Երևանի» շրջանակներում ամենամեծ բացթողման մասին խոսել Մարինան դժվարացավ. «Հավանաբար, բառային սխալ է եղել, սակայն այժմ դժվարանում եմ հիշել։ Եթերից հետո անընդհատ նայում ենք մեզ ու փորձում ուղղել, մասնագետներն էլ իրենց դիտողություններն են անում։ Այս ձևաչափում քո վրա աշխատելու մեծ հնարավորություն ունես»։

Մարինայի համար ամենատպավորիչ եթերը եղել է Մարտի 8-ին, քանի որ այն առաջինն էր, և իրենք երկար էին սպասել այդ եթերին։ Ըստ նրա՝  հետաքրքիր էր նաև երեկվա եթերը, երբ հյուրընկալել էին Հայկոյին և Նուռին, սակայն մի եթեր կա, որը Մարինայի համար առանց հետևանքների չի մնացել։) 2 օր առաջ նրանք հյուրընկալել են երգիչ Միհրան Ծառուկյանին և...

«Երբ Միհրան Ծառուկյանը հյուր է գալիս իմ հաղորդմանը, հաջորդ օրը ես միշտ չեմ գնում աշխատանքի, որովհետև ինձ հետ մի բան տեղի է ունենում՝ վթարի եմ  ենթարկվում, մարդ է մահանում։ Երբ նա եկավ «Երեկոյան Երևանին», ասացի՝ Միր ջան, տեսնենք էս անգամ ի՞նչ է լինելու, սկսեցինք ծիծաղել, նա ասաց՝ կարո՞ղ է չգամ տաղավար, ասացի՝ չէ, հուսով եմ էս անգամ ամեն ինչ նորմալ կլինի։ Եթերի հաջորդ օրն արթնացա, մտածեցի՝ լավ է, ոչինչ չպատահեց, բայց երեկոյան Զաքյան-Ամիրյան խաչմերուկի վրա էնպես եմ ընկել... Ես չգիտեմ, գուցե այնքան եմ ասել՝  իր հյուր գալուց հետո ինչ-որ բան է լինում, որ էներգետիկա է դարձել, բայց փաստ է»,- ծիծաղելով պատմեց Մարինան ու նշեց, որ 21TV-ում էլ իր հաղորդման վերջին հյուրը հենց Միհրանն է եղել։ «Դրանից հետո այնպես ստացվեց, որ դուրս եկա հեռուստաընկերությունից։) Երբ Միհարանին ասացի, թե այս անգամ ինչ է պատահել, ասաց՝ էլ չեմ գա հյուր։ Ասում եմ՝ Միհրան, որ քեզ տեսնեմ, 3 անգամ պտտվելու եմ։ Հետաքրքիր է, որ երբ նրան հանդիպում եմ եթերից դուրս, ամեն ինչ լավ է լինում»,- ասաց Մարինան ու հավելեց, որ Միհրան Ծառուկյանը խոսք է տվել մուրաբայով գնալ իրեն տեսակցության, բայց եթերի այլևս չի գալու։)

Ինչ վերաբերում է Մարինայի ոտքին՝ նա ասաց, որ ամեն բան արդեն լավ է։ «Հասցրի շուտ տուն գնալ, սառույց դնել,- ասաց նա ու հավելեց,- հետաքրքիրն այն է, որ ընկերներս էլ, ովքեր այդ պահին ինձ հետ էին, ասացին, որ շատ ծիծաղելի ձևով եմ ընկել. իրականում ես կանգնած տեղում եմ ընկել, տպավորություն էր՝ ինչ-որ մեկը հրեց, բայց ոչ ոք չի հրել։ Այնքան ծիծաղելի էր, որ եթե տեսախցիկները ֆիքսած լինեն, յութուբի հիթ կդառնա։)»։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել