Exclusive

«Անավարտ թռիչք» ֆիլմը Թատերական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Հովակիմյանի համար դեբյուտային էր։ Առաջին անգամ նկարահանվելով գեղարվեստական ֆիլմում՝ «Անավարտ թռիչքում», Տաթևին միանգամից բաժին հասավ գլխավոր դերը։ BlogNews.am-ը անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ և բացահայտել, թե իրականում ո՞վ է «Անավարտ թռիչքի» գլխավոր հերոսուհի Տաթև Հովակիմյանը, ի՞նչ հետաքրքրություններ ունի, ինչպե՞ս հայտնվեց Թատերական ինստիտուտում և բացահայտել նրա «գաղտնիքները»։)


-Ո՞վ է Տաթևը և ինչպե՞ս հայտնվեց թատերական ինստիտուտում։

- Սովորական մի աղջիկ եմ, ով երազում էր Թատերական ինստիտուտի մանսին։ Մորաքույրս դերասանուհի է՝ Մարգարիտա Շահվալադյանը, ով խաղացել է «Ոզնիներում»՝ համագործակցելով Վարդան Պետրոսյանի և Վահրամ Սահակյանի հետ։ Նրա մեծ երազանքն էր, որ ես իրականացնեմ այն, ինչ նա չի հասցրել, իսկ հայրիկիս մեծ երազանքն ինձ համալսարանում տեսնելն էր։ Ես, իհարկե, ընտրեցի հայրիկիս երազանքն ու ընդունվեցի ԵՊՀ Մշակութաբանության ֆակուլտետ։ Այդ ընթացքում գնացի Երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժին, որտեղ փորձեցի բավարարել այն ցանկությունը, որն ինձ ձգում էր դեպի բեմ, սակայն մեկ տարի այնտեղ սովորելուց հետո որոշեցի դուրս գալ, հեռացա նաև համալսարանից (որտեղ փոխադրվում էի չորրորդ կուրս) և գնացի Թատերական ինստիտուտ։

- Ի՞նչ փոխվեց Թատերական գնալուց հետո։

-Երբ մտա Սոս Սարգսյանի արվեստանոց, որտեղ վարպետս Դավիթ Հակոբյանն է, սկսեցի չճանաչել ինձ։ Միայն այդ ժամանակ ինձ բացահայտեցի որպես Տաթև։ Ամենամեծ բացահայտումս այն էր, որ կարողանում եմ ինձ գտնել բեմի վրա, իմ մեջ գտա երկրորդ, երրորդ շերտ։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ավելի շատ շերտեր կգտնեմ, քանի որ յուրաքանչյուրի մեջ դրանք շատ են, պարզապես դրա համար պետք է այն միջավայրը, որն իրենցն է։ Փոխվեց նաև աշխարհը, քանի որ սկսեցի այն տեսնել ուրիշ, նույնիսկ գոյություն չունեցող գույներով։ Ես ամեն օր նոր բան եմ փնտրում, ու դա է իմ կյանքի իմաստը։

- Թատերական ինստիտուտի միջավայրն այլ է. ազատության առումով ընկալումներդ փոխվե՞լ են, թե ի սկզբանե ազատ էիր։

- Ես, ինչպես բոլոր երեխաները, ունեցել եմ կոմպլեքսներ, որոնք հաղթահարել եմ՝ մասնակցելով մի քանի նախագծերի։ Մասնակցել եմ նաև գեղեցկության մրցույթի, որտեղ արժանացել եմ «Միսս հմայք» տիտղոսին։ Դա այն ճանապարհն էր, որտեղ ես ազատվում էի բոլոր տեսակի կոմպլեքսներից։ Իհարկե, երբ արդեն հասունացա ու մտա այդ աշխարհ, հասկացա, որ լրիվ ուրիշ մարդ եմ։

-Այն ժամանակ կպատկերացնեի՞ր, որ ինչ-որ մի օր կնկարահանվես նաև բաց տեսարաններում, թե՞ ընկալումներդ փոխվեցին ոլորտ մտնելուց հետո։

- Անկեղծ ասած՝ երբեք չեմ մտածել այդ մասին, քանի որ երբեք չեմ մտածել, որ կնկարահանվեմ լուրջ ու կարևոր ֆիլմերում, կխաղամ այդ բաց տեսարանները։ Բեմում ես երբեք չեմ մտածում տեսարանի մասին, ես խաղում եմ այդ մարդու կյանքից ինչ-որ հատված և այդ պահին ես եմ դառնում այդ մարդը։ Երբեք չեմ մտածել, որ խաղում եմ բաց տեսարան։ Կարծում եմ՝ նման հուզիչ ֆիլմից հետո, երբ մարդիկ տեսնում են, որ խաղում ես անմնացորդ, նման հարց չի առաջանա։ Ինչո՞ւ դա կարող են անել ռուսական, հոլիվուդյան ֆիլմերում, իսկ Հայաստանում՝ չէ։ Եթե դու ներկայացնում ես պրոֆեսիոնալ խաղ, դժվար թե հանդիսատեսը չընկալի այն։

-Հարցազրույցներիցդ մեկում նշել ես, որ հայրդ դեմ էր դերասանական կարիերայիդ, իսկ ինչպե՞ս վերաբերվեց բաց տեսարաններին, որովհետև ամեն դեպքում, հայերիս համար դա խորթ է։

- Խստություն կա, բայց նա հասկանում է, որ դա աշխատանք է, և դերասանուհու ճանապաարհը դա է։ Դա իմ իրական կյանքը չէ։ Հայրիկս ոչ թե դեմ էր, այլ ուղղակի ուզում էր, որ իր աղջիկը սովորի համալսարանում։ Նա չէր հասկանում՝ ինչպե՞ս կարելի է այս ոլորտում ինչ-որ բանի հասնել, լինել կայացած դերասանուհի, իսկ տեսարանները երբեք խոսակցության թեմա չեն դարձել։ Բեմական ներկայացումներիցս հետո էլ նա կարծիք չէր հայտնում։ Եթե համբուրում է ու ասում՝ նորմալ է, դա ամենամեծ գնահատականնն է ինձ համար։ Ֆիլմից հետո էլ մայրիկիս ասել է՝ դե... նորմալ էր։ Ինձ համար դա ավելի մեծ նշանակություն ուներ, քան հազարավոր գովասանքները, որովհետև ես նրան խոստացել էի. ասել էի՝ թույլ տուր՝ գնամ Թատերական ինստիտուտ, ու դու կհպարտանաս ինձանով։ Ամեն օր տեսնելով իր թաքուն ժպիտը՝ հասկանում եմ, որ երևի ինչ-որ բանի հասնում եմ։

- Դեբյուտային ֆիլմ և գլխավոր դեր։ Ի՞նչ տվեց քեզ «Անավարտ թռիչքը»։

- Դա շատ պարտավորեցնող էր. ուսերիդ մեծ բեռ ես վերցնում: Երևի թե, հաղթահարեցի այդ ճանապարհը, թեև շատ մեծ դժվարություններով։ Բավականին դժվար է, երբ չես հասկանում՝ ինչպես աշխատես տեսախցիկների հետ։ Բայց պետք է նշեմ, որ հետո դա դառնում է մեծ  հաճույք։ Էական չէ, թե ես վաղն ինչ ֆիլմերում կլինեմ, «Անավարտ թռիչքը» կմնա որպես իմ փոքրիկ երեխա։)

- Ֆիլմից հետո ո՞րն է եղել ամենադիպուկ քննադատությունը, որը լսել ես։

- Քննադատություններ գրեթե չեն եղել։ Ես դեռ սպասում եմ, որ կհայտնվի մեկը, ով կանի լուրջ ու առողջ քննադատություն իմ խաղի վերաբերյալ։ Ես հաճախ կարդում եմ նաև մեկնաբանությունները, որոնք հիմնականում դրական ու շնորհակալական են, իսկ երբ ուղղակի գրում են, թե չեն դիտի ֆիլմը, որովհետև դերասանուհին տգեղ է, ինձ համար նշանակություն չունի։

- Միանգամից հայտնի դառնալը դրական վերաբերմունքի, հաճելի զգացողությունների հետ բերում է նաև «աստղային հիվանդություն»։ Ի՞նչն է փոխվել քո մեջ։

- Երբ քայլում եմ փողոցով, հաճելի  է տեսնել մարդկանց, ովքեր ինձ ժպտում են։ Ինձ գնահատված եմ զգում, ուղղակի ինձ համար խորթ են նույն հարցազրույցները։ Հայտնիությունն իմ մեջ ոչինչ չի փոխել, քանի որ ես շատ հեռու եմ «աստղային պատերազմներից»։ Իրականում ես չեմ համարում, որ կարևոր ինչ-որ բանի եմ հասել։

-Սերիալներում նկարահանվելու ցանկություն ունե՞ս։

- Ես չեմ ցանկանում նկարահանվել սերիալում, բայց դա չի նշանակում, որ սերիալը վատ է, ու ես երբևէ կարող եմ մեղադրել իմ հարազատ ընկերներին, ովքեր հայտնվում են էդտեղ։ Ուղղակի ես ինձ չեմ գտնում այնտեղ։

-Ի՞նչ գործունեություն ես ծավալում թատրոնում։ Միայն ուսանողական ներկայացումներո՞ւմ ես զբաղված։

-Բարեբախտաբար, թատրնում հայտնվելուց հետո ուսանողական ներկայացումներում խաղացել եմ այնպիսի դերեր, որոնք շատ կարևոր են դերասանուհու համար։ Այժմ պատրաստվում եմ միանգամից 3 պրեմիերայի։ Մարտի 31-ին կկայանա Մարկ Կամոլետտիի «Սիրային իրարանցում» ներկայացման պրեմիերան։ Պուշկինի «Пиковая дама» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման մեջ մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն՝ Լիզային։ Ի դեպ, այն վերանվանել ենք «Կազինո»։ Գոգոլի «Մեռած հոգիները» ներկայացման մեջ էլ եմ զբաղված։ Ռեժիսոր Գայանե Վարդանյանը վերցրել է նրա բոլոր գործերն ու միախառնել։ Ես և Ֆրիդա Յորքը խաղում ենք որպես Գոգոլ։

Այս տարի գործունեությունս շատ բուռն է։ Նրանք, ովքեր խաղացել են թատրոնում, կհասկանան, թե ինչ է նշանակում զբաղված լինել միանգամից 3 ներկայացման մեջ։

-Երիտասարդ դերասանուհու համար դժվա՞ր է ներկայանալ որպես տղամարդ։ Ռիսկային քայլ չէ՞ր։

-Եթե ռիսկի չդիմես, ոչնչի չես հասնի կյանքում։ Սա ռիսկային քայլ է, որը կդատի հանդիսատեսը։ Ընթացքը բավականին բարդ է. երկու աղջիկ նստում են իրար դիմաց ու պետք է իրար մեջ ոչ թե կնոջ տեսնեն, այլ տղամարդու։  Ո՞վ է ասել, որ դերասանուհին պետք է միայն կնոջ դերեր խաղա։

- Իսկ ամենամեծ բարդությունը ո՞րն է։

-Շարժուձևը, քայլվածքը, հայացքը, առավել ևս, որ արտաքինում ոչինչ չի փոխվում։ Արտաքնապես մենք երևում ենք որպես կին, բայց չպետք է ներկայանանք որպես կին։ Կարծում եմ՝ մեր թատրոնին պետք են նմանատիպ էքսպերիմենտներ։

- Ինչպիսի՞ն ես առօրյայում, ինչպես ես կազմակերպում ժամանցդ։

- Իմ ամբողջ ժամանցն անցնում է թատրոնում։ Այժմ ամենահաճելի ժամանցը մայրիկիս հետ նստելն ու անկեղծ զրուցելն է, որովհետև ամբողջ օրը զբաղված եմ լինում։ Թեև ուշ եմ տուն գնում, մայրիկս չի քնում, մինչև գնամ տուն, ու լսի իմ բողոքները, ուրախությունները... Ինչ վերաբերում է ակտիվ ժամանցին՝ 15-16 տարեկանում շատ էի սիրում գնալ, պարել, ուրախանալ, իսկ հիմա ինձ համար լավագույն ժամանցը գրքեր կարդալն ու բաց թողածս լրացնելն է։

- Իսկ այդ զբաղվածության մեջ անձնական կյանքդ չի՞ տուժում։ Ընտրյալ ունե՞ս։

Ես պատրաստ եմ ժամերով խոսել իմ գործունեությունից, բայց անձնական կյանքս փակ եմ պահում։ Ընտրյալ չունեմ, բայց եթե ունենամ էլ, չեմ հայտարարի այդ մասին։ Ինձ համար անընդունելի են նմանատիպ բաները։ Որպես ընթերցող՝ ինձ տհաճ է, երբ մարդիկ խոսում են իրենց անձնական կյանքի մասին։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ, մարդիկ կարող են դա քննարկել, սակայն ես չեմ սիրում խոսել այդ մասին

-Հայտնի ընկերներ ունե՞ս, ովքե՞ր են նրանք։

- Ֆրիդա Յորքը, Արփինե Իսրայելյանը։ Խաղընկերներդ էլ դառնում են հարազատ ու լավ ընկերներ, թեև ամենօրյա շփման ժամանակ չեք ունենում։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել