Նրանք, ովքեր ծառայել են սահմանապահ զորամասերում, շատ լավ գիտեն, թե ինչ են իրենցից ներկայացնում Նովրուզ Բայրամի օրերը. ծառայում էինք համար 1-ի տակ, գերլարված, գերզգոն, ավելի մարտական, ավելի քաջ ու արի…
Ակամայից հիշեցի ծառայությունս ԼՂՀ ՊԲ 5-րդ պաշտպանական շրջանում` Մարտակերտում:
Հիշեցի ու մտովի հետ վերադարձա 2000-2002թթ., հետ վերադարձա պոստեր…
Հիշեցի ծառայակից ընկերներիս` դասակիս զինվորներին ու սերժանտներին, հիշեցի իմ դասակի պաշտպանությանը հանձնված մարտական դիրքերն ու հենակետերը, հիշեցի խրամուղիները, բլինդաժները…
Հիշեցի վաշտիս հրամանատարին` Ռուդիկ Սարգսյանին՝ մեր կամանդիրին:
Տղե՛րք, շնորհակալ եմ ձեզ, որ օգնել եք ինձ 1,5 տարի միասին հսկել ու պաշտպանել մեր հայրենի սահմանները: 
Այն օրերի մեր ծառայությունը համեմատաբար խաղաղ էր, իսկ հիմա մեր պոստերում՝ անհամեմատ անհանգիստ է:
Թուրք ասկյարը գրոհում է մեր պոստերն ու մեր ախպերներին սպանում…
Գրում եմ այս տողերն ու ակամայից մտածում, որ այս վայրկյանններին, 12-13 տարի անց, իմ պոստերում Նովրուզ Բայրամի կապակցությամբ կրկին համար 1 է, ու մեր ախպերները գերլարված վիճակում դարանակալ ոսոխի անակնկալ հարձակմանն են սպասում:
Գիշերը կանցնի, ու թող Աստծո առավոտը բացվի առանց բոթի, առանց վատ լուրի… սահմանից:
Անփորձանք ծառայություն, ախպերնե՛ր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել