«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենախելացին» հեռուստանախագիծը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երիտասարդ սերնդի մեջ ևս կան շատ խելացի երեխաներ, ովքեր հետաքրքրված են ուսմամբ և չեն բավարարվում միայն դպրոցում ստացած գիտելիքներով։ BlogNews.am-ը զրուցել է առաջին հաղորդման հաղթող Շանթ Սարգսյանի հետ։
12-ամյա տղան սովորում է Էջմիածնի թիվ 4 դպրոցի 8-րդ դասարանում։ Նա պատմեց, որ «Ամենախելացինի» հայկական տարբերակի մասին առաջին անգամ իմացել է հեռուստատեսային գովազդից, ապա՝ դպրոցում և որոշել է մասնակցել։ Պատանին նշեց, որ նախնական 2 փուլ է անցել՝ 20 րոպեում պատասխանել է 40 հարցի, որից առնվազն 35-ին պետք է ճիշտ պատասխաներ՝ հաջորդ փուլ անցնելու համար, ապա բանավոր քննություն է անցել, որի ընթացքում ընտրել է «Հայաստան» թեման և պատասխանել զանազան հարցերի։ «Երբ զանգահարեցին և հայտնեցին, որ անցել եմ հեռուստատեսային փուլ, շատ ուրախացա»,- նշեց նա։
Մասնակցի խոսքով՝ հեռուստատեսային ինտելեկտուալ խաղերի մասնակցության փորձը նրան օգտեց, որպեսզի լարվածությունը համեմատաբար քիչ լիներ, չնայած անհանգստություն, այնուամենայնիվ, կար: «Ամեն ինչի մեջ էլ կա բարդություն, սակայն անհաղթահարելի ոչինչ չկա։ Նախագիծն էլ բարդ էր, սակայն կարողացա հաղթահարել»,- ընդգծեց Շանթը՝ հավելելով, որ իր համար մի փոքր ավելի բարդ էին երկրորդ փուլի արագությունն ու երրորդ փուլում իր գույնի թվերը հիշելը, սակայն դա էլ հաղթահարել է։
Շանթը պատմեց, որ ընկերները մեծ ոգևորությամբ են ընդունել իր հաղթանակը, դասարանում նրան անակնկալ է սպասվել՝ հուշանվերի տեսքով։
«Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ ինձ հրավիրեց իր մոտ և պատվոգիր հանձնեց ինձ և իմ դպրոցի տնօրենին։ Նա ևս մեծ ներդրում ունի այս ամենում, քանի որ կյանք է դնում դպրոցի մեջ և ամեն բան անում է, որ աշակերտները լավ սովորեն,- ասաց պատանին ու ավելացրեց,- Ես միշտ հետաքրքրություն ունեցել եմ ուսման նկատմամբ, սակայն այդ հարցում շատ մեծ է իմ ծնողների, ուսուցիչների ներդրումը։ Դպրոցի պահակից մինչև ուսմասվար իրենց ներդրումն ունեն այս հարցում։ Հաճախ, մենք կարող է չզգանք, թե այդ մարդկանցից ինչ օգուտ ենք ստանում, բայց այն կա։ Մեր դպրոցում շատ լավ ուսուցիչներ են հավաքված, յուրաքանչյուրին անհատական մոտեցում են ցուցաբերում, բոլորին ներգրավում են դասի մեջ։ Նրանց պատմած լրացուցիչ տեղեկություններն էլ ինձ օգնեցին այս խաղում։ Ունեմ հրաշալի դասղեկ, ով յուրաքանչյուր աշակերտից պահանջում է իր կարողությունների սահմաններում»։ Ըստ պատանու՝ իրեն չեն առանձնացնում՝ որպես լավ սովորողի։
Շանթը խոստովանում է, որ իր համար մի փոքր բարդ էր համաշխարհային գրականությունը, քանի որ դպրոցական ծրագրով մեկ-երկու հեղինակի են անցնում։ «Ես որոշ չափով կարդում, ուսումնասիրում եմ, բայց չեմ կարծում, որ դա բավական կլինի։ Օրինակ՝ նախորդ խաղին չգիտեի Դոն Կիխոտի սիրեցյալի անունը, սակայն առաջիկայում անպայման կարդալու եմ այդ ստեղծագործությունը»,- խոստացավ նա ու ավելացրեց, որ առավել սիրում է բնագիտական առարկաները՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, ինչպես նաև՝ հանրահաշիվ, աշխահագրություն, պատմություն։
Մասնագիտական ընտրության հարցում Շանթը վերջնական չի կողմնորոշվել։ Նրա առօրյա զբաղմունքները տարբեր են. զբաղվում է սպորտով, երաժշտությամբ՝ 3 տարի է, ինչ բասկետբոլի է գնում, նվագում է դաշնամուր, այժմ սովորում է երաժշտական դպրոցի 7-րդ դասարանում։ «Առօրյայիս մի մասն էլ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղն է զբաղեցնում. մասնակցում եմ քաղաքային և հանրապետական մրցույթներին։ Դպրոցում հաճախում եմ նաև ռոբոտաշինության խմբակ, որտեղ շատ հետաքրքիր խաղեր ենք պատրաստում։ Սիրում եմ ֆիլմեր դիտել ու գրքեր կարդալ։ Համակարգչային խաղերով առանձնապես հետաքրքրված չեմ։ Երբ ազատ ժամանակ եմ ունենում, զբոսնում եմ ընկերներիս հետ, հետաքրքիր քննարկումներ ենք ունենում միասին։ Ավելի հաճախ համակարգչով ինտելեկտուալ խաղեր եմ խաղում։ Գերադասում եմ բակային խաղեր՝ պահմտոցի, ֆուտբոլ, սակայն քիչ եմ ժամանակ ունենում դրանց համար։ Ավելի շատ ամռանն եմ խաղում բակում»,- նշեց Շանթը։
Անդրադառնալով ընկերական միջավայրին՝ պատանին ասաց, իր համար առաջնային չէ, որ ընկերներն էլ գերազանց սովորեն։ «Հաճելի է, երբ ընկերներդ ևս լավ են սովորում, քաջատեղյակ են ամեն ինչից, սակայն դա առաջնային չէ։ Ես ունեմ ընկեր, ով լավ չի սովորում, սակայն շատ լավ ֆուտբոլ է խաղում, հրաշալի նկարում է, աստվածատուր տաղանդ ունի։ Ամեն մարդ իր հետաքրքրություններն ունի»,- ասաց նա։ Ըստ Շանթի՝ ինքն էլ փորձում է օգնել թույլ աշակերտներին։
Պատանին նշեց, որ մարդիկ իրեն տեսնում, շնորհավորում են, ասում են, որ խելացի է, ինչից, իհարկե, լավ է զգում, սակայն դա չի նշանակում, որ ծրագիրն ավարտված է։ «Պետք է շարունակեմ աշխատել։ Արդեն հասկացել եմ, թե ինչի վրա պետք է ավելի շատ աշխատեմ։ Պետք է համաշխարհային գրականություն կարդամ, ավելի շատ օսկարակիր ֆիլմեր դիտեմ։ Կային նար հարցեր, որոնց պատասխանները գիտեի, բայց արագության մեջ շփոթվում էի, կարծում եմ՝ մյուս խաղին լարվածությունն շատ ավելի քիչ կլինի»,- եզրափակեց նա։
Ամալյա Հովհաննիսյան