Exclusive
«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ստեղծագործական անձնակազմն այս օրերին պատրաստվում է վերջին սերիայի նկարահանմանը։ Նախագծի ղեկավար, սցենարիստ Դիանա Գրիգորյանը BlogNews.am-ին հայտնեց, որ սցենարների բազմաթիվ տարբերակներ են ստացել, սակայն դեռ ընտրության փուլում են։
«Քանի որ կարևորում ենք հեռուստադիտողների կարծիքը, մի փոքր ուշանում է նաև վերջին սերիայի նկարահանումը։ Փորձում ենք ընտրել այնպիսի տարբերակ, որը տրամաբանական է և մոտ նաև մեր տարբերակին։ Ներկայացված տարբերակները շատ մոտ էին իրար, և որոշեցինք հաշվի առնել բոլորի կարծիքն ու կամքը։ Յուրաքանչյուր կերպարի դեպքում կընտրենք ամենահետաքրքիր տարբերակը»,- ասաց սցենարիստը։
«Ես ուրախ եմ, որ մեր հեռուստադիտողների մեծ մասը, այնուամենայնիվ, բարության կողմնակից է և ցանկանում է, որ ամեն բան բարի ավարտ ունենա։ Իհարկե, իրականության մեջ այդպես չի լինում, բայց շատ ուրախ եմ, որ իրենք ուզում են՝ բարին հաղթի, ինչպես հեքիաթներում»,- ասաց Դիանան։
Անդրադառնալով քննադատություններին, որոնք հաճախ հնչում են չարություն սերմանելու և երեխաների վրա բացասական ազդեցության առումով՝ նա ասաց. «Նախ՝ մենք սերիալը չենք մատուցում երեխաներին, գրված է «16+», ինչը նշանակում է արդեն ձևավորված, հասուն մարդ, ում մանկուց սովորեցրել են՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, որն է չար, որը՝ բարի։ 16 տարեկանից բարձր տարիքային խմբին վատ բան ներարկել չի ստացվի, քանի որ արդեն գործ ունես ձևավորված մարդու հետ»։
Դիանան նշեց, որ նույնիսկ հեքիաթներում, որոնց ընթերցողները երեխաներն են, ներկայացված է բարու և չարի պայքարը։ «Վերցնենք դասական օրինակ՝ ինչպե՞ս էին վարվում Մոխրոտի հետ։ Եթե մենք դրա հիման վրա սերիալ նկարենք, կասեն՝ էս ի՞նչ չար բաներ եք տալիս, բայց դա հեքիաթ է։ Յուրաքանչյուր գործում էլ կա չարություն, բացասական կերպար, որն ի վերջո պատժվում է։ Եթե դու չմատուցես չարը, մարդը չի իմանա, թե որն է բարին։ Դու երկու կողմն էլ տալիս ես, թե մարդը որն է ընտրում, դա արդեն իր էությունն է»,- ընդգծեց նա։
Սցենարիստն առայժմ չի բացահայտում, թե կոնկրետ երբ է լինելու հեռուստասերիալի վերջին սերիան, նա միայն հայտնեց, որ այն կնկարահանվի առաջիկա օրերին։
Ամալյա Հովհաննիսյան