Tert.am-ը գրում է.

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի 4-րդ խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե  Հայաստանում չի կայացել քաղաքական համակարգը, և լավ կառավարումն ու ժողովրդավարությունը դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունեն:

Ըստ նրա՝  Հայաստանում ընտրությունների հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: «Թեև հաղթողը կեղծված ընտրություններում է հաղթում»,-նշեց նա:

Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Եվրաինտեգրման պրոցեսները, իհարկե, ազդեցություն թողել են քաղաքական համակարգի վրա, բայց, ըստ նրա, այն բարեփոխումները, որ վաճառվում են Հայաստանի իշխանությունների վրա, լիարժեք չեն ու ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրում:

«Դա տեսնում ենք այն վճռորոշ պահերին, երբ Հայաստանը պետք է կատարի լուրջ քայլեր, օրինակ՝ Եվրաասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակ»,- ասաց նա:

Խուրշուդյանը հույս հայտնեց, որ գոնե Ռիգայում կայանալիք համաժողովի ժամանակ Հայաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

Նա խոսեց նաև այլ ոլորտներում եղած խնդիրների մասին. «Մտահոգություն են առաջացնում նաև կրթական համակարգի կուսակցականացումը, որն անընդունելի չափերի է հասել, որը չի համապատասխանում բոլոնյան համակարգի սկզբունքներին, մշակույթի մեջ հսկայական ազդեցություն է թողնում ռուսական համակարգի, մարդատյաց ու այլատյաց ազդեցությունը»:

Ի դեպ, Խուրշուդյանը եվրոպացիներին փոխանցեց, թե «Եվրանյուզին» շատ քիչ է հեռարձակման ժամանակ տրվում, փոխարենը ռուսական հեռուստաալիքների թիվն է աճել:

«Երիտասարդության շրջանում գործազրկությունը հասել է ահռելի չափերի ու երիտասարդներին է հատկապես հարվածում, ու դրա պատճառը տնտեսության օլիգարխացված լինելն է»,- ասաց նա։

Խուրշուդյանը նաև շեշտեց, որ եթե Արցախի անկախությունը ճանաչվեր, կունենայինք տարածաշրջանում երկրորդ պետությունը, որ կստորագրեր Ասոցացման համաձայնագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել