Ընթերցվածք` Բ Օր. 10.1-15, Հոբ 19.1-29, Ես. 45.1-13

Եսայու մարգարեության մեջ Կյուրոսին ուղղված խոսքը, թե «Ես քո անունով կանչեցի քեզ և ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, որ ես եմ Տեր Աստվածը, և չկա մեկ ուրիշը: Թող իմանան արևելքից ու արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա» (Ես. 45.4), շատ խոսուն է նաև ժամանակակիցներիս համար: 
Իրականում մենք շատ հաճախ ենք մեր կյանքում հաղորդակցվում, հանդիպում Աստծուն, սակայն ծանրացած մեղքերի բեռի ներքո, մեր հոգու կուրության պատճառով չենք կարողանում ճանաչել Նրան: 
Աստված կանչում է յուրաքանչյուրիս մեր անունով. մեկին` ուրախության պահին, մյուսին` տրտմության մեջ, մեկ ուրիշին` հերթական հաղթանակը տոնելիս, ոմանց էլ` պարտության և հուսահատության մեջ: Նա մշտապես տալիս է մեր անունը, սակայն, ցավոք, մենք չենք կարողանում ճանաչել Նրան ճշմարտապես, որովհետև փնտրում ենք Նրան երբեմն խորհրդավոր, երբեմն ծածուկ, իսկ հաճախ զորավոր թվացող երևույթների մեջ և բարձունքներում, մեզ համար այլ աստվածներ ենք արարում: Այնինչ, իրականում, Աստված անձնապես մեր և անկատարներիս միջև է, Իր կողմից կատարյալ և ներդաշնակ արարված աշխարհում և մարդու կողմից ապականված կյանքում: Ինչպես արքայությունը, Տիրոջ խոսքի համաձայն, չպիտի փնտրենք այլուր, քանզի մեր ներսում է, այնպես և Աստծուն այլուր չպիտի փնտրենք: 
Ավետարանի` փրկարար Իր վարդապետության Բարի Լուրի միջոցով Քրիստոս մեզ հուշում է, թե իրականում որտեղ է Նա և ինչպես կարող ենք հանդիպել Իրեն: Հիշենք հետևյալ խոսքը` «ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք` խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք» (Մատթ. 25.34-39): Ահա թե ինչպես Տիրոջ մասին հոգ տանելով կարող ենք արժանանալ մեզ համար պատրաստված երկնքի արքայությանը:
Քրիստոս իր հեղած արյամբ փրկագին վճարեց մեզ համար, որպեսզի այլևս մեր առջև պարզվի արքայություն տանող ճանապարհը, որպեսզի իրապես ազատ լինենք, ձերբազատվենք մեր մեղքերից և համարձակ քայլենք այդ նեղ և անձուկ, բայց և քաղցրաբեր ուղիով: Սակայն կամքը և որոշումը մերն է:
Պահեցողության այս շրջանին Աստված Եսայի մարգարեի միջոցով մեզ զգուշացնում է նաև, որ հեռու մնանք տրտունջներից: «Ես եմ Տերը, որ հաստատեցի քեզ որպես մի լավ բան, ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ: ...Մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել, թե` ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ: Վա¯յ նրան, որ իր հորը կասի, թե` ինչո՞ւ ծնեցիր ինձ, և մորը, թե` ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ» (Ես. 45.8-10): Ցավոք, մեզանում այդ ախտն ահագնանում է. տրտնջալու և դժգոհելու այդ հարամնա հոգեվիճակում մենք, իբրև անհատներ և նաև իբրև հասարակություն, պատրաստ ենք մեր ճանապարհին անխնա կերպով մերժել ամեն ինչ ` թե´ Աստծուն, թե´ մեր կյանքի սրբությունները, թե´ Հայրենիքը, թե´ մեր կողքին գտնվողներին և մինչև իսկ մեր անձերը: 
Վերափոխվենք, դադարենք այդպես ապրելուց և ճանաչելով միակ Աստծուն` մեր գործերով իսկապես ժառանգորդներ դառնանք մեզ համար պատրաստված արքայության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել