Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ՀՀ-ում կան ավելի քան 300 հազար աղքատության մեջ ապրող երեխաներ, որից ավելի քան 27 հազարը` ծայրահեղ աղքատության մեջ են...
Մի քանի տարի առաջ, երբ դեռ Կարմիր Խաչում կամավոր էի, ուղղակի կերպով առնչվեցի այս խնդրին: Գնում էինք հանրակացարաններ, այնտեղի երեխաներին օգնում դասերը պատրաստել, նկարում, խաղեր կազմակերպում... մի խոսքով, մի քանի ժամով նրանց կտրում էին փողոցից:
Պատկերը սարսափելի էր: Նախ նշեմ, որ բացակայում էին մարդավայել ապրելակերպի տարրական պայանները. բնակարանները, եթե դա կարելի էր բնակարան համարել, ավելի շատ բանտախուցի էին նման` կեղտոտ, նեղլիկ, գարշահոտ, կոտրված ապակիների պատուհաններով:
Բայց սա դեռ ոչինչ, ամբողջ հարցը այս պայմաններում մեծացող երեխաներն էին: Նրանցից շատերը (7-ից 13-14 տարեկան) արդեն դարձել էին <<Հանրակացարանի շեֆի>> կամակատարները, ով բավականին երիտասարդ մի տղա էր, միշտ հարբած ու աջ ու ձախ հայհոյելով ման էր գալիս ու նույնը ուսուցանում երեխաներին, ստիպում նրանց մուրացկանությամբ զբաղվել կամ գողանալ, որպեսզի ստանար իր օրական արկոհոլի չափաբաժինը:Իսկ այն երեխաները, ովքեր հրաժարվում էին ենթարկվել, ծեծի ու ծաղրի էին ենթարկվում:
Աղջիկ երեխաները մեծ մասամբ զբաղված էին տան հոգսերով, քանի որ նրանց վրա երեքից ավել քույր-եղբայրների խնամքը: Ծնողները, ինչպես հասկացա, մեծ մասամբ իրենց ապրուստը վաստակում էին մարմնավաճառությամբ, դրան էլ գումարած հաճախ ծեծի ենթարկում երեխաներին: 
Այլ կերպ ասած, սարսափելի վիճակ էր: Թվում էր, թե այն մի քանի ժամը, որ անցկացնում էի նրանց հետ լրիվ ուրիշ աշխարհ եմ տեղափոխվում, որից ստացած ծանր տպավորություններից դուրս գալու համար հետո օրեր էին պահանջվում:
Միակ բանը, որի համար շարունակում էի գնալ հանրակացարան, այն ուրախությունն ու հույսն էր, որ տեսնում էի երեխաների աչքերում ամեն անգամ, երբ հեռվից տեսնում էին մեզ ու <<Կարմիր Խաչը եկաաավ>> գոռալով վազում մեր կողմը: Նրանք նորմալ մարդկային շփման պահանջ ունեին, որ մի քանի ժամով գոնե (եթե ծնողները թույլ տաին իհարկե մեզ հետ շփվել) դուրս էին գալիս այդ ճահճից: 
Արդեն մի քանի տարի է անցել, ինչ չեմ գնացել հանրակացարան, բայց հիմա հույս ունեմ, որ գոնե նախկին պատկերը վերացած կլինի գոնե ինչ-որ չափով....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել