Exclusive

Հաղորդավար Լյով Բադալյանի՝ «Дом 2» մեկնելն ուղեկցվեց սկանդալային հրապարակումներով և քննարկումներով: Մոտ մեկ շաբաթ է, Լյովը վերադարձել է Հայաստան, թեև ավելի վաղ հույս էր հայտնել, որ «նախանձ, չկամ, չարացած, կոտրող ու ՀԱՅԻՆ ՔՑՈՂներով լի երկիր» վերադառնալու առիթ չի ունենա: BlogNews.am-ը Լյովի հետ նոր բացահայտումներով լի զրույց է ունեցել:


- Դու ասել էիր, որ «Дом 2»-ն այն եզակի հաղորդումներից է, որը տանել չես կարողանում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ մասնակցությունդ։

- Իրականում այդ նախագիծը ոչ սիրել եմ, ոչ սիրում եմ, ոչ էլ ինչ-որ մեկին խորհուրդ կտամ նայել, ուղղակի կար որոշակի պլան, հանուն որի իրականացման պատրաստ էի գնալ նույնիսկ այդ նախագիծ։ Ինչին ուզում էի հասնել, հասա, ու արդյունքը տեսանելի կլինի ավելի ուշ։ Այսինքն՝ ես ռիսկի դիմեցի, քանի որ ինձ համար այդ նախագծին մասնակցելը մեծ մինուս էր, բայց ես գնացի նույնիսկ այդ քայլին ու հասա նրան, ինչ ուզում էի։ Շատերը կարող են ասել՝ ինչո՞ւ գնաց այդ նախագիծ, բայց ես, որքան էլ կոպիտ հնչի, «թքած ունեմ» այդ կարծիքների վրա։ Կարևորը՝ ես ոչ մեկին չեմ վնասում։

- Իսկ ո՞րն էր նպատակդ։

- Այդ մասին խոսել չեմ ուզում, բայց կարող եմ վստահ ասել, որ պտուղները շուտով տեսանելի կլինեն։

- Կարելի՞ է ենթադրել, որ ինչ-որ կերպ փորձում էիր ծանոթություն հաստատել ռուսական շուկայում։

- Դա ավելի մոտ է իրականությանը։

- Ցանկություն ունեիր ուժերդ փորձել ռուսական հեռուստատեսությունում։ Նորությո՞ւն կա։

- Այդ մասին խոսել չեմ ուզում։

- «Дом 2»-ում  նախնական ի՞նչ փուլի ես մասնակցել, ի՞նչ փուլեր են անցնում մասնակիցները։

- Իրականում մասնակիցներից իմացա, որ դա բավականին բարդ պրոցես է, քանի որ  տարբեր օրեր պետք է գնաս ու տարբեր փուլեր անցնես։ Իմ պարագայում նրանք են ինձ գտել սոցցանցի միջոցով ու առաջարկել մասնակցել։ Ինքնաթիռի երկկողմանի տոմսերի գումարն էլ վճարվել է «Дом 2» նախագծի կողմից։ Ըստ պայմանագրի՝ ես պետք է մնայի այնտեղ առնվազն մեկ ամիս, քանի որ իմ կերպարն իրենց համար նորություն էր՝ մարդ, ով չի ծխում, չի խմում և չի հայհոյում, սակայն այդ տեսակ մարդկանց մեջ նրան «կուլ չեն տա», այսինքն՝ լինելով ճիշտ ապրող մարդ՝ միևնույն ժամանակ ես ուժեղ տեսակ եմ։ Իմ նպատակին հասնելուց հետո ես չէի ցանկանում մնալ այդ տեսակ մարդկանց մեջ, ու բախտս բերեց, քանի որ հիվանդացա, ու իրենք աչք փակեցին պայմանագրի վրա։ Նրանք հասկացան, որ կարող եմ բոլորին վարակել, քանի որ Օլեգն արդեն վարակվել էր։

-Փաստորեն, նախնական փուլ չես անցել։

- Ես ոչ մի փուլ չեմ անցել։ Հայաստանից գնացել եմ, ինքնաթիռից իջել եմ, ինձ դիմավորել են ու իրենց մեքենայով միանգամից տարել նախագիծ։ Ինձ համար տարօրինակ էր, որ ինձ նույնիսկ չեն ստուգել. գուցե ես վարակիչ ինչ-որ հիվանդություն ունեի։ Եթե ինձ չեն ստուգել, ենթադրվում է, որ մյուսներին էլ չեն ստուգել, դրա համար ինձ համար մի քիչ տհաճ էր օգտվել, օրինակ, սպասքից։

- Նախագծում ի՞նչն է մնում եթերից դուրս։

-Իրականում դա ոչ ոք չգիտի, քանի որ 24 ժամ նկարահանում են, ու մասնակիցներն ամեն բան անում են, որպեսզի միշտ լինեն թեմայի մեջ։ Ոչ ոք չգիտի, թե ինչն է եթերում տեղ գտնելու, դրա համար էլ մասնակիցներն ամեն կերպ փորձում են խոսել, շարժվել, կռվել, բամբասել։

-Ներքին խոհանոցում կա՞ր ինչ-որ բան, որն ավելի տպավորիչ ու նոր էր քեզ համար։

-Կա մի ձայն, որը բոլորս լսում էինք։ Երբեմն նա ինչ-որ բաներ էր թելադրում, բայց ոչ ոք դրա մասին չգիտեր։ Ռուսների մոտ տպավորություն կա, որ դա սցենարով նախագիծ է, և բոլորս դերեր ենք կատարում։ Իրականում կա մի ձայն, որը կարող է ստեղծել ինչ-որ իրավիճակ։ Օրինակ՝ կարող է ինչ-որ սենյակում ինձնից խոսեն, և ձայնն ասի՝ Լյով, գնա այսինչ սենյակ, ես գնամ ու լսեմ, թե իմ մասին ինչ են խոսում։ Այսինքն՝ իրենք ստեղծում են այդ սկանդալային իրավիճակը։

- Իրականում մասնակիցներն ի՞նչ հարաբերություններ ունեն իրար հետ, սեր կա՞, թե՞ դա ուղղակի նախագծում մնալու հնարավորություն է։

- Բնականաբար, սեր չկա։ Նախագծում կա մի մասնակից՝ Ալիանա Ուստինենկոն, ով  մոտ 2 տարի նախագծում է և ամենաբարձր վարձատրվող մասնակիցներից մեկն է՝ ամսական 150 հազար ռուբլիից ավելի է ստանում։ Իրականում նա ունի ամուսին, երեխա, սակայն դա նրան չի խանգարում ինտիմ հարաբերություններ ունենալ այլ մասնակիցների հետ։ Այսինքն՝ սեր չկա, ուղղակի էնտեղ մեկ ամսից ավելի մնացող մասնակիցներն արդեն գումար են վաստակում։

- Փաստորեն, դու այնտեղ գումար չես վաստակել, քանի որ մեկ ամսից էլ քիչ ես եղել նախագծում։

-Չէ։ Իմ պարագայում ես պետք է սկզբնական 60 հազար ռուբլիի փոխարեն ստանայի 110 հազար, քանի որ ինձ նրանք էին հրավիրել, սակայն ես դա չէի ուզում։ Ինձ համար շատ դժվար է այդ տեսակ մարդկանց հետ ապրել, առավել ևս, որ ես հասել էի իմ նպատակին։ Եթե դա լիներ շոու, ես գնայի տուն, իսկ էնտեղ անցկացնեի մի քանի ժամ, նախագծում կմնայի թեկուզ մի քանի տարի։

- Դու նախագիծ էիր գնացել Ալյոնա Վրաժևսկայայի սիրտը գրավելու, հետո հայտարարեցիր, որ նա ամենադատարկ աղջիկն է, ում երբևէ հանդիպել ես։ Եթե նա քեզ դրական պատասխան տար, կշարունակեի՞ր պնդել, որ նա դատարկ է։

- Միանշանակ կպնդեի։ Եթե նա ինձ ասեր հա, ես, որքան էլ կոպիտ հնչի, կշարունակեի խաղալ, մինչև իմ նպատակին հասնեի։ Ես հետո նրան չէի ցավացնի, որովհետև բոլորն են խաղում։ Նա այն մարդը չէր, ով ինձ կսիրեր։ Կարող էի թեկուզ այնպես անել, որ նա ինձ թողեր, բայց այն, որ նա դատարկ է, միանշանակ է։ Դա բոլորը գիտեն։ Նրան հետաքրքրում է միայն իր արտաքին տեսքը, ընդ որում՝ ոչ թե խնամված լինելը, այլ հնարավորինս արհեստական միջոցներ կիրառելը։ Աղջիկը կարող է լինել թիթիզ, բայց նա պետք է այլ կողմերն էլ նայի։

-Չե՞ս կարծում, որ ավելի կոռեկտ, արժանապատիվ, տղամարդկային (տարբեր մարդիկ տարբեր որակումներ են տալիս) կլիներ, եթե չբարձրաձայնեիր Անլյոնայի դատարկ լինելու մասին։ Տպավորություն ստեղծվեց, որ իրեն ցածրացնելով՝ փորձում էիր բարձրանալ։

-Չէ, դա իմ տեսակի մեջ չէ։ Իրականում եթե Ալյոնան լիներ հայ ու մասնակցեր հայկական նախագծի, ես դա չէի ասեի, որովհետև փոքրիկ պետություն է, ամեն մեկը մյուսին ճանաչում է, և  բառերը գուցե վնասեին, պիտակավորեին այդ աղջկան։ Սակայն երբ Ալյոնան արդեն 8 ամիս նախագծում է, և բոլորը նրան ճանաչում են որպես «պուստիշկա», ես ուղղակի հաստատեցի այն, ինչ բոլորն ասում էին նրա երեսին։ Ընդ որում՝ նա դրանից ցավ չի ապրում։

- Գուցե դու դա ասացիր, որովհետև նա չէ՞ր իմանա այդ մասին։ Հազիվ թե Ալյոնան հետևի հայկական լրատվամիջոցներին։

- Ես ռուսական կայքերից մեկին էլ եմ հարցազրույց տվել ու գրեթե նույն բաներն ասել։

-Նրա արձագանքն ինչպիսի՞ն էր։

- Նա դրանից հետո խնդրեց, որ իր նկարներից մեկը ֆոտոշոփ անեմ համացանցում տեղադրելու համար։ Նրա համար միևնույն է, թե իր մասին ինչ կխոսեն։ Իմ կարծիքով՝ կարևոր է, որ ես նրա հետևից չեմ խոսել։ Նախագծում էլ եմ դա ասել ու խորհուրդ տվել, որ սկսի կարդալ, թեկուզ ամսագրեր, որովհետև գրքերի համար իր դեպքում շատ վաղ է։

- Նախագիծ  գնալուցդ առաջ աղմուկ բարձրացավ, բայց վերադառնալուց լուռ էիր։ Ինչո՞ւ նախագծից դուրս մնալու մասին ևս չխոսեցիր։

- Ես մեծ աղմուկով չեմ գնացել։ Նկարներ եմ տեղադրել, ինչից հետո կապ են հաստատել ինձ հետ, և ես պատասխանել եմ հարցերի։ Ես ոչ մի տեղ չեմ գոռացել, որ գնում եմ, նույն կերպ վերադարաձել եմ։ Ուղղակի չէի ցանկանա վերադառնալ Հայաստան, քանի որ ինչ-որ չափով վիրավորված եմ։

- «Աստված տա՝ մոտս ամեն ինչ ստացվի, ու ես էլ էդ նախանձ, չկամ, չարացած, կոտրող ու ՀԱՅԻՆ ՔՑՈՂներով լի երկիր ոտ չդնեմ». քո խոսքերն են։ Այսքանից հետո Հայաստան վերադառնալդ ճի՞շտ էր։

- Բնականաբար այո, որովհետև եթե ես պիտակավորեի Հայաստանը, ասեի, որ չեմ վերադառնալու ու վերադառնայի, ծիծաղելի կլիներ, սակայն ես ասել եմ՝ երանի այնքան լավ լինի, որ չգամ։

- Փաստորեն՝ ստացվում է գործերդ այդքան վա՞տ էին, որ  վերադարձար «նախանձ, չկամ, չարացած, կոտրող ու ՀԱՅԻՆ ՔՑՈՂներով լի երկիր»։

-Իրականում այդքան վատ չէր։ Էստեղ ուրիշ խնդիր կար, որի մասին չեմ ուզում խոսել։ Թող մտածեն՝ չի ստացվել, վերադարձել եմ։ Իրականում այո, ես վերադարձել եմ մի երկիր, որտեղ կան չկամ մարդիկ, խոսքերիցս չեմ հրաժարվում։ Ես գոհ եմ, որ Հայաստանում եմ, դժգոհ եմ, որ այստեղ կա այդ տեսակը։ Պայքարելու ցանկություն չունեմ, որովհետև ոչ ոքի ոչինչ չեմ ուզում ապացուցել։ Ոչ հանձնվողի, ոչ հաղթողի դերում եմ։ Ես մշտական բնակության համար չեմ եկել: Տա Աստված, որ վերադառնամ այնտեղ, որտեղ կա հետաքրքիր առաջարկ։

Գիտեմ, որ այս հարցազրույցից հետո էլ 2 բանակ է լինելու. մարդիկ, ովքեր կասեն՝ ապրես, որ եկար, և մարդիկ, ովքեր  կասեն՝ արածդ ինչ էր, բան չստացվեց, հետ եկար։ Պատրաստ եմ ցանկացած մեկնաբանության:

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել