1426271385-3153«Ազատ Ձայն»-ը՝ armfvn.am-ը իր ընթերցողին է ներկայացնում գերմանացի նշանավոր արևելագետ և հայագետ պրոֆեսոր Յոզեֆ Մարկվարտի «Die Entshtehung und Wiederherstellung der Armenischen Nation» (Հայ ազգի վերականգնման հրատապությունը) գրքից մի հատված՝ երիտթուրքերի կողմից հայերի բնաջնջման ծրագրի, Գերմանիայի վարած քաղաքականության և այդ երկրի մամուլի հակահայ քայլերի մասին: Գիրքը տպագրվել է Բեռլինում 1919թ-ին: «… Նույնիսկ «Սահմանադրության» հռչակումից հետո օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր «երբ չեն լինի հայերը, չի լինի նաև հայկական հարցը»: Ադանայի ահավոր կոտորածը ցույց տվեց, որ երիտթուրքերը, որ այնքան տարօրինակ իրենց համար լիբերալների վարկ էին ստեղծել Եվրոպայի հասարակական կարծիքի ոլորտում, իրենց կամայական դաժանությամբ ոչնչով չէին զիջում մեծ մարդասպան Աբդուլ Համիդին:


1910թ-ին Սալոնիկում կայացած իր համագումարում «Միություն և առաջադիմություն» կոմիտեն ընդունել էր գաղտնի որոշում, որը հանգեցնում էր օսմանյան կայսրությունում թուրքերի ազգային միասնության ստեղծմանը այլացեղ տարրերին դուրս մղելու միջոցով: Բալկանյան պատերազմների շրջանում այդ ձգտումը խորացվում էր մեր համագերմանականների և գլխավոր շտաբի այն համակիրների հարաճուն աղմկոտ պահանջներով, որոնց կարծիքով Թուրքիան պետք է վերականգներ իր բանակի մարտունակությունը՝ նրանից հեռացնելով նախ և առաջ հայերին… Օսմանյան կառավարությունը, անտարակույս, դեռ այն ժամանակ մոտալուտ համաշխարհային պատերազմը առավել նպաստավոր պահ էր համարում վաղուց ի վեր փայփայած ծրագրի վերջնական կենսագործման համար:

Ջիհադը՝ ի պատիվ ալլահի սպանությունն ու կողոպուտը, մեղմ անվանված «սրբազան պատերազմը», որը Թուրքիան հռչակեց գերմանական կառավարության հրահրմամբ կամ, առնվազն, հավանությամբ, այդ սրբազան պատերազմը, որի հետ այստեղ այնքան մեծ հույսեր էին կապում, ունեցավ այն մեն մի հետևանքը, որ թուրքերին օգնեց իրականացնելու սպանությունների իրենց ծրագրերը՝ կազմակերպելու Արևելքի քրիստոնյաների, գլխավորապես հայերի գրեթե լիակատար բնաջնջումը: Այդ դիվային միջոցառումներն արդարացնելու համար, որ մուսուլմանները ձեռնարկեցին նվաճված ժողովրդի նկատմամբ, որի միակ մեղքն այն էր, որ չէր ցանկանում հրաժարվել իր ազգությունից, չէր ցանկանում ընդունել մահմեդականություն, գերմանական մամուլը զրպարտիչ հաղորդումների հեղեղ տեղաց գերմանացի քաղքենու վրա, որոնք բխում էին մասամբ թուրքական աղբյուրներից, մասամբ էլ նույն այդ մամուլի հերյուրանքներն էին:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել