BlogNews.am-ն իր ընթերցողերին հայտնել է, որ «Ֆուլ հաուս» սիթքոմի անձնակազմը պատրաստվում է մեկնել ԱՄՆ, որտեղ նրանք կներկայանան հումորային համարներով։ Համերգ-ներկայացումն ուղեկցվելու է Միհրան Ծառուկյանի կատարումներով, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացնելու է այն երգերը, որոնք ԱՄՆ-ում շատ են սիրվել։
«Կկատարեմ նաև նոր երգերս՝ «Մայրիկը», «Հայաստանը», որոնք շատ քիչ են հնչել, ևս մի նոր երգ կլինի, սակայն դեռ ընտրության փուլում եմ»,- ասաց Միհրանն ու հավելեց, որ երգացանկն ընտրել է Արմեն Պետրոսյանի՝ Մենչի և Էդգար Ալեքսանյանի հետ։
Երգչի փոխանցմամբ՝ իր ելույթները կուղեկցվեն պարային համարներով։ «Կներկայանամ Գրիգորի Ալոնսի «М dance» պարային խմբի հետ, քանի որ ԱՄՆ-ում միշտ նրանց հետ եմ աշխատել։ Կլինեն հետաքրքիր նոր բեմադրություններ։ Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մինչ մեկնելս վիդեոներով եմ շփվում նրանց հետ։ Համերգից մոտ 7 օր առաջ էնտեղ եմ լինելու ու «կենդանի» աշխատելու հնարավորություն էլ կունենաք»,- նշեց Միհրանը։
Անդրադառնալով ներկայացմանը՝ նա նշեց, որ դեռ չգիտի, թե ինչ է լինելու, քանի որ փորձերը դեռ չեն սկսվել։ Թեև Միհրանը սովոր է բեմին, որովհետև երգել է, սովոր է տեսախցիկին, որովհետև խաղացել է հեռուստանախագծերում, խոստովանում է, որ ներկայացման ձևաչափը բոլորովին այլ է։
«Ես միշտ երգով եմ ներկայացել. ինձ համար դրանք շատ տարբեր են, գուցե հադիսատեսի հետ շփումից հետո այդ հուզմունքն ու մտավախությունը մի փոքր անցնեն, բայց հիմա չեմ էլ պատկերացնում՝ ինչ է լինելու։ Ես խնդրել եմ շատ ակտիվ չլինել, քանի որ չունեմ այդ փորձը,- ասաց երգիչն ու հավելեց, որ փորձերը դեռ չեն սկսել։ -Նույնիսկ երգելու համար բեմ բարձրանալիս միշտ կա հուզմունք, իսկ որպես դերասան արդեն չեմ պատկերացնում՝ ինչպես կստացվի։ Մտավախություններ ունեմ նաև, թե հանդիսատեսն ինչպես կընդունի»։
Ըստ Միհրանի՝ բեմ բարձրանալիս միշտ հուզվում է, թեև այժմ ավելի քիչ, քան կարիերայի սկզբնական փուլում։ «Կարծում եմ՝ տարօրինակ կլիներ, եթե դա չլիներ»,- եզրափակեց երգիչը։
Ամալյա Հովհաննիսյան