Tert.am-ը գրում է.

«Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի և այդ  փոփոխությունների ճանապարհով պետք է գնալ, սակայն նախևառաջ՝ կարևոր է դրա ընդունման ձևը, ընդ որում՝ բովանդակային։ «Մեծամասնության մասնակցությունը գործընթացին՝ կանխորոշում է Սահմանադրության որակը, կանխորոշում է դրա  հետագա ազդեցությունը։ Նախ՝ սրա վերաբերյալ մենք պետք է երաշխիքներ ունենանք»,- նշեց նա և նկատեց, այն դեռ չունենք։

- Պարո՛ն Զեյնալյան, վերջին շրջանում քաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխություններից ելնելով՝ շատերը  հայտարարեցին, թե դա վկայում է այն մասին, որ կուսակցությունների ինստիտուտը կայացած չէ մեզանում։ Համակարծի՞ք եք։

-Կարելի է համաձայնել, այդ տեսակետի հետ, քանի որ, ըստ էության, քաղաքական հակառակորդն ուղղակի ոչնչացվեց, հեռացվեց քաղաքականությունից, ինչն անթույլատրելի է։ Ընդհանրապես, եթե ավելի հետ գնանք, այդ քաղաքական ուժի ստեղծման ակունքներ և փորձենք այս ամենը հասկանալ, շատ հեռու կգնանք։ Նախ՝ այդպիսի քաղաքական ուժի ստեղծումն ինքնին կոռուպցիա է,  քաղաքական ուժի լիդերին հեռացնելը կոռուպցիա է, հակաօրինական գործություններ են։ Իսկ այս ամենը գալիս է նրանից, որ Հայաստանում մամուլը, խոսքը, կամքն ազատ չէ, ընտրություններում մասնակիցների հավելումներ են անում, դրա համար էլ չի կայանում քաղաքական համակարգը։ 

-Իսկ սահմանադրական բարեփոխումները նման խնդիրների լուծում կարո՞ղ են դառնալ։

-Սահմանադրական փոփոխությունները և այդ գործընթացն ավելի գլոբալ առումով դրական ազդեցություն անշուշտ ունենում են՝ անկախ  նրանից ընդունվում է Սահմանադրությունը, թե չի ընդունվում։ Ինքնին սահմանադրական փոփոխությունների քննարկումները, բարձրացնում են իրազեկությունն ու իրավագիտակցությունը։ Նպատակները կարող ենք միայն ենթադրել, սակայն այն, որ սահմանադրական փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն, ես այդ տեսակետին եմ։

-Իսկ փոփոխությունների գնալու քննարկման այս փուլը՝ քաղաքական ուժերի ներգրավումը գործընթացում, Ձեզ բավարարո՞ւմ է։ Կարո՞ղ ենք մեկ քայլ առաջ համարել օրինակ՝ 2005թ-ին արված սահմանադրության փոփոխության հետ համեմատելով՝ հաշվի առնելով այն, որ նախորդ փոփոխություններն այդքան էլ քննարկման առիթ չդարձան, բայց հասարակությունն անիրազեկ գնաց և «այո» ասաց փոփոխություններին։ 

-Չգնաց և չընտրեց, ոչ թե գնաց և ընտրեց։ 2005թ-ի սահմանադրական փոփոխությունների ընտրություններին քվեարկությանը մարդ չմասնակցեց։ 

-Բայց ամեն դեպքում փոփոխություններ եղան, իսկ այս դեպքում իրազեկման մակարդակը ինչպե՞ս եք գնահատում։

-Պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, պետք է համեմատության մեջ դնեմ, որպեսզի օբյեկտիվ գնահատական տամ, համենայն դեպս ինձ համար։

-Իսկ կոնկրետ «Հանրապետություն» կուսակցությունն ինչո՞ւ չմասնակցեց Նախագահի հետ սահմանադրական բարեփոխումների հարցով հանդիպմանը։

- Որովհետև «Հանրապետություն» կուսակցությունը հրավեր չէր ստացել։ 

-Իսկ Դուք որևէ առաջարկ ունե՞ք նոր հայեցակարգում ընդգրկելու համար։

-Նախ մենք պետք է վստահ լինենք, որ արդար է լինելու այս ամենը։ Ես՝ որպես մասնագետ, որոշակի  առաջարկություններ արել եմ, որ այո՛, Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի, այո փոփոխությունների ճանապարհով պետք է գնալ, ոչ թե մեկնաբանությունների և ըստ այդմ էլ արել եմ որոշակի մասնագիտական առաջարկություններ, բայց Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է և առաջին հերթին ընդունման ձևը կարևոր նշանակություն ունի, բովանդակային նշանակություն ունի։ Մեծամասնության մասնակցությունը գործընթացին՝ կանխորոշում է Սահմանադրության որակը, կանխորոշում է դրա  հետագա ազդեցությունը։ Նախ՝ սրա վերաբերյալ մենք պետք է  երաշխիքներ ունենանք։

-Եվ նոր միայն անցնե՞նք բովանդակային մասին։

-Այո՛։

-Իսկ նման երաշխիքներ դեռ չունենք։

-Ո՛չ, դեռ չունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել