Մեր ազգի մեջ, չգիտես ինչու, ընդունված է, որ եթե դու տանջված, կյանքում շատ ցավ տեսած, տառապած մարդ ես ու հիմնականում «կնիկ», ուրեմն դու, այսպես ասած, «ՎԵՐՋ»-ն ես: Մարդկանց մեծ մասի մոտ, ցավոք, դժբախտ լինելը կյանքը հասարակության համար ընդունված ձևով ապրելու տարածված «անշառ» ու շատ խաղաղ տարբերակ է, իսկ երջանիկ լինելը կամ երջանկություն փնտրելը` շատ դեպքերում ամոթ բան է, պիտի խելոք ենթարկվես քո դժբախտությանը, որ անուն չկպցնեն, որ մարդիկ քո մասին ասեն` ինչքա՜ն տանջված մարդ է (սա կոչումի նման բան է), ասելուց հետո էլ կողքից մի երկու տարիքով կին գլուխ տմբտմբացնեն, հաստատեն ասվածը, ու վերջ, և ոչ մեկին հետաքրքիր էլ չի, թե էդ դժբախտությունն իրականում ինչքան է «նստում» մարդու վրա կամ լացն ինչի մեջ է խեղդում, էդ ամենը ոչ մեկի պետքը չէ:
Իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկը համարձակություն ունենա, փորձվի երջանիկ լինել ու չբավարարել մարդկանց պահանջները, չեն ների, շատ դաժան կլինեն «ինչքա՜ն տանջված մարդ է» ասողներն ու «տմբտմբացնողները», նրանք, ում սիրտն իրականում ոչ մեկի համար էլ չի ցավում, ու այս ամենից հետո վերջում հարց` իսկ ու՞մ է պետք, որ ներեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել