Դերասան ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանները, չնայած զբաղվածությանը, պարբերաբար նոր ֆոտոշարքեր են ունենում։ Այս առումով նրանց օգնում է աշխատանքի բնույթը։) Աշխատանքին զուգահեռ արված նոր ֆոտոշարքը զույգը տրամադրել է BlogNews.am-ին։

Մանոյի հետ զրուցեցինք զբաղված առօրյայի և ընտանիքի մասին։ Նրա խոսքով՝ որքան էլ զբաղված լինի, շաբաթվա ընթացքում գոնե մեկ օր երեխաներին է տրամադրում, բացի այդ, երբեմն երեխաներին տանում է աշխատավայր։) «Սարգիսն էլ, հնարավորության սահմաններում, փորձում է միանալ մեզ, սակայն նրա ժամանակն ավելի սուղ է։ Ամեն դեպքում, երբ շատ հետաքրքիր ինչ-որ բան ենք նախաձեռնում, աշխատում ենք երկուսով լինել։ Հաճախ եմ կարդում, որ հայտնի մարդկանց ընտանիքները միշտ անտեսված են եղել։ Մենք փորձում ենք այնպես անել, որ զբաղվածությունը չխանգարի երեխաներին»,- նշեց պարուհին։

Ըստ դերասանուհու՝ Սարգսի ուշադրության և սիրո պակաս չի զգում, սակայն երբեմն խանդելու առիթ է ունենում։  «Մենք միասին ենք աշխատում և շատ ժամանակ ենք միասին անցկացնում։ Երբ բոլորի համար հետաքրքիր, ռոմանտիկ բաներ ենք մտածում, գրում, ֆիլմեր ենք հավաքում, աշխատանքային բուռն ընթացքի ժամանակ ասում եմ՝ բայց ինչի իմ համար էլ նման բաներ չես անում։) Թեթևակի խանդում եմ, երբ Սարգիսը սկսում է ուրիշների համար նման բաներ շատ մտածել, ասում եմ՝ ինչու իմ համար էլ նման բաներ չես մտածում։)»,- նշեց դերասանուհին։

Այդուհանդերձ, Մանոն ուրախությամբ նշեց, որ չնայած զբաղված գրաֆիկին՝ Սարգիսը կարողանում է անակնկալներ մատուցել նաև իրենց ընտանիքին։ «Սովորաբար երբ հերթը հասնում է ընտանիքներին, նման բնագավառում աշխատող մարդիկ մի փոքր անտեսում են նրանց, սակայն ուրախ եմ, որ  մեզ մոտ այդպես չէ։ Օրինակ՝ երեկ մայրիկիս 60-ամյակն էր, ու երկու օրում շատ հետաքրքիր ֆիլմ հավաքեցինք, որտեղ ներկայացված էր նրա հարազատների սերն ու շնորհակալությունը՝ բոլոր անքուն գիշերների համար։ Բոլորը գիտեին, որ հատկապես վերջին  շաբաթվա ընթացքում շատ զբաղված էինք, և ոչ ոք մեզնից անակնկալ չէր սպասում»,- ասաց Մանոն։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել