{ Ուրեմն քանի որ տևական ժամանակ է, ինչ ուշի-ուշով հետևում ու ոչ միայն հետևում, այլևս կապ եմ պահպանում գենային ուսումնասիրություններ կատարող գիտնականների հետ, որոնց հետազոտությունների հիմնական թեման էթնիկ ծագումնաբանության, շփումների ու ձուլումների հարցն է, երևի թե շատերին կհետաքրքրի որոշ մանրամասներ։ 
Long story short սիրելի ընկերներ, վերջին տարվա ընթացքում երկու նման գիտական հրապարակում եղավ, որոնցում հայկական լեռնաշխարհն ու հայերն առանցքային տեղ էին զբաղեցնում։ Նրանցից առաջինում հայկական լեռնաշխարհն իր բնակիչներով մատնանշվում էր որպես հիմնական մեկնակետ ներկայիս եվրոպացիների նախահայրերի համար (ի դեպ, դրանք գալիս էին ապացուցելու, որ մենք՝ Կովկասի ազգերս, ավելի ուղիղ կապ ունենք եվրոպացիների նախահայրերի հետ, քան հենց իրենք՝ ներկայիս եվրոպացիները), իսկ վերջին երկրորդը, որը նվիրված էր հենց հայերին՝ որպես առանձին խմբի, պարզաբանվեցին որոշ գենային առանձնահատկություններ՝ կապված դրանցում մուտացիաների ու այլ խմբերի հետ շփումների առկայությամբ ու ժամանակագրական թվագրումներով։ Վերջին ուսումնասիրությունը լայն շրջանակներում հայտնի դարձավ «Մովսես Խորենացու» պատմության դրույթները հաստատող իր որոշ ապացույցներով։ 
Սակայն այս հետազոտություններից առաջինը կարծես թե գնում է դեպի վերանայում. ճիշտն ասած, չեմ կարող վստահ ասել, թե հենց նույն խմբի կողմից է վերանայվում, թե ոչ, սակայն փաստն է, որ որոշ շրջանակներ հակված են ապացույցներ փնտրելու եվրոպացիների նախահայրերի նախահայրենիքի տեղորոշմամբ Կովկասյան լեռներից դեպի հյուսիս։ Իսկ ահա ինչ երկրորդ ուսումնասիրության մասին, նրա շուրջ արձագանքը մեծ է, ու պատասխանատուներից Քրիս Սմիթ-Թեյլորն ինձ հավաստիացրեց, որ այն բերվում է վերջնական տեսքի ու պետք է հրապարակվի հեղինակավոր գիտական ամսագրերից մեկում։ Թե երբ ու որտեղ՝ դեռ հայտնի չէ, սակայն իմանալուն պես բոլոր հետաքրքրվողներին ես տեղյակ կպահեմ։ }

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել