Exclusive

Երգչուհի Արփին սպասում է իր առաջնեկին։ 2012 թվականին ամուսնացած Արփիի և թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանի առաջնեկը լույս աշխարհ կգա հուլիսին։ Երգչուհին մայրանալու մասին առաջին մանրամասները վստահել է BlogNews.am-ին։ Զույգն արդեն պարզել է փոքրիկի սեռը. նրանց տանն աղջկա ճիչ կլսվի։

«Իմ երազանքն էր աղջիկ երեխա ունենալ,- ասաց երգչուհին, ով արդեն որոշել է, թե ինչպես է անվանակոչելու դստերը։ -Ընտրել ենք Արևիկ անունը, քանի որ իմ անվան հոմանիշն է. մի տան մեջ երկու արև կլինեն։) Նաև՝ ամուսնուս տատիկի անունն է, ում նա շատ է սիրել։ Ես էլ, չնայած չեմ տեսել նրան, այնքան լավ բաներ եմ լսել, որ շատ մեծ հարգանքով եմ լցված նրա հանդեպ»։

Երգչուհին նշեց, որ այժմ մոր և մանկան խնամքի մասին գիրք է կարդում։ «Մի ալբոմ եմ նվեր ստացել, որը դեռ դատարկ է, թերթում եմ ու պատկերացնում իր նկարներով։ Փորձում եմ պատկերացնել, թե ինչպիսին կլինի։ Շատ հետաքրքիր զգացողություն է։ Ես էլ, ամուսինս էլ շատ զգացմունքային ենք ու շատ ենք հուզվում»,- անկեղծացավ երգչուհին։

Արփիի փոխանցմամբ՝ այժմ հաճախ Կոմիտաս է լսում և զգում է բալիկի ակտիվությունը։ «Բեմում երգելիս էլ զգում եմ իր ակտիվությունը։ Կարծես թե, հասկանում եմ, որ երգն է ավելի շատ սիրում, որը՝ ոչ»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ այս ընթացքում ձայնն ավելի է լավացել։

Երգչուհին նշեց, որ նոր՝ «Զեփյուռի նման» տեսահոլովակի նկարահանման ժամանակ փոքրիկն արդեն ներկա է եղել, սակայն ինքը չի իմացել այդ մասին։ «Երբ իմացա, որ բալիկի եմ սպասում, զգացողոթյուններս աննկարագրելի էին։ Առաջին երեք ամիսները, որոնք մի փոքր ծանր էին, համընկան Նոր տարվա ծանրաբեռնված շրջանի հետ, իսկ հիմա արդեն սկսվել են  երազելի ամիսները։ Այժմ շատ թեթև ու ակտիվ եմ։ Բեմում սկսում եմ թռվռալ, հետո հիշում եմ, որ պետք է զուսպ լինեմ շարժումներիս  մեջ։)»,- նշեց ապագա մայրիկը։

Երգչուհին դեռ չի սկսել գնումները փոքրիկի համար, քանի որ այդ ամենը կարող է անել նաև վերջին ամիսներին։ Ամեն դեպքում, մինչ սեռը ճշտելը ապագան ծնողները չեն համբերել և «բոդի» են գնել, որը համապատասխան է և՛ աղջկա, և՛ տղայի։

Ինչ վերաբերում է մայրանալուց հետո հնարավոր ստեղծագործական դադարին՝ նա ասաց, որ առայժմ չի կարող հստակ բան ասել, քանի որ ամեն ինչ կախված է այդ փուլում իր ինքնազգացողությունից, առողջական վիճակից։ «Ամեն դեպքում, «Hayway» խումբը երևի նոր երգչուհու կարիք կունենա, քանի որ ակումբային աշխատանքս կտուժի, իսկ կորպորատիվ միջոցառումների մասնակցել հավանաբար կհասցնեմ»,- եզրափակեց երգչուհին։

Ամալյա Հովհաննիսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել