Exclusive

Վերջին շրջանում բավականին ակտուալ են հայտնիների «պատերազմները» «Սոված խաղեր» հաղորդման շրջանակներում։ BlogNews.am-ը նախագծի հաղորդավար Հակոբ Հակոբյանի հետ զրուցել է այն ամենի մասին, ինչը մնում է եթերից դուրս։

««Սոված խաղերը» նորություն էր հեռուստադաշտում։ Այն լսարանին հետաքրքիր է և՛ նոր բաղադրատոմսերի, և՛ հայտնի մարդկանց՝ փորձություններ հաղթահարելու համար։ Այն հնարավորություն է տալիս ծիծաղել, սովորել, զարմանալ, զայրանալ։ Կարծում եմ՝ հեռուստատեսությունում կար այդ բացը»,- նկատեց հաղորդավարը, ում համար շատ հետաքրքիր է հաղորդման և՛ նկարահանման ընթացքը, և՛ եթերային տարբերակը։

«Երբեմն լինում են իրավիճակներ, երբ մտածում ենք, որ դա կարող է եթերային չլինել, սակայն հյուրերի արձագանքներն այնքան անկեղծ են, որ հեռարձակում ենք։ Հետաքրքիր  է նաև, որ հյուրերը հնարավորություն ունեն առանձին-առանձին խոսելու տեղի ունեցածի մասին. հաճախ նրանք շատ վրդովված են խոսում տեղի ունեցածի մասին։ Կան մարդիկ, ովքեր այնպես են տրամադրվում, կարծես սա կյանքի և մահու հարց է։ Լինում են նաև դեպքեր, երբ նախապես ասում են, որ չեն սիրում պարտվել, քանի որ միշտ հաղթող են ու վերջում հենց իրենք են պարտվում»,- նշեց Հակոբը։

Ըստ նրա՝ մասնակիցները հիմնականում մտածում են, որ ընթացքում շատ միավորներ հավաքելու դեպքում պետք է անպայման հաղթեն և սրտնեղում են, երբ խոհարարի վերջնական գնահատականը ստանալուց հետո պարտվում են։ «Ամեն դեպքում, այստեղ ամենակարևորը համն է»,- նշեց հաղորդավարն ու հայտնեց, որ պարտությունը «ծանր տանողների» թվում են եղել երգչուհի Սոնա Շահգելդյանը, դերասան Խորեն Աբրահամյանը, ում եթերը դեռ չի ցուցադրվել։

Հակոբի խոսքով՝ հայտնիները շատ անկանխատեսելի են։ «Շատ կոմպլեքսավորված և փակ դերասանը, ով երբեք չէր համաձայնի, որ իր գլխին ձու կոտրեն, հաղորդման ժամանակ կարող է համաձայնել դրան, որովհետև հակառակ դեպքում կարող է զրկվել գազօջախից, դանակներից կամ անհրաժեշտ այլ իրից։ Նրանք ամեն ինչ անում են, որովհետև ուզում են անպայման հաղթել»,- ասաց հաղորդավարն ու հավելեց, որ չի եղել դեպք, երբ որևէ մեկը հրաժարվել է փորձությունից։ «Երբեմն լինում է, որ նախատեսվածից քիչ են ուտում զզվելի կերակուրը, սակայն դա էլ բավական է, որ մի կես ժամ տանջվեն, որովհետև իսկապես շատ զզվելի բաներ են ուտում»,- նշեց նա ու հավաստիացրեց, որ կեղծիքների չեն դիմում, և հայտնիները լիարժեք անցնում են առաջադրված փորձությունները։

Անդրադառնալով «Оops»-ից հետո այս հաղորմանն անցելուն՝ Հակոբն ասաց, որ դա իր համար շատ բարդ էր, միևնույն ժամանակ՝ հաճելի։ «Ես միշտ մտածում էի, որ ինձ համար շատ հեշտ է լինելու անցումը, սակայն այն բավականին երկար տևեց։ Այն ժամանակ ես ասում էին այն, ինչ ինքս էի նախապես գրել, իսկ այս դեպքում հաղորդման ընթացքն անկանխատեսելի է։ Այստեղ աշխատում է մեծ թիմ, ներկայանում եմ որպես հաղորդավար, ով պետք է աշխատի միանգամից 4 հյուրի, 7 տեսախցիկի հետ,- նկատեց նա ու ավելացրեց,- ինձ համար, կարելի է ասել, որ անցումային էր «Բարտեր» հաղորդումը, որը նկարահանվում է ուղիղ եթերի ձևաչափով ու ենթադրում է շփում տարբեր մարդկանց հետ։ Այդ առումով այն հեշտացրեց դեպի «Սոված խաղեր» անցումային ճանապարհը»։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել