Exclusive

«Ֆուլ հաուս» սիթքոմի ստեղծագործական անձնակազմը պատրաստվում է մեկնել ԱՄՆ, որտեղ Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Արփինե Գաբրիելյանը, Գրիգոր Դանիելյանը, Մոսո Կարապետյանը, Մարջան Ավետիսյանը և Գարիկ Սեպխանյանը համերգ-ներկայացում կունենան, որը կվարի նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը։  BlogNews.am-ի հետ զրույցում Արմենն ասաց, որ հանդիսատեսը սիթքոմի սիրված հերոսներին կտեսնի նոր իրավիճակներում։

«Գրվել են նոր համարներ հատուկ Միացյալ Նահանգների համերգի համար։ Մարդիկ չեն տեսնի ինչ-որ բան, որը մինչ այս արդեն տեսել են։ Լինելու է մոտովորապես «7.5»-ի, «No comment»-ի ձևաչափի հումորային ներկայացում, որն ուղեկցվելու է Միհրան Ծառուկյանի երաժշտական կատարումներով»,- նկատեց Արմենը։ Նրա փոխանցմամբ՝ կմեկնեն տասն օրով, իսկ բացակայության շրջանի համար արդեն նկարահանել են նոր թողարկումները։

«Ֆուլ հաուսում» կան դերասաններ, ովքեր առաջին անգամ են ներկայանալու թատերական ձևաչափում, սակայն Արմենն ասաց, որ բարդություններ չունեն։ «Բոլորն էլ պրոֆեսիոնալ են՝ անկախ նրանից՝ առաջին անգա՞մ են բեմում, թե՞ ոչ։ Շատ քիչ մարդ կա, որ առաջին անգամ է բեմում։ Երևի թե միայն Անի Երանյանն է, ով պրոֆեսիոնալ դերասանուհի է, ուղղակի թատրոնում չի խաղացել։ Մյուսներն առնչություն ունեցել են բեմի հետ և բավականին մեծ փորձ ունեն։ Մտավախություններ չունենք»,- ասաց Արմենը։

Նրա խոսքով՝ առայժմ նախատեսվում է մեկ համերգ, սակայն այս պահին գրեթե տոմս չի մնացել։ «Շատ մեծ աշխուժություն կա, և հնարավոր է՝ լինի նաև երկրորդ համերգ, սակայն դա դեռ որոշված չէ։ Վերջնական որոշում կունենանք այս շաբաթվա ընթացքում,- ասաց պրոդյուսերն ու հայտնեց, որ առաջիկայում համերգը չի ցուցադրվի հեռուստատեսությամբ։ -Այս համերգը չի էլ նկարահանվելու։ Մենք ցանկություն ունենք համերգներ ունենալ նաև Ռուսաստանում, Եվրոպայում, իսկ հոկտեմբերին՝ Երևանում։ Եթե նույնիսկ ցուցարություն լինի, դա հավանաբար կլինի Նոր տարուն»,- եզրափակեց նախագծի պրոդյուսերը։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել