Ինչպես գիտենք` 2015 թ-ի հունվարի մեկից Հայաստանը մուտք է գործել Եվրասիական տնտեսական միություն: Շատերն ակնկալում էին, որ սույն համաձայնության պայմանագիրը կանդրադառնա նաև ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների վրա, և նրանց վրայից կհանվի այդ արգելքը:

Իրականում վերոգրյալ ենթադրությունը ճիշտ չէր: ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը միայն որոշ փոփոխություններ է մտցնում աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների ՌԴ-ում մնալու և աշխատելու կարգերում: 
ՌԴ մուտք գործելու արգելքներից խուսափելու և հետագա բոլոր խնդիրներից զերծ մնալու համար պետք է.

1. Այցի նպատակը նշել «աշխատանք»։

2. Հաշվառվել` ՌԴ-ում մուտք գործելուց հետո 30 օրյա ժամկետում: Հաշվառման համար գոյություն ունի 2 տարբերակ, այն է` ըստ բնակության, ըստ աշխատանքի վայրի։

3. Գտնել աշխատանք և կնքել պայմանագիր, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս միգրանտի ընտանիքին օրինական մնալ Ռուսաստանում: Այս պայմանագրի կնքման համար տրվում է 90-օրյա ժամկետ: Ավելին, վերը նշված պայմանագիրը հնարավորություն է տալիս դրա գործելու ժամանակահատվածում օրինական կերպով գտնվել ՌԴ-ում:

90 օրը հատելուն պես միգրանտը պետք է լքի Ռուսաստանը, քանի որ ցանկացած ավել օր ուղիղ կերպով ազդում է հետագայում մուտքի արգելքի ժամանակահատվածի վրա: Առանց պայմանագրի 90 օրից ավել գտնվելու դեպքում կիրառվում է հետևյալ պատժամիջոցները.

1. 180 օրվա դեպքում` 3 տարի արգելք

2. 270-ի դեպքում` 5 տարի

3. 270-ից ավելի դեպքում մինչև 10 տարի մուտքի արգելք

ՀՀ միգրացիոն ծառայություններն աշխատանքներ են տանում համեմատաբար փոքր խախտումներով մուտքի արգելքի արժանացած քաղաքացիների խնդիրը վերանայելու համար:

Հատկանշական է, որ առանձնացվել է մուտքի արգելքի հանման մի քանի հանգամանք.

1. Եթե տվյալ անձը ՌԴ-ում ապրող և ՌԴ գրանցում ունեցող անմիջական հարազատ ունի։

2. Եթե առկա է ընտանիքի վերամիավորման հարց։

3. Եթե անձն ունի ՌԴ-ում գտնվելու համար վավերական որևէ փաստաթուղթ։

4. Եթե Ռուսաստան է մեկնում ուսանելու կամ բուժվելու։

Վերանայման է ենթակա նաև մուտքի արգելք ունեցող 50-ից ավել տարիքից բարձր քաղաքացիների հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել