Դերասաններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը մոտ 1 տարի է, ինչ եթերում չեն։ Զույգն ունի իր սեփական բիզնեսը, ու խոսակցություններ կան, որ նրանք այլևս եթեր չեն վերադառնալու։ BlogNews.am-ը Նարբեի հետ զրուցել է լռության պատճառների, բիզնեսներն առանձնացնելուց հետո դերասան Սարգիս Գրիգորյանի հետ հարաբերությունների և ընտանեկան կյանքի մասին։
- Մոտ մեկ տարի է, ինչ եթերում չեք։ Ո՞րն է լռության պատճառը։
- Պատճառները մի քանիսն են։ Ժամանակավորապես դադար ենք առել, քանի որ ուզում ենք ժողովուրդը մեզ մոռանա որպես «Ընտանեկան պատմությունների» Նարբե ու Աստղիկ։ Մենք 9 տարի եթերում ենք եղել այդ կերպարով, ու հեռուստադիտողին ժամանակ է պետք մեզ մոռանալու համար։ Բացի այդ՝ այժմ զբաղված եմ բիզնեսով և ժամանակի խնդիր ունեմ։ Հեռուստատեսությունում ես զբաղվել եմ ոչ միայն հաղորդավարական, այլև կազմակերպչական բոլոր աշխատանքներով, ինչը շատ ժամանակատար է։ Աստղիկն էլ այժմ զբաղված է մեր փոքրիկի խնամքով։
- Ե՞րբ և ի՞նչ ձևաչափով եք նախատեսում վերադառնալ եթեր։
- Դեռ չգիտեմ, թե ինչ ձևաչափով կվերադառնանք եթեր, սակայն հստակ կարող եմ ասել, որ «ընտանեկանի» ձևաչափում այլևս չենք լինելու։ Ժամկետների մասին ևս խոսել այժմ չեմ կարող, առայժմ չեմ հասցնի համատեղել հեռուստատեսային աշխատանքն ու բիզնեսը։
- Դուք Ձեր բիզնեսը սկսել էիք դերասան Սարգիս Գրիգորյանի հետ, սակայն հետագայում առանձնանալու որոշում կայացրիք։ Պատճառների մասին երբեք չեք խոսել, ինչո՞ւ նման որոշում կայացրիք։
- Մենք 1 տարի աշխատեցինք միասին, որից հետո առանձնացանք։ Պատճառ որպես այդպիսին չկար։ Մենք հասուն մարդիկ ենք, ուղղակի որոշեցինք առանձին շարունակել մեր գործունեությունը։
- Հենց այնպես նման որոշումներ չեն կայացնում։ Այնուամենայնիվ, ի՞նչը ձեզ ստիպեց գալ այդ որոշմանը։
- Ոչ մի արատասովոր բան չի եղել։ Յուրաքանչյուր մարդ ունի իր զգացողությունը։ Ես այդ պահին զգացել եմ, որ դա ինձ պետք էր։
- Այժմ ի՞նչ հարաբերություններ ունեք Սարգսի հետ, շարունակո՞ւմ եք ընկերություն անել, շփվել։
- Շատ նորմալ բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Այն ժամանակ աշխատանքի բերումով ամբողջ օրը միասին էինք անցկացնում, իսկ հիմա կրկին աշխատանքի պատճառով չենք էլ կարող հաճախ շփվել, որովհետև երկուսս էլ շատ զբաղված ենք։
- Այսինքն՝ Ձեզ աշխատանքն էր մտերմացրել, ոչ թե ընկերներ էիք։
- Ուանողական տարիներին մենք ընկերություն չենք արել։ Մենք աշխատանքի պատճառով սկսեցինք շփումը, Սարգիսը վարել է մեր հարսանիքը, դրանից հետո ես նրանից բիզնես սկսելու առաջարկ ստացա և համաձայնեցի։
- Իսկ առանձնանալու որոշումն ո՞վ է կայացրել։
- Ես եմ արել այդ առաջարկը։
- Նախորդ տարին Ձեր ընտանիքի համար նշանավորվեց երեխայի ծննդով։ Մոնթեն արդեն 6 ամսական է։ Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում։
- Կարող եմ ասել, որ մեր երեխայի ծննդից հետո ամեն ինչ փոխվել է։ Դա լիարժեք կհասկանան միայն ծնողները։
- Ինչպիսի՞ երեխա է Մոնթեն։
- Շատ խելոք է։ Մենք միայն առաջին 40 օրն ենք զգացել, որ մեր տանը երեխա կա, քանի որ «գազիկների» ու այլ բաների պատճառով լացում էր։ Հիմա չենք կարողանում հասկանալ, որ տանը երեխա կա. ավելորդ ձայներ չենք լսում. նա իր ժամին արթնանում է, ուտում, երբ սոված է լինում, հասկացնում է, որ սոված է, երբ ուզում է քնել, հասկացնում է, որ ուզում է քնել։
- Այդ առումով Ձե՞զ է ավելի նման, թե՞ Աստղիկին։
- Կարծում եմ՝ և՛ արտաքինով, և՛ ներքինով ինձ ավելի նման է։
- Ինչպե՞ս եք ժամանցը կազմակերպում Մոնթեի համար։ Նրա համար ակտի՞վ, թե պասիվ առօրյա եք կազմակերպում։
- Մենք չենք խուսափում աղմկոտ միջավայրերից ու փոքր տարիքից ամեն տեղ էլ տանում ենք երեխային։ Տասն օրականում նրա հետ առևտրի կենտրոն ենք գնացել, 2 ամսական էր, արդեն ծնունդների էինք գնում։ Կարծում եմ՝ նա պետք է անի այն, ինչ բոլորը և այս տարիքից պետք է սովորի 21–րդ դարի տեմպին։
- Հասցնո՞ւմ եք նրան տրամադրել այնքան ժամանակ, որքան կցանկանայիք, թե՞ զբաղվածությունն իր «սև գործն» անում է։
- Ցավոք սրտի, բիզնեսն ինձնից շատ ժամանակ է խլում։ Դա բավականին պատասխանատու աշխատանք է։ Սա և՛ ստեղծագործական աշխատանք է, և՛ բիզնես, որոնք շատ ժամանակատար են ու խլում են ամբողջ էներգիադ, ու չես կարողանում ժամանակդ լիարժեք տնօրինել այնպես, ինչպես կցանկանայիր։
Ամալյա Հովհաննիսյան