Վախենալուց մարդու լեղին կտրվում է: Կաթը կտրվում, թթվում է: Լեղին կտրվում, քաղցրանում է:
Կախվողի պարանը կտրվում, կյանք է սեփականաշնորհում:
Ծառը կտրվում է, ավելանում են ջերմությունն ու շինարարությունը` ըստ հայեցողության:
Կտրվում են փոխհարաբերությունները, թշնամանքը սառեցվում է, երբեմն նվազում է, սերը դառնում է կարոտ, որ նվազում ու երբեմն զգեստավորվում է արդարացումներով:
Մտքի թելը կտրվում է, նոր միտք է ծնվում: Կյանքի թելը կտրվում է, նոր կյանք է ծագում:
Մազերը կտրվում են, առաջանում են զինվորական կամ հիվանդանոցային կացութաձևեր, եթե ոչ կալանքային ու մանկապատանեկան:
Կտրվում է հույսը, սկսվում է ինքնագործունեությունը կամ հարբեցողությունը:
Կտրվում է քիթը... որովհետև սուտ երդում է տվել կամ հավակնոտ ծրագիր է ցուցաբերել:
Կտրվում է ականջը` լսող չլինելու հետևանքով:
Կտրվում է ջուրը, որովհետև ավարտվել են անձրևային եղանակները:
Կտրվում է հոսանքը, որովհետև ուշացրել են թոշակը:
Կտրվում է քամին, որովհետև շարունակվում են փչոցները Ազգային ժողովում:
Կտրվում է սնունդը, որովհետև ժամն է սովաբուժության:
Կտրվում է երգը, որովհետև թանկացել է ձվի գինը: Կտրվում է ձվի կճեպը, քանզի լույս աշխարհ է գալիս արևածագն ավետող աքլորը...
Չի կտրվում մտահոգությունների շարանը. փոխանցում են ուրիշներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել