Երեկ տաքսու մեջ մի դեպք պատահեց, որ մինչեւ հիմա հիշողությունիցս դուրս չի գալիս: Ասենք, դեպք էլ չէր, խոսակցություն էր ուղղակի: Մի քանի հոգի էինք տաքսիում, ու ճանապարհն էլ շատ կարճ էր: Խոսակցությունը կարծես հենց  տաքսիստի դժգոհությունից  սկսվեց, որից հետո սկսեցինք խոսել էն մասին, որ Հայաստանում բոլորը դժգոհ են: Տաքսիստը առարկեց`բոլորը բացի մի քանի հարուստներից: Էդ մի քանիսն էլ են արդեն դժգոհ, ասում եմ, վտանգ են զգում: Չէ հա, ասում ա վարորդը, Նեմեց Ռուբոն էլ ա դժգո՞հ կյանքից, իրա համար ապրում ա: Նեմեց Ռուբոն ա իրա համար ապրո՞ւմ, ասում եմ, չգիտե՞ս ինչ պատմության մեջ ա խրվել: Գիտեմ, ասում ա տաքսիստը, բայց էդ ի՞նչ կապ ունի, հո իրա փողը դրանից չի քչացել: Փող ունի, կնիկ ունի, տուն ունի, էլ ի՞նչ ա պակաս: Իմ նման հացի խնդիր չունի, էլ ինչի՞ պետք ա դժգոհ լինի: Ոնց, ասում եմ, դու մտածում ես ով որ հացի խնդիր չունի, երջանի՞կ ա: Հա, ասում ա, եթե հացի խնդիր չունի, ինչի՞ պետք ա երջանիկ չլինի:

Այ քեզ բան: Չնայած` ինչի՞ եմ զարմանում, վարորդի ասածների մեջ տրամաբանություն կա: Հացի խնդիր լուծողի տրամաբանությունը: Ու ես իհարկե գիտեի որ հայաստանցիների մի ոչ փոքր մասը հենց էդ խնդիրն ա լուծում, ուրեմն էդ տրամաբանությունը պետք ա ունենա: Գիտենալը` գիտեի, բայց ոչ ոք էսքան պարզ ու հստակ, երկու նախադասությամբ, ինձ էդ  տրամաբանությունը չէր բացատրել:

Էդ տրամաբանությունից հետեւում ա, որ Հայաստանում հնարավոր ա մենակ մեկ տեսակի զանգվածային քաղաքական շարժում` սոցիալիստականը կամ ձախը: Բայց քիչ թե շատ ուժեղ նման քաղաքական ուժ` սոցիալիստական կամ ձախ, Հայաստանում չկա: Դրա համար էլ զանգվածային շարժում ստեղծելու միակ ռեալ ճանապարհը մինչեւ վերջերս  մնում էր խարիզման, խարիզմատիկ լիդերը: Բայց էդ ճանապարհն էլ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը օգտագործեց  ու փչացրեց:

Բա հիմա ի՞նչ ա լինելու: Չգիտեմ ինչ ա լինելու, բայց ես արդեն հաստատ գիտեմ որ զանգվածային քաղաքական շարժում Հայաստանում էսօր, ու մոտակա ապագայում, հնարավոր չի: Նրանք, որ հացի խնդիր չեն լուծում, բայց օլիգարխ էլ չեն, Հայաստանում էսօր փոքրամասնություն են իհարկե: Բայց եթե փոփոխություններ լինեն Հայաստանում` հենց էդ փոքրամասնության միջոցով են լինելու:

Ես գիտեմ, որ փոքրամասնություն եմ էսօր Հայաստանում: Հացի խնդիր չեմ լուծում, կյանքի որակի խնդիր եմ լուծում: Գիտեմ, ասածս կարող ա ցինիկ հնչի ոմանց ականջին, որոնք կասեն` մարդ կա սոված ա, իսկ դու կյանքի որակի խնդիր ես լուծում: Բայց ես կարծում եմ, ինչքան էլ պարադոքսալ թվա առաջին հայացքից, էսօրվա իշխանությունների հիմքը, ոչ վերջին հերթին, հենց հացի խնդիր լուծողներն են: Իսկ վտանգը հենց իմ նմանների մեջ ա` ուրիշ խնդիր լուծող փոքրամասնության: Լավ կլինի` մենք գիտակցենք մեր ուժն ու մեր պատասխանատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել