Նախօրեին նախագահի և քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև հանդիպումները, բացի այն, որ լայն քննարկման առիթ դարձան, այլ նաև հետաքրքիր միտում արձանագրեցին: Այն ուժերը, որոնք տարբեր բարձրության ամբիոններից հնչեցնում էին սահմանադրական բարեփոխումների անընդունելության մասին` դրսևորելով մերժողական կեցվածք, նեղացածի դիրք են ընդունել, որ հրավեր չի ուղարկվել, իսկ ոմանք էլ մեծ ձգտում են դրսևորում քննարկման հրավեր ստանալու համար: Սա ի միջիայլոց: Ուղղակի ֆիքսելու համար:

Այս իրավիճակում ստեղծվել է հնարավորություն, որպեսզի քաղաքական ուժերը, որոնք ունեն իրենց դիրքորոշումները, առաջարկությունները, քննադատություններն ուղղակիորեն արտահայտեն քննարկումների ընթացքում: Ուստի քննարկման արդյունքում է զարգացում և օպտիմալ լուծումներ ծնվում: Այդ իսկ պատճառով դեռ ժամանակ կա, որպեսզի քաղաքական ուժերն իրենց ավանդը ներդնեն երկրի մայր օրենքի բարեփոխման մեջ: Համատեղ արված աշխատանքը միշտ էլ դրական արդյունքներ է տալիս, եթե միտումը կառուցելն է, ոչ թե փչացնելը կամ դրա վրա միավորներ հավաքելը:

Որոշ կուսակցություններում քննարկումների ձևի (բովանդակության հետ չխառնել) նկատմամբ վերաբերմունքը կրկին հուշում է, որ ընդդիմադիրի էներգետիկան սպառվում է, երբ իշխանության հետ քաղաքավարի քննարկում է ծավալվում երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ:

Ավելի լավ է մասնակցել քննարկումներին, առաջ քաշել խնդիրներն ու ասելիքները, քան վերջում վեր կենալ բարձր դիրքերից ու քննադատել այս ամենը ու բնորոշումներ տալ` պիտակավորելով: Լուրջ վերաբերմունք է պետք ցուցաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել