«Խաղ իմ կանոններով» ֆիլմի՝ համացանցում հայտնվելուց հետո լայն տարածում գտավ ֆիլմից մի դրվագ, որտեղ դերասանուհի Անի Երանյանը ներկայանում է որպես ռաբիսի սիրահար ու երգում Թաթուլի երգը: Համացանցի թոփ թեման դարձած տեսանյութը ոմանց ծիծաղեցրել է, ոմանց նյարդայնացել, իսկ Անի Երանյանը BlogNews.am-ին ասաց, որ շատ է զարմացել այսպիսի բուռն արձագանքից: Նրա համար անակնկալ էր, որ այս դրվագն «առանձին կյանք» կունենա:

«Առողջ քննադատություններին շատ նորմալ եմ վերաբերում, սակայն ես մնում եմ այն կարծիքին, որ մեր հայ ազգը դեռ չի հասունացել այնքան, որ կինոն տարբերակի իրական կյանքից: Եթե ֆիլմը պահանջում է, որ ես երգեմ Թաթուլ Ավոյանի այդ երգն այդ տարբերակով, ես՝ որպես դերասանուհի, դա անում եմ: Եթե մարդկանց մոտ այն տպավորությունն է, որ ես այդքան լավ ռաբիս եմ երգում, ուրեմն այդ հաստածը ստացվել է,- նկատեց դերասանուհին ու հավելեց,- ես ինչքան էլ ուզեմ, հաստատ չեմ կարող Թաթուլից լավ երգել այդ երգը: Առհասարակ, ինչ վերաբերում է նմանատիպ երգերի հասցեին քննադատություններին՝ չեմ կարծում, որ մարդկանց ուրախ առիթներն անցնում են առանց նմանատիպ երգերի»:

Անին խոստովանում է, որ «Խաղ իմ կանոններով» ֆիլմում կան բավականին մեծ թերություններ, սակայն դերասանուհին չցանկացավ նշել դրանք: Ըստ նրա՝ հանդիսատեսը դրանց ուշադրություն չի դարձնում: «Ֆիլմը նորմալ էր կինոյից չհասկացող մարդկանց կամ նրանց համար, ովքեր ուշադրություն չեն դարձնում մանրունքներին: Ես մնում եմ իմ  կարծիքին, որ այն լավն էր այնքանով, որ ուներ լավ սցենար, կային լավ դերասաններ, բայց կային նաև թերություններ: Դա նորմալ էր, որովհետև մարդկանց առաջին աշխատանքն էր: Ամեն դեպքում՝ ֆիլմը բավականին սիրվեց»,- ասաց նա ու հավելեց, որ մեծ թվով դրական արձագանքներ է ստացել:

«Հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ այս ֆիլմի հաջողության առաջին գրավականն իմ ու Մովսեսի ներկայությունն էր այն պարզ պատճառով, որ մենք բաժանումից հետո խաղում էինք սիրահար զույգի, իսկ վերջում կար մի կտոր (նկատի ունի համբույրի տեսարանը, հեղ.), որի համար շատերը գնում էին դիտելու ֆիլմը»,- նշեց դերասանուհին: Անիի խոսքով՝ դա շատ հետաքրքիր PR քայլ էր պրոդյուսերների կողմից: Թե հանրությունը որքանով է դա անձնավորում, ըստ նրա, իրեն չի հետաքրքրում, ինքն այդ ամենին մոտենում է մասնագիտական տեսանկյունից:

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել