1914 թ Օսմանյան Թուրքիայում Էրզրումի տեղական Իթթիհատական ակումբի կողմից վաղուց արդեն հիմնված էր և գործում էր «Թուրք Գյուջի» կամ «Թուրքի ուժ» ընկերությունը, որի կազմում, ըստ Էրզրումի Ռուսական գլխավոր հյուպատոս Ադամովի՝ 1914 թ փետրվարի 15-ին Կ. Պոլսի դեսպանությանն ուղարկված նամակի, հունվար ամսի կեսերին ընկերության անդամների թիվը հասնում էր 200-ի, բոլորը տեղի ավազակներ և դադաշներ:
Ընկերության նախագահն էր Էրզրումի միջնաբերդի և ամրոցների նախկին տեսուչ Համդի փաշան:
Նրանց գաղափարախոսությունը հետևյալն էր՝ պատրաստ լինել ամեն պահի կանգնել թուրք զինվորի կողքին, այդ իսկ նպատակով նրանք ժամանակ առ ժամանակ զինավարժություններ էին անցկացնում քաղաքամերձ տարածքներում:
Բայց նրանց ամենակարևոր խնդիրը ներքին թշնամուն՝ «գյավուր հային» դաս տալն էր, որի մասին մինչև վերջ նրանք ծածուկ էին խոսում, իսկ եթե խոսում էին՝ միայն ու միայն օրենքի շրջանակներում:
«Թուրք Գյուջի» ընկերության նախագահը շտապում էր իր «զորքի» կամ ինչպես ինքն էր ասում՝ «քաղաքական միլիցիայի» անդամների թիվը հասցնել հազարի, որպեսզի դիմի Իթթիհատի տեղական գրասենյակին և նրա միջոցով կապվի եվրոպական զինավաճառների հետ և սկզբի համար 600-ից 1000 հրացան պատվիրի, իսկ հետո՝ ևս 4000 ատրճանակ՝ հետագայում «համալրված զորք»-ին զինելու համար:
Իհարկե, պարզ է, որ ատրճանակներով պատերազմ չեն գնում, և բոլորիս էլ հասկանալի է, թե ինչի համար էր այդ «Թուրք գյուջի»-ն, և ինչի համար էին հարկավոր 1000 հրացանն ու 4000 ատրճանակը. հայերի առաջիկա կոտորածին եռանդուն մասնակցություն ցուցաբերելու և «գործն» արագ ավարտին հասցնելու համար:
Ի դեպ, «Թուրք գյուջի»-ի առաջնորդները, մտահոգված լինելով զենքի համար պահանջվող դրամահավաքն էլ ավելի արագացնելով, ընկերության վերնախավը, որն անմիջականորեն ենթարկվում էր Իթթիհատի տեղական ակումբին, որոշեցին հասարակական և պետական ծառայության մեջ գտնվող անդամներից ամսական գանձել երկուական մեջիդե, իսկ արհեստավորներից՝ 5-ական ղուռուշ:
Սրանից պարզ երևում է, ընկերության շարքային անդամներն անգամ միջոցներ չէին խնայում զինվելու համար, բայց ոչ պատերազմ գնալու համար, պատերազմ գնացողին կառավարությունն է զինում:
Այսպիսով՝ Իթթիհատականները պատրաստվում էին զորքից բացի ժողովրդի դեմ հանել նաև փողոցային ավազակներին ու հանցագործներին, թեև մինչև վերջ պնդում էին, որ այն հիմնված է պատերազմի ժամանակ զորքին նեցուկ լինելու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել