Exclusive

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալը շուտով կավարտվի, իսկ վերջը կորոշեն հենց հեռուստադիտողները։ Մինչ ստեղծագործական կազմն ընդունում է սցենարի հավանական տարբերակները, BlogNews.am-ը ֆիլմի դերասաններից հետաքրքրվել է, թե ով ինչ վերջաբան կցանկանար տեսնել։ Նրանք բոլորը շեշտում էին, որ կանխատեսումներ անել չեն կարող, ասում են միայն իրենց ցանկությունները։) Հատկանշական է, որ գրեթե բոլոր դերասաններն անդրադարձան Կարպիչի կերպարին, թեև ցանկությունները տարբեր էին։)

Էմկայի դերակատար Լիկա Սալմանյանն ասաց, որ չի մտածել՝ ինչպես կցանկանար, որ վերջանար սերիալը, բայց հնարավորինս բարի վերջաբան է ուզում։) «Ինձ թվում է՝ իմ կերպարն ու Սպոն միասին կլինեն, քանի որ սերիալի շեշտն այդ կերպարների սիրո վրա է դրված»,- նշեց նա։ Կարպիչի կերպարի համար ճիշտ տարբերակը, ըստ նրա, ազատազրկվելն է։

Տանոյին մարմնավորող Արսեն Լևոնյանն ասաց, որ կցանկանար՝ ամեն բան հաշտ-համերաշխ ավարտվեր, ու մարդիկ չարացած չլինեին։ «Ուզում եմ հարաբերություններս կարգավորվեն եղբորս՝ Սպարտակի հետ։ Ուրախ եմ, որ պարզվեց՝ Վիտուսը ևս եղբայրս է, ուզում եմ, որ նա էլ իր հոր հետ բարիշի։ Ես անհանգստացած եմ Ֆրիկի համար. նա մանկությանս ընկերն է, ու ցանկանում եմ, որ հոր հետքերով չգնա։ Ինչ վերաբերում է Կարպիչին՝ ցանկանում եմ, որ նա ազատազրկվի, քանի որ հանցագործություն է արել»,- նշեց դերասանը։ Ինչ վերաբերում է իր հերոսի և Սաթենի հարաբերություններին՝ Արսենն ասաց, որ կցանկանար՝ նրանք միասին լինեին։

Ժենիի դերակատար Ժաննա Բուտուլյանը նախ նշեց, որ վերջաբանը հեռուստադիտողներին վստահելը շատ գեղեցիկ քայլ էր, քանի որ իրենք շատ շնորհակալ են իրենց հեռուստադիտողին։ «Որպես շնորհակալություն և հարգանք ցանկացել ենք հաշվի առնել իրենց կարծիքը։ Ինչ վերաբերում է բացասական կարծիքներին, թե հեղինակի երևակայությունը չի բավականացնում ավարտի համար, դրանք անհասկանալի են։ Ինչպես կարող է հեղինակի երևակայությունը 2 տարի աշխատել ու վերջում սպառվել, ուղղակի այդ մարդիկ երևի համարում են, որ իրավունք չունեն կարծիք հայտնելու»,- շեշտեց նա, ապա ներկայացրեց ավարտի իր տեսլականը։ «Իմ հերոսուհու հետ ամեն ինչ լավ է, սակայն ես շատ եմ անհանգստանում Կարպիչի ճակատագրի համար, քանի որ Ալբերտ Սաֆարյանը Հայաստանի առաջին դերասանն է, ու հաճույքով եմ նայում նրա խաղին։ Շատ եմ  ուզում, որ իր հետ ամեն բան լավ կլինի։ Ես եմ սիրում նաև նորահայտ կերպարին՝ Ալիկին, ու շատ կուզեմ, որ իր հարաբերությունները կարգավորվեն որդու՝ Վիտուսի հետ»,- ասաց Ժաննան։

Վիտուսին մարմնավորող Դավիթ Մարդյանը վերջաբանի մասին խոսելիս ասաց. «Մոտավոր վերջաբանն արդեն գիտեմ։ Չեմ ասում ամբողջությամբ, բայց այն, ինչը կարևոր էր իմ կերպարի համար ապրումների առումով, ինքն արդեն ապրել է։ Ինչ վերաբերում է մնացածին՝ ինձ ավելի հոգեհարազատ է մարդկանց ներելը, և ես կներեի հորս կերպարին։ Չգիտեմ՝ հեռուստադիտողներն ինչ են որոշել»։

Միշի դերակատար Սպարտակ Պատվականյանը  նշեց, որ «Հարազատ թշնամին» իր առաջին սերիալն էր, ու շատ շնորհակալ է Դիանա Գրիգորյանին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և կողքին լինելու համար։ Անդրադառնալով սերիալի ավարտին՝ Սպարտակն ասաց, որ անհանգստացած է Կարպիչի ճակատագրով։ «Ուզում եմ ուրախ վերջաբան լինի։ Կերպարս ինձ շատ հարազատ է դարձել, ու քանի որ հիմնական խաղընկերներս Ալբերտ Սաֆարյանն ու Լուիզա Ղամբարյանն են, շատ անհանգստացած եմ «պապայի» վիճակով։ Ուզում եմ, որ  իր հետ ամեն ինչ լավ լինի, նա հասկանա իր արածները, զղջա, իրեն ներեն ու վերադառնա ընտանիք։ Ինչ վերաբերում է իմ կերպարին՝ կուզեմ, որ նա չգնա առանձին ապրելու և իր մոր ու հոր հետ մնա իրենց տանը»,- ասաց նա։

Բաբիին մարմնավորող Տաթևիկ Ադումյանը համամիտ է սերիալային ամուսնու հետ :) Նա ուզում է, որ իրենք միանան, որովհետև երեխան պետք է ապրի լիարժեք ընտանիքում, և ապրեն Միշի հայրական ընտանիքի հետ։ «Բնականաբար, երջանիկ ավարտ եմ ուզում։ Չկա մի կերպար, որի ճակատագրով ավելի անհանգստացած եմ, որովհետև բոլորը հերոսներ են։ Ինչ վերաբերում է Կարպիչին՝ կուզեի իր պատիժը կրեր և ուղղվելու հնարավորություն ունենար։ Ընկած մարդուն չպետք է հարվածել, պետք է հնարավորություն տալ, որ ուղղվի»,- կարծում է Տաթևիկը։

Վարդի դերակատար Լուիզա Ղամբարյանը չցանկացավ նշել կոնկրետ ավարտ՝ ընդգծելով, որ իրեն երբեք չի ծանրաբեռնել այդ հարցով, որովհետև յուրաքանչյուր ոք պետք է իր աշխատանքն անի։ «Իմ աշխատանքն է այնտեղ դերասանական լավ խաղ ցույց տալ։ Վերջում կլինեմ որբևայրի, թե երջանիկ կին, դա իմ աշխատանքն է։ Որևէ սցենար չեմ ենթադրում»,- ասաց նա։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել