Սևանա լճի արևելյան ափին, Արտանիշ թերակղզու արևելյան կողմում, Արտանիշի ծոցի հյուսիսային ափին Ճամբարակ քաղաքից մոտ 12 կմ.հարավ, դեպի պատմական Ոսկիշար տանող ճանապարհին գտնվում է Արտանիշ բնակավայրը: Արտանուշ-Արտանիշը գտնվել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառում: Մեծ հայագետ, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը (1820-1901թթ.) գրում է, որ այդ գյուղը հնում հիշատակված չէ գրավոր ոչ մի աղբյուրներում, բայց միաժամանակ նկատում և նշում է, որ այս բնակավայրը հնչյունական տեսակետից ելնելով մոտենում և համընկնում է Հին Արփունջ գյուղանվան տեղադրության տարածքին: Հովհաննես Շահխաթունյանցը ներկայիս Արտանիշ գյուղի տարածքը հիշատակում է որպես Օրթանիշ անվամբ բնակավայր: Բնակավայրի մասին հիշատակում է նաև Սիմեոն Երևանցի Ամենայն Հայոց կաթողիկոսը (1710 +1763-1780թթ.) իր «Ջամբռ» արժեքավոր աշխատության մեջ:
Այս գյուղը հայտնի է նաև Օրրթանիչ, Արտվուճ, Արտավուջ, Արտավուն, Արտավուճ, Արտանույշ, Արտանուշ, Արտանիջ, Արտանուճ, Արտանիճ, Արդանիչ, Ադաթափա և Արդանիշ անվանումներով: Արտանուշ-Արտանիշում նշմարվում են նաև ուրարտական շրջանի որոշ հնությունների հետքեր: Վանի Արարատյան (Ուրարտու) թագավոր Ռուսա Երկրորդը (Ք.Ա.735-714թթ.) Ծովինարում թողած արձանագրության մեջ հիշատակում է դեպի Սևանա լճից արևելք ընկած երկրների իր նվաճումների և արշավանքների մասին, որտեղ տեղեկանում ենք, որ «Խալդյան զորությամբ տիրական Ռուսա Սարդուրորդին ասում է.-Ես այս երկրները մեկ արշավանքում նվաճեցի,ծառա դարձրի՝ Ադախու երկիրը, Վելեքուխե երկիրը, Լուերուխե երկիրը, Արկուկյան երկիրը,-չորս արքայի այս կողմից ծովային գավառում: Գուրկումելե երկիրը, Շանատուայան երկիրը, Թերիվիշայան երկիրը, Ռիշուայան երկիրը, Զուայան երկիրը, Արիայան երկիրը, Զամանե երկիրը, Երկիմայան երկիրը, Ելայան երկիրը, Երելթուայան երկիրը, Այդամանիու երկիրը, Գուրիայան երկիրը, Ալզերա երկիրը, Պիրուայան երկիրը, Շիլայան երկիրը, Վիդուայան երկիրը, Ատեզայան երկիրը, Երիայան երկիրը, Ազամերունե երկիրը, տասնինն արքայի այն կողմից ծովային գավառում՝ լեռնաշղթայի ստորոտում: Ընդամենը քսաներեք արքայի մեկ օրում (արշավանքում) նվաճեցի: Մարդ, կին դեպի Բիաինելե երկիրը քշեցի: Հարկային տարում եկա,կառուցեցի այս ամրոցները հենց այս երկրում.....): Գուրկումելե երկիրը և մյուս հիշատակված տասնութ ցեղապետությունները գտնվել են Սևանա լճից արևելք ընկած տարածքներում՝ընդհուպ Արտանիշի և հարակից ներկայիս բնակավայրերի տեղում:
Արտանիշ գյուղից ոչ հեռու կան հայկական երեք վաղ միջնադարյան երեք խոնարհված եկեղեցիների ավերակներ,իսկ գյուղի կենտրոնում պահպանվել և մեզ է հասել հին հայկական գերեզմանատունը: Բնակավայրի տապանատնից անդին ճանապարհին վեր է խոյանում մոտ 3 մ. բարձրություն ունեցող մի գեղեցիկ խաչքար: Արտանիշի արևմտյան բարձունքի հարավային լանջին պահպանված են առայսօր Արտանուշ-Արտանիշի հայկական Ավերակ բերդի մնացորդները և վերջինիս փլատակները: Բերդի հին բուն պատմական անվանումը և նրա պատմական ընթացքի վերաբերյալ տեղեկություններ դժբախտաբար մեզ չեն հասել: Սակայն ուշագրավ է, որ Արտանիշի շրջակայքում հայտնաբերվել են 1009թ. և 1216թ. թվագրվող երկու հայերեն վիմագիր արձանագրություն:
Արտանուշ-Արտանիշի տարածքում պեղված հուշարձանների մնացորդներից դատելով հստակ կերպով պարզվել է, որ միջնադարյան հայաբնակ այս գյուղը եղել է շատ մեծ,հոծ բնակչությամբ բնակավայր: Գյուղի զանազան մասերում դեռ առկա են բազմաթիվ խաչքարեր՝ շինված բնական սալաքարերից,ինչպես նաև բնակավայրի երկու հատվածներում գտնվող հին հայկական երկու տապանատների մնացորդների գոյությունը ևս խոսուն վկայություններ են հայկական հին գյուղի վերաբերյալ:
18-20-րդ դարի միջև 80-ական թվականների վերջերը այստեղ հաստատված օղուզ-թուրքմենական աղկոյունլու սունի խաշնարած ցեղերը իրենց տների պատերի մեջ որպես շինանյութ օգտագործել են գյուղի հայկական եկեղեցիների տաշած քարերի, հայերի ավերված կացարանների և տապանաքարերի պարունակությունը:
Արտանուշ-Արտանիշ բնակավայրից մոտ 3 կմ. հեռավորության վրա, լճափին Ալթի Սարայ կոչված բլրի վրա, պարսպափակ բակի ներսում դեռևս մնում և նշմարվում են ավերված հայկական եկեղեցու խուցերի ավերակներ: Այս եկեղեցու պատերը կառուցված են եղել անտաշ քարերով, իսկ ներսից սվաղած ու ւպատված են են եղել որմնանկարներով: Ներկայումս պահպանվել են եկեղեցու որմնանկարների հետքերը: Իսկ խոնարհված և ավերված աղոթատան պատերի մեջ և բակում ընկած են մի քանի խաչքարեր: Հողի հաստ շերտից ազատված և գտնված խաչքարի վրա նշված է«ՆԾԸ» տարեթիվը:
Արտանիշի արևելյան կողմում, բարձր բլրի գագաթին ավերված եկեղեցու և հարակից այլ շենքերի, ավերակների մնացորդների շուրջ հայտնաբերվել են մի քանի ջարդոտված խաչքարեր, որոնցից մեկի վրա՝ արձանագրության մեջ, նշված է«ՈԿԵ» թվականը:
Ալթի Սարայի խոնարհված եկեղեցու բակում ստորին մասում հայտնաբերվել է 1 տող նշում:-«ԹՎ.-ՆԾԸ» ( 1009 )թվական: Իսկ նշված կիսավեր եկեղեցու պատի մեջ մեկ այլ խաչքարի վրա ընթերցում ենք հետևյալ տողերը.
«-ԿԱՆԳՆԵՑԻ ԲԱՐԵԽԱԻՍ ՀՈԳՈՅ ԻՄ.ԱԾ.ՈՂՈՐՄԻ ԱՊԱՅ-ԷԻՆ»: Խաչքարի բեկորի վրա կա 1 տող հիշատակություն «ՍԱՐԳԻՍ»:
Գյուղի արևելյան կողմին, բլրի գագաթին, ավերված եկեղեցու գավթի մեջ, պատվանդանի մոտ ընկած է մի խաչքար, որը գանձախույզները փորել են մինչև պատվանդանի հիմքը և այդ խաչքարը տապալելով բաժանել են այն երեք մասի: Բարեբախտաբար, այս խաչքարի բոլոր մասերը գտնվում են տեղում և կառուցված են կարմրավուն տուֆից: Այս մեծ, գեղաքանդակ խաչքարի քիվին և նրա ստորին մասում առկա է շուրջ 9 տող արձանագրություն ուր հիշատակվում է հետևյալը.
«-ԹՎ. ՈԿԵ (1216).ՍԱՐԳԻՍ ԵՐԱՅՑ.ԵՍ ԱՂԲԷՐԻԿ, ՍԱՐԳԻՍ ՇԻՆԵՑԻ ԶՎԵՐԱՑՈՒՄՍ, ԿԱՆԳՆԵՑԻ ԽԱՉՍ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹ.Ն. ՅՈՎԱՆԻՆ. ԻՇԽԱՆՈՒԹԵ. ԻԻԱՆԻ և ՇԱՀԱՆՇԱՀԻ. ԵՍ ԱՂԲԷՐԻԿ ՏՎԻ ՄԻՆ ՋԵՂԱՑՆ....... ՆՈՑԻՆ, ԻՄ ԲԱԺՆԻՍ ԷՐ..»: Իսկ մի փոքր որմնախաչի վրա, նախորդ խաչքարի մոտ գտնվել է խիստ վնասված. ուռուցիկ տառերով մի արձանագրություն, որտեղ ասվում է «-ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱԻՍ ՀՈԳՈՅՍ ՓՐԿՈՒԹԵ.............ԵՀԱՆԻՍԻՆ........ ՔՈՐԵՊԻՍԿՈՊՈՍԷ»: Սեջուկ-թուրքերի տիրապետության ընթացքը Սոթք և Գեղարքունիք գավառներում կարճատև է եղել: Հայ-վրացական միացյալ զորքերը Զաքարյան զորավարների գլխավորությամբ ազատագրել են Գեղամա երկիրը սելջուկներից: Արդյունքում Սոթքի պատկան Արտանուշում ևս իշխանություն են հաստատում Զաքարյանները և նրանց ազգակից Դոփյանները:
1555թ. Ամասիայի և 1639թ, Կասր Ի Շիրինի պայմանագրերով ողջ Արևելյան Հայաստանի հետ Արտանուշ-Արտանիշը ևս մաս է կազմել Սեֆյան Պարկաստանի Երևանի խանության Գյոկչայի մահալի: 17-րդ դարի ավարտին և 18-րդ դարի սկզբներին Արտանիշը ամբողջությամբ հայաթափվել է: Բնիկ հայ բնակչությունը սպանվել կամ տեղահանվել է: Դեռևս1603-1604թթ. Արտանիշը ևս մասնակի ավիրվել է, իսկ բնակչության մի մասը ևս պարսից Շահ Աբասի կողմից (1587-1629թթ.) ենթարկվել է տեղահանությունների և սպանդի: Սակայն, այնուամենայնիվ, Արտանուշը պահպանեց իր հայկական դիմագիծը մինչև 18-րդ դարի սկիզբը: 18-րդ դարի սկզբներից մինչև 1828-30-ական սկզբները Արտանիշում և հարակից բոլոր բնակավայրերում հաստատվեցին քոչվոր թաթար հրոսակների խաշնարած ցեղերը: Թուրքմենչայի հայտնի պայմանագրով (1828թ.փետրվարի10 ) Արտանուշ-Արտանիշը ևս անցել է Ցարական Ռուսաստանի տիրապետության ներքո, ընգրկվելով Նոր Բայազետի վարչական կազմի մեջ: Հայաստանի խորհրդայնացումից հետո Արտանիշը մտել է Կրասնոսելսկի շրջանի շրջանի մեջ: 1988-1989թթ. Արտանիշի ադրբեջանցի (թաթար) բնակչությունը շրջակա գյուղերի հետ միասին տեղափոխվել են Ադրբեջան: Այստեղ և հարակից բնակավայրերում հաստատվել են Ադրբեջանից բռնագաղթված, փախստական, սպանդի և կոտորածների ենթարկված, մազապուրծ եղած և հրաշքով փրկված մեր հայրենակիցները: 1995 թ.դեկտեմբերի 4-ին Արտանիշը ևս ընգրկվել է Գեղարքունիքի վարչական մարզի կազմի մեջ: 2005թ. վերջին Արտանիշում տեղի ունեցել գյուղի նորակառույց մատուռի հանդիսավոր բացումը, որի խաչի օծումը կատարվել է Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Առաքել եպիսկոպոս (ներկայումս արքեպիսկոպոս) Քարամյանի ձեռամբ, մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մարկոս վարդապետ Հովհաննիսյանի (ներկայումս Գեղարքունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան): Մատուռը կրում է Սուրբ Հովհաննես Կարապետի (Մկրտչի) անունը: Գյուղի ներկայիս բնակչությունը կազմում է շուրջ 696 մարդ: Համայնքը ծովի մակարդակից բարձր է շուրջ 1975 մետրով: Արտանիշի թաթար (ադրբեջանցի) բնակչությունը 1831թ-ին կազմել է 119 մարդ, 1897թ. 788 մարդ, 1926թ. 1257, 1939թ. 1643, 1959թ. 1406, 1970թ. 2034, իսկ 1979թ.. 2037 մարդ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել