Exclusive

Օրերս «Արմենիա» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը մոտենում է իր ավարտին ու առաջարկեց հեռուստադիտողներին՝ ներկայացնել հանգուցալուծման սեփական տարբերակը: Այս հայտարարությունը սվիններով ընդունվեց, շատերը մեկնաբանում են, որ նախագծի ղեկավար, սցենարիստ Դիանա Գրիգորյանի երևակայություն սպառվել է: BlogNews.am-ն այս ամենի մասին զրուցել է Դիանայի հետ:

«500 սերիա գրելուց հետո շատ հեշտ է տրամաբանական հանգուցալուծումներ տալ, հետաքրքիր, բարի ձևով ավարտել սերիալը. ի վերջո, դու փակում ես բոլոր այն դռները, որոնք ինքդ ես բացել: Դժվարը 2 տարի այսպիսի վարկանիշ ապահովելն էր, ոչ թե վերջաբանը: Սա արվեց իբրև շնորհակալություն մեր հավատարիմ հեռռւստադիողներին, որոնց շնորհիվ «Հարազատ թշնամին» 2 տարի շարունակ եղել է բացարձակ առաջատար` համաձայն ռեյթինգները չափող ընկերությունների տվյալների: Մենք ցանկացանք լսել իրենց ցանկությունը, իմանալ, թե ինչպիսի ավարտ կցանկանային տեսնել այն հերոսների համար, որոնց կյանքին հետևել են 2 տարի: Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ այլ կողմից  նայեցին այս հարցին»,- ասաց Դիանան ու հավելեց, որ չի կարծում, թե իրենց հավատարիմ հեռուստադիտողն է այդպես  ընկալել խնդիրը:

Միաժամանակ սցենարիստը նշեց, որ հեգնական կարծիքներ հայտնողներն էլ են իրենց հեռուստադիտողները, հակառակ դեպքում նրանց ոչ թե չէր նյարդայնացնի, այլ պարզապես չէին իմանա, որ, օրինակ, հերոսներից մեկը նույն շապիկով է ներկայացել առաջին իսկ սերիայից: «Որտեղի՞ց է ծնվել այդ վրդովմունքը. իսկապես, չեմ կարողանում հասկանալ շնորհակալությանն այս կերպ վերաբերելուն,- ասաց նա  ու հավաստիացրեց, որ ինքը չի վրդովվում բացասական մեկնաբանություններից: -Նույնիսկ ուրախանում եմ վատ մեկնաբանություններից, որովհետև մարդիկ ինքնաարտահայտվելու հարթակ ստացան: Թող իրենց չարությունն այստեղ թափեն, թեկուզ ինձ վիրավորելով, իսկ իրենց շրջապատում չար չլինեն: Ես դրանից բացարձակ չեմ նեղվում, իրենք դուրս են թափում իրենց չարությունը,  ինչը ևս լավ է: Ուղղակի ամոթ է, որ մարդիկ այդքան չար լինեն: Չի կարելի այդքան չար լինել, իսկապես չի կարելի»:

Ըստ նրա՝ առհասարակ, յուրաքանչյուր երևույթի մասին խոսում են ավելի շատ վատը, քան լավը: Ինչ վերաբերում է այսօր արված հրապարակմանը, ըստ որի, Դիանան փչացնում է սերունդներին, գռեհկություն, ատելություն, թշնամություն սերմանում, սցենարիստն ասաց. «Թող ինձ ասեն՝ ինչո՞վ են սերունդները փչանում: Ախր իրականությունն ավելի զազրելի է: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ իրանությունը չի փչացնում սերնդին, բայց սերիալը կարող է փչացնել: Ես չեմ ժխտում, որ հեուստատեսությունը ներազդող հզոր ուժ է, սակայն այն տալիս է տարբեր ծրագրեր, յուրաքանչյուր մարդ ընտրում է այն, ինչ ուզում է դիտել»:

Սցենարիստի խոսքով՝ իրենց սերիալում ներկայացվում է մեծի հանդեպ հարգանքը, ինչն իրական կյանքում շատ է պակասել: «Մեր ֆիլմում բոլոր աղջիկներն այնքան բարոյական են, որ մինչև ամուսնանալը նույնիսկ հարաբերություն չեն ունենում իրենց ընտրյալի հետ, ինչն այսօր, կարծես թե, արդեն ծիծաղելի է դարձել, մեր ֆիլմում Տանոն այդքան  հարգում է մեծին, Սպոյի պես տղան քաշվում և վախենում է իր հորից, որն իրականության մեջ գուցե չտեսնենք: Ինչ վերաբերում է ատելություն, թշնամություն սերմանելուն՝ եթե ամեն բան այս կյանքում լինի հարթ, ինչի՞ մասին պետք է նկարեն ֆիլմերը: Կյանքը լի է ինտրիգներով: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են մարդկանց մոտ ավելի արմատավորվում բացասական կերպարները, ինչո՞ւ մարդիկ դրական կերպարներից չեն խոսում: Դրական կերպարները շատ հայեցի են խոսում, իսկ մարդկանց աչքը ծակում է Սպոյի ժարգոնը, բայց չէ՞ որ Սպոն այն կերպարն է, որ պետք է այդպես խոսի: Թեև նույնիսկ այդ դեպքում սահմանները չենք անցնում: Եթե մարդը լավատես է և հոգով գեղեցիկ, ամենամութ տեղում էլ գեղեցիկ մի բան կտեսնի, իսկ նրանք, ովքեր ի սկզբանե հեռու են գեղեցիկից, ամենալավի մեջ էլ չեն կարող դա տեսնել: Եթե ես սերիալից լավը վերցնելու լինեմ, կվեցնեմ, եթե ուզում եմ վատը տեսնել ու վերցնել, դա կվերցնեմ, որովհետև ներքուստ ես այդպիսին եմ»,- ընդգծեց Դիանան:

Անկախ արձագանքներից՝ նա շեշտեց, որ չի փոշմանել այս քայլի համար, քանի որ շատերը ներկայացրել են վերջաբանի գեղեցիկ տարնբերակներ: «Հիմնականում նույնատիպ կարծիքներ են, կուզեի, որ ավելի հետաքրքիր տարբերակներ լինեին: Սակայն ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց թանկ ժամանակը հատկացնում և ուղարկում են դրանք»,- եզրափակեց սցենարիստը: 

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել