Այսօր ՀՀ-ում Գարեգին Նժդեհ, Անդրանիկ Օզանյան, Սուրբ Վարդան Մամիկոնյան, Ծովակալ Իսակով, Մեսրոպ Մաշտոց և այլ շքանշաններ են ստանում այնպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն արժանի չեն դրան, այլև կրելով համապատասխան շքանշանը՝ անվանարկում և իջեցնում են նրա հարգիության աստիճանը՝ դարձնելով հասարակ մետաղ:
Օրինակ՝ Ազգային Ժողովի պատգամավորների շարքում կան այնպիսի մարդիկ, ովքեր կրում են վերը նշված շքանշանները, այն դեպքում, երբ Արցախյան Ազատամարտին մասնակցած բազում քաջեր ոչ միայն չպարգևատրվեցին որևէ շքանշանով, այլև մոռացվեցին: Ի՞նչ իրավունքով է կյանքում սահման չտեսած պատգամավորը կրում Անդրանիկ Օզանյան կամ Գարեգին Նժդեհ շքանշանը, ի՞նչ իրավունքով է Մեսրոպ Մաշտոց շքանշանը կրում գրական հայերենին լիարժեք չտիրապետող մարդը:

Այսպես չի կարելի, Արցախյան Ազատամարտում մարտնչող ֆիդային ու կյանքում Ազգային Ժողովի փայտյա ամբիոնից այն կողմ չգնացած «բարձրաձայն խոսողը», ընդ որում՝ միայն խոսողը, կրում են նույն շքանշանները, ի դեպ, ի բռնաբարումն արդարության՝ այդ սահման չտեսած, «բարձրաձայն խոսողն» իր կոճակի մեկ հարվածով որոշում է թշնամու ճակատին բազմաթիվ «պողպատե կոճակներ» խփած Ազատամարտիկի ապրելաձևը:
Անհասկանալի է, իշխանությունը Հերոսների՞ն է մակարդակով իջեցրել, թե՞ «բարձրաձայն խոսողներին» է հասցրել Հերոսների մակարդակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել