Երկամսյա դիտարկումներիս արդյունքում պարզվեց, որ ֆեյսբուքում գրաքննությունը կատարելագործվում է: Տարեսկզբից սկսած՝ «Նոթագրություններ» բաժնում զետեղված 3 հոդվածներիս նկատմամբ գրաքննության դրսևորման մասին արդեն գրել եմ ֆեյսբուքի պատին (3 հոդվածներ՝ ներքաղաքական թեմայով, «Նոթագրություններ» բաժնից անհետացան, և նրանց՝ արխիվից հայտնաբերումը հնարավոր եղավ միայն «գործողություններ» բաժնի միջոցով, որ բավականին աշխատատար պրոցես է, և իր մեջ ներառում է գործողությունների մի զգալի, երկարատև փուլով անցում՝ ժամանակագրւթյան ընթացքով): Իսկ երեկ էլ պարզվեց, որ քաղաքական թեմայով 3 հրապարակումներիս, պատին զետեղված, տարածումն արգելափակեց՝ դրանք 1-2 խմբի մեջ գցելուց հետո. երբ փորձում էի տարածել կամ վերատեղադրել էջիս, ռուսերեն գրություն էր հայտնվում, թե տվյալ նյութն իր մեջ պարունակում է «ոչ կոռեկտ» տարրեր, ուստի դրանց տարածումը չի թույլատրվում: Երկար-բարակ 3 նյութերս տնտղելուց հետո (որոնց թվում էր նաև «Մարտի 8-ը գաղափարական կանանց տոնն է»), եկա այն ենթադրության, որ հավանաբար, «ոչ կոռեկտ» կարող էին համարվել «քաղաքական բոմժ», «հորթային հրճվանք» և «քաղաքատգետ» արտահայտությունները: Ապշեցուցիչ է. ֆեյսբուքը հեղեղված է «ափաշկարա» հայհոյանքով, քաղաքական գործիչներին ու հայտնի դեմքերին պատկերող ամենախայտառակ ֆոտոշոփերով, նողկալի ու այլանդակ տեսարաններով, որոնք «ոչ կոռեկտ» չեն համարվում, քանի որ դրանց տարածումը փաստորեն եթե չի արգելվում, ուրեմն խրախուսվում է, բայց քաղաքական թեմայով որևէ նյութ՝ հայհոյախոսությունից զերծ, կարող է ինչ-ինչ ուժերի կողմից արգելափակվել: Նման բան երևի թե միայն Հայաստանում կլինի, երբ հայհոյանքը թույլատրվում է, ու ոմանք անգամ բոլ-բոլ գրանտներ են ստանում հայհոյելու համար, իսկ քննադատությունը, եթե այն քաղաքական դաշտից է, չի թույլատրվում: Ի դեպ, օրերս, երբ համացանցում տեղադրված մի քննադատական հոդված փորձեցի կարդալ, լինքը չբացեց, ինչն արդեն իսկ սովորական երւույթ է դարձել՝ որպես գրաքննության մեկ այլ տարատեսակ, երբ որևէ հոդվածի լինքը ֆեյսբուքում արգելափակվում է կամ «մթնեցվում»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1?fref=ts
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել