«Վիտամին» ակումբի երեկվա եթերը մեծ աժիոտաժ առաջացրեց։ Ասմունքող Լիանա Զուրաբյանի ելույթը, որը, ըստ նրա, մոնտաժվելու էր, հեռարձակվել էր եթեր։ BlogNews.am-ի հետ զրույցում Լիանան հայտնեց, որ փոխարենը մոնտաժվել էր իր ասմունքը։

«Քանի որ պետք է բարձրախոս բերեին, ես որոշեցի այդ պահն աշխուժացնել, հանդիսատեսին զբաղեցնել։ Դա չէին մոնտաժել, բայց կարծում եմ՝ վատ չէր։ Ես ինձ այնտեղ պահել եմ այնպես, ինչպես պահն էր  պահանջում։ «Վիտամինը» հումորային ակումբ է, և ես չէի կարող գնալ այնտեղ ու ասմունքել «Մարդ էլ կա, մարդ էլ». պետք է համահունչ լինեի։ Շոուն իմպրովիզային էր, իրենք զգացել են, որ դա շատ լավ էր, վիտամին էր և թողել են եթերում։ Ես իրենց դեմ ոչինչ չունեմ՝ չնայած կարծում էի, որ դա պետք է մոնտաժվի»,- ասաց Լիանան։

Անդրադառնալով երեկվանից թոփ թեմա դառնալուն ու շատ քննադատվելուն՝ նա ասաց, որ  հայերը սիրում են քննադատել։ «Բոլորին է հայտնի, որ ես ունեմ չուզողների մեծ բանակ՝ չստացված, չկայացած մարդիկ, այս ասպարեզի անհաջողակներն իմ դեմ լցված են։ Ակնհայտ է, որ ինձ նախանձում են, բայց կան նաև իմ երկրպագուների հակահարվածները։ Հասկացող մարդը գիտի՝ ինչ  է արվում և ինչու»,- կարծում է Լիանան։

 

Իր ելույթը «գռեհիկ» որակելու վերաբերյալ նա ասաց. ««Վիտամինի» եթերում ինչ ասես ասում են, այդքան գռեհիկ բաներ են ասում, ինչո՞ւ մի անգամ իրենց մի բան չեն ասում։ Ես այդ հաղորդման մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Վատ բան չեն տեսնում նաև այն մարդիկ, ովքեր հասկանում են ճիշտը, ունեն հումորի զգացում և գիտեն՝ որտեղ ինչ պետք է արվի։ Դա տեսնում են հոռետես, ձևական, նախանձ, չար, չկայացած մարդիկ արվեստի ասպարեզում և բանուգործ չունեցողները»։

Ինչ վերաբերում է այսօր համացանցում «Երևանն է խոսում» հաղորդման տարածվելուն, որտեղ ևս նրա պահվածքը քննադատությունների տեղիք է տվել, նա պատասխանեց, որ ցանկացած պահի ինչ-որ բան անում է իրավիճակին համաձայն։ «Ամեն տեղ գիտեմ, թե ինչ խոսեմ և չափից ավելի, «համը հանող» ոչինչ չեմ ասում»,- նշեց Լիանան։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել