Ու նորից նույն պատմությունը: Ու նորից պայքարը ներսում է: Թեղուտը կործանվում է ու նորից պայքարում ենք: Ու նորից «մենք»-ի ու «նրանց» կռիվ է: «Մենքն» ուզում է փրկել. այս անգամ բնությունը… «նրանք»-ը ուզում է կործանել. այս անգամ բնությունը:

Ինչպես նշում է Թռչկանի «փրկիչներից» մեկը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Արփինե Գալֆայանը, ներկայիս խմբի կազմակերպիչների մեջ կան բազմաթիվ բնապահպան եւ ոչ բնապահպան ակտիվիստներ: Խմբի մի մասը Թեղուտի պաշտպանության խմբից է, որը գործում է 2008 թվականից, սակայն պասիվացել էր վերջին տարում, մի մասը «թռչկանցիներն» են: Նաեւ միացել են նոր երիտասարդներ: Հիմնականում երիտասարդ մարդիկ են, ովքեր տարբեր մասնագիտությունների տեր են եւ ակտիվ են տարբեր ոլորտներում: «Արշավ-ակցիա դեպի Թեղուտ» նախաձեռնությունը Թեղուտը փրկելու այս տարվա թերեւս առաջին մեծ քայլերից է: Կարող եք միանալ եւ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ հետեւյալ էջում`

Վանաձորի ակտիվ երիտասարդները եւս միացել են խմբին: Միքայել Մխիթարյանը, ով «Խաղաղության Երկխոսություն» հկ-ի կամավոր է, միացել է Թեղուտի շարժմանը, մասնակցում է խմբի աշխատանքներին: Խմբի անդամներով արդեն եղել են տեղանքում՝ տեսնելու ներկայիս իրավիճակը: Թեղուտից վերադառնալուն պես հունվարի 6-ին հանդիպում են կազմակերպել տեղի ակտիվ երիտասարդների հետ: Ներկա էին տարբեր մասնագիտությունների եւ հետաքրքրությունների տեր երիտասարդներ. «ԽԵ» հկ-ի որոշ անդամներ ու կամավորներ, Որդան Կարմիր եւ Յան ռոք խմբերի ներկայացուցիչները: Հաջորդ քայլը` փողոցների անցումների մոտ «Դեպի Թեղուտ», «Թեղուտ շուտով», “Occupy Teghut” գրելն էր: Կոչերը տեղի բնակչությանը Թեղուտի մասին իրազեկելու համար են նախատեսված: Նախաձեռնության թերեւս ամենամեծ քայլերից մեկը կլինի արշավը դեպի Թեղուտ: 
«Հունվարի 15-ին կազմակերպվելիք արշավը ճանաչողական է: Մարդիկ իրենց աչքերով կտեսնեն, թե ինչ է կատարվում եւ ավելի լավ պատկերացում կկազմեն այս ամենի մասին: Սա նաեւ պայքարի մի մասն Է», - նշում է Միքայել Մխիթարյանը: Նախնական պայմանավորվածություն կա, որ արշավականները կմտնեն տարածք: «Փրկենք Թեղուտի անտառները, կանխարգելենք բնության դեմ կատարվող ոտնձգությունները եւ պահպանենք այն, ինչ մեզ է պատկանում», - կոչ է անում երիտասարդ բնապահպան ակտիվիստը, ով նաեւ Թռչկանի փրկիչներից մեկն էր: 

Թեղուտը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արեւելյան մասում: Այն ամենալավ պահպանված անտառային տարածքներից է Հայաստանում. ունի հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ` բույսերի` 200, կաթնասունների` 55, թռչունների` 86,  սողունների` 10 եւ երկկենցաղների` 4 տեսակ: Տեղանքում կան հնադարյան եւ միջնադարյան շուրջ 20 պատմամշակութային հուշարձաններ: Անտառին հարող տարածքում ապրում են Շնող եւ Թեղուտ գյուղերի բնակիչները (շուրջ 3600 բնակիչ): 
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը հայտնաբերվել է դեռ 1972 թվականին: Տարածքը պարունակում է 1.6 մլն տոննա պղինձ եւ շուրջ 100.000 տոննա մոլիբդեն: 
2000 թվականին հանքավայրի շահագործման արտոնություն տրվել է “Armenian Copper Program” ՓԲԸ-ին, որի բաժնետոմսերի 81% պատկանում է “Vallex” ընկերությանը (ընկերությունը գրանցված է Լիխտենշտեյնում, այլ հանրային տեղեկություն չկա ընկերության մասին), իսկ 19%-ը պատկանում է Ռուսաստանի մի քաղաքացու: 
Հանքարդյունաբերման նպատակով հատկացված տարածքը զբաղեցնում է 1491 հեկտար, որի 82%-ը ծածկված է անտառներով: Ծրագրով նախատեսված է հատել 357 հա անտառային տարածք (650 միջին չափի ֆուտբոլային դաշտ), սակայն Թեղուտի անտառային տարածքի հատումը կուղեկցվի նաեւ ջրային ռեսուրսների չորացմամբ ու հողի քայքայմամբ, ինչի արդյունքում իրականում կոչնչանա երկու անգամ ավելի մեծ տարածք: Փորձագետների կարծիքով անտառային տարածքների ոչնչացման ներկայիս տեմպերով երկիրը 50 տարվա ընթացքում կդառնա անապատ: 
Հանքարդյունաբերության հետեւանքով առաջանալու է 214 հա թունավոր թափոն (1000 հատ Կարապի լճի տարածք): Թունավոր նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարող է շարունակվել հազարավոր տարիներ, քանի որ այդ թույները չեն վերանում բնության մեջ:
Ընդամնեը 30.000 քառ. կմ տարածք ունեցող երկրի համար չափազանց վտանգավոր է հանքարդյունաբերությամբ զբաղվել այս մասշտաբներով, քանի որ վտանգի տակ են դրվում շրջակա միջավայրը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը; Ու, որ ամենակարեւորն է, վտանգի տակ է դրվում բնակչության առողջությունը: 
Կարեւոր փաստեր, որ մտածելու տեղիք են տալիս. 
Թեղուտում, որպես հանրային գերակա շահ, գյուղացիներից հողը գնել են 1քմ դիմաց վճարելով ընդամենը 38 դրամ: 
Թեղուտ գետը, որը վերանալու է հանքարդյունաբերական ծրագրի արդյունքում, գնահատվել է 170.000 դրամ, որը հաշվարկների համաձայն հավասար է գետում եղած ձկան շուկայական գնին:
Թեղուտի անտառի 1 խնձորենու արժեքը գնահատվել է 13.500 դրամ, 1 կաղնու արժեքը` 10.000 դրամ, 1 սոճին` 7.500 դրամ: Անտառին հասցված վնասը հաշվարկվել է վառելափայտի արժեքով, հաշվի չառնելով, որ անտառը էկոհամակարգ է: 
Իրականում ծրագիրն ընթանում է բազմաթիվ իրավախախտումներով: Ստորեւ ներկացված են մի քանիսը.
Բնական պաշարներն օգտագործվում են անարդյունավետ: 
Հանքից արդյունահանվում են միայն պղինձ եւ մոլիբդեն, սակայն տարածքը հարուստ է նաեւ այլ մետաղներով: Արդյունահանված նյութերը, որոնք ընկերությանը պետք չեն, պարզապես նետվելու են պոչամբար (տարածք, որտեղ հավաքվում են թունավոր թափոնները):
Ծրագրի հաշվարկները կատարվել են 1992թ. ձեռնարկով եւ 1984 թվականի գներով:
Հաշվի չի առնվել, որ տեղանքում կան Կարմիր Գրքում գրանցված բույսեր եւ կենդանիներ (6 բուսատեսակ եւ 26 կենդանատեսակ):
Օրենքով արգելվում է ցանկացած գործունեություն, որ վտանգում է Կարմիր Գրքում գրանցված տեսակների գոյությունը: 
   Հայկական մի շարք հկ-ներ փորձում են հասնել արդարության ու օրինականության: 2009 թ.- ին երեք հկ-ներ դիմել են ՀՀ վարչական դատարան, սակայն մերժվել են հայցվոր լինելու համար իրավաբանական ոչ ընդունելի կարգավիճակ ունենալու պատճառաբանությամբ: Դատարանի վճիռը 2010 թվականի ապրիլին բողոքարկվել է Հայաստանի վճռաբեկ դատարանում եւ ընթացքի մեջ է: 
2010 թվականի ապրիլին հայցադիմում ներկայացրած հկ-ները հաղորդագրություն են ուղարկել Ժնեւ` Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողով: Հաղորդագրությունում նշվել են Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտումները: Օրհուսի հանձնաժողովը արդեն 2010թ-ին որոշում է ընդունել, որ Հայաստանը ձախողել է կատարել կոնվենցիան, մասնավորապես, ապահովել հանրության մասնակցությունը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մասին որոշման կապակցությամբ: Հնարավոր է, որ ևս մեկ ձախողման որոշում լինի Օրհուսի կողմից, առ այն, որ արդարադատության մատչելիություն ևս չի ապահովվել Թեղուտի հարցում: Քանի որ, հայկական բնապահպանական կազմակերպություններին դատարանն այդպես էլ իրավազոր չճանաչեց հանրային շահը ներկայացնելու համար:
Չնայած այս ամենին, Թեղուտի հանքարդյունաբերության ծրագիրն արդեն ընթացքի մեջ է. հատվում է Թեղուտի անտառը, փոխվում են գետերի հուները, կառուցվում է թափոնավայր, հանքանյութի վերամշակման ֆաբրիկա և 2013թ.-ին ընկերությունը մտադիր է սկսել հանքարդյունաբերությունը: Ազդեցության գոտին շատ մեծ է. Թեղուտ, Լոռու մարզ, Վրաստան:
Պատրաստեց՝ Lu-ն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել