Երգչուհի Արմինկան, ով միշտ հետևում է նորաձևությանը և հայտնի է որպես Հայաստանի ամենաոճային երգչուհի, օրեր առաջ հնարավորություն է ունեցել մասնակցելու Միլանի նորաձևության շաբաթին։ BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ամերիկաբնակ ընկերուհին հրավիրված էր Միլանի նորաձևության շաբաթին և, իմանալով, որ ինքը նորաձևության մեծ սիրահար է, հրավիրել էր նաև իրեն։
Երգչուհին նշեց, որ առաջին անգամ էր այդպիսի նորաձևության այդպիսի ցուցադրության մասնակցում։ «Հրաշալի զգացողություն էր, տպավորություններս շատ վառ են, անբացատրելի։ Փոքր երեխայի պես ոգևորվել էի, որովհետև հայտնվել էի մի տեղ, որին ծանոթ էի վիրտուալ։ Առաջին անգամ միանգամից հայտնվեցի նորաձևության այդ մասշտաբի ցուցադրության՝ այն էլ՝ Միլանում։ Համաշխարհային նորաձևության և շոփինգի կենտրոններից այն առաջինն է ինձ համար»,- ասաց Արմինկան՝ հավելելով, որ ճանաչում է բոլորին և շատ ոգևորված էր այդ ոճաբաններին, մոդելներին, նորաձևության ամսագրերի խմբագրերին մեկ վայրում տեսնելով։ Նրա խոսքով՝ նույնիսկ ընկերուհին է զարմացել, որ բոլորին ճանաչում է անուններով, դեմքերով։ «Դա ինձ համար նույնն էր, որ հայտնվեի Հոլիվուդում «Օսկարի» կամ «Գրեմմիի» ժամանակ։ Այս դեպքում հայտնվել էի նորաձևության աստղերի մեջ»,- ոգևորությամբ հավելեց երգչուհին։
Արմինկան նշեց, որ նաև հետնաբեմ մտնելու հնարավորություն են ունեցել ու պատմեց, որ վերջերս «Ինստագրամում» գտել է համաշխարհային շոու բիզնեսի նորաձևության աշխարհում շատ հայտնի դիզայներ Էլի Միզրահիին, ում մասին բոլորն ասում են, որ ամբողջ Հոլիվուդի ընկերն է։ «Մտանք հետնաբեմ, առաջին մարդը, ում տեսա, Էլին էր, կանչեցի նրան, ասացի՝ կարո՞ղ եմ նկարվել քեզ հետ, համաձայնեց, հետո արդեն, երբ միայն ընկերուհուս էի նկարում, նա անընդհատ փորձում էր կադրում լինել և ժպտում էր»,- հիշեց երգչուհին։
Արմինկան մի փոքր ուշացել է նորաձևության շաբաթից և այնտեղ անցկացրել է 5 օր։ «Այն սկսվել էր փետրվարի 25-ին, սակայն ես միայն 27-ին կարողացա մեկնել։ Ամենից շատ ափսոսում եմ, որ Ֆենդիի և Պրադայի ցուցադրությանը չկարողացա գնալ, որովհետև դրանք մինչ այնտեղ հասնելս էին կայացել։ Մյուս լավ ցուցադրություններին եղել եմ։ Օրվա ընթացքում 10-15 ցուցադրություն կար, սակայն բոլորին ներկա լինել ֆիզիկապես հնարավոր չէր։ Օրվա մեջ մեզ թույլ էինք տալիս 3-4 ցուցադրություն»,- պատմեց երգչուհին։
Էմիլիո Պուչիի ցուցադրությունից շատ ոգևորված էի, քանի որ առաջին ցուցադրությունն էր, որտեղ հավաքված էին իմ ամենասիրելի բոլոր մոդելները, իսկ իմ ամենասիրելի դիզայներներից Ջիլ Սենդերի հավաքածուով հիացած եմ։ Ես և ընկերուհիս խոսում էինք, որ կհագնեինք ամբողջ հավաքածուն։ Էմիլիո Գուչիի հավաքածուն էլ շատ շքեղ էր»,- նկատեց Արմինկան, ով ոգեշնչված վերադարձել է։